Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Հայաստանում պատրաստվում են պատշաճ ընդունել Նովրուզի օրերին երկիր այցելող իրանցիներին

Հայաստանում պատրաստվում են պատշաճ ընդունել Նովրուզի օրերին երկիր այցելող 
իրանցիներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական գերատեսչությունները պատրաստվում են Նովրուզի օրերին պատշաճ դիմավորել իրանցի զբոսաշրջիկներին: «Արմենպրես»-ին Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացրեցին, որ կարևորելով հայ-իրանական համագործակցության ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաև` Նովրուզի օրերին Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմանների ապահովումը` այս տարի ևս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն գրությամբ խնդրել է ՀՀ վարչապետի հանձնարարականները: Ըստ դրանց՝ Նովրուզի օրերին Երևան - Մեղրի ավտոճանապարհի որոշակի հատվածներում՝ տեսանելի վայրերում, կապահովվի շարժական շտապ օգնության մեքենաների ծառայություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կապահովի Երևան- Մեղրի ավտոճանապարհի լուսավորությունն ու բարեկարգումը: Սահմանային անցման կետերում իրանցի զբոսաշրջիկներին կտրամադրվի Հայաստանի և Երևանի վերաբերյալ պարսկերեն ամսագրերի թարմացված տարբերակը: ՀՀ ոստիկանությունը կապահովի Երևան - Մեղրի ավտոճանապարհին ուժեղացված ճանապարհային հսկողություն:  Միաժամանակ, առաջարկվել է Երևանի քաղաքապետին` ապահովել Նովրուզի օրերին  Երևանի՝ Հանրապետության հրապարակի շատրվանների գործարկումը:

Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ վերջին տարիներին ակտիվություն է նկատվել Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ոլորտում: 2014 թվականից սկսած, 2017 թվականն էլ ներառյալ Իրանից Հայաստան այցելությունները դինամիկ կերպով աճել են: 2014 թվականին Իրանից Հայաստան եղել է 116 հազար 324 այցելու, 2015 թվականին՝ 144 հազար 160, 2016 թվականին՝ 188 հազար 851, 2017 թվականին՝ 220 հազար 147: Արդեն 2018 թվականին նվազում է գրանցվել, այցելուների թիվը կազմել է 160 հազար 645: Զբոսաշրջության կոմիտեից փոխանցում են, որ թվի նվազումը կապված է Իրանի տնտեսական վիճակի հետ:

Միաժամանակ պետք է նշել, որ Հայաստանում արդեն իսկ զբոսաշրջային սեզոնը երկարաձգվել է և ակտիվ զբոսաշրջային սեզոնը մեկնարկվում է մարտից՝ ապրիլ ամսվա փոխարեն, հիմնականում շնորհիվ Իրանից Հայաստան այցելությունների: Վերջիններս մարտին տոնում են իրենց ամանորը (Նովրուզը) և նախընտրում են այն անցկացնել Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև  զբոսաշրջության բնագավառում համագործակցության շրջանակում 2016թ. հունիսի 5-ին ստորագրվել է «ՀՀ և ԻԻՀ Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիր»-ը, որը վավերացվել է ՀՀ ԱԺ կողմից 2016թ. հունիսի 17-ին: 2016 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Համագործակցության շրջանակներում իրականացված միջոցառումներն ուղղված  են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը, երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների աճի ապահովմանը և ՀՀ և ԻԻՀ տարածաշրջանային զբոսաշրջային միասնական արդյունքի ձևավորման և միջազգային շուկայում պատշաճ ներկայացմանը: Մասնավորապես, իրականացվել է հայկական և իրանական զբոսաշրջային օպերատորների և մասնագիտացված լրագրողների համար ճանաչողական այցի կազմակերպում:       

Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ «EXPO GROUP» ընկերությունը 2019 թվականի ապրիլի 26-28-ը Երևանում նախատեսվում է  կազմակերպել  «InTour Expo 2019» 6-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը։ Հայաստան-Իրան պետական-մասնավոր ձևաչափով համագործակցության շրջանակներում`  պայմանավորվածության արդյունքում  այս տարի նույնպես հրավեր է պատրաստվում Իրանական կողմին մասնակցելու ցուցահանդեսին` տրամադրելով  անվճար տաղավար: 

Աննա Գզիրյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]