Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Տնտեսագիտական համալսարանն ու IDeA հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Տնտեսագիտական համալսարանն ու IDeA հիմնադրամը փոխըմբռնման հուշագիր են 
ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ)  տեղի է ունեցել Տնտեսագիտական համալսարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հուշագիրը ստորագրել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը և IDeA հիմնադրամի տնօրեն  Րաֆֆի Պաղճեանը: 

Համագործակցության հուշագիրը սահմանում է կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների ձեռնարկում՝ համատեղ հետազոտությունների իրականացում, IDeA հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպումներ ՀՊՏՀ ուսանողների և դասախոսների հետ, դասախոսությունների կազմակերպում IDeA հիմնադրամի գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ,  համատեղ կլոր սեղանների, գիտաժողովների, թեմատիկ սեմինարների, դատախաղերի և գիտագործնական միջոցառումների կազմակերպում, փոխայցելություններ, ուսանողների ընդգրկում հիմնադրամի տարբեր ձեռնարկներում, ծրագրերում, ՀՊՏՀ ուսանողների արտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպում IDeA հիմնադրամում,  աջակցություն ուսանողների աշխատանքի ներգրավման գործընթացին, ՀՊՏՀ ծրագրերի շրջանակներում IDeA հիմնադրամի մասնագետների ընդգրկում՝ որպես դասախոսներ, ինչպես նաև ՀՊՏՀ  պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավում IDeA հիմնադրամի միջոցառումներին:

«Սա մեզ համար շատ կարևոր միջոցառում է, որովհետև IDeA հիմնադրամը մեծ կշիռ և դերակատարում ունեցող կառույց է, և ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը զարգացման նոր հեռանկարներ կբացի թե՛ մեր ուսանողների, թե՛ դասախոսների համար: Ես կարծում եմ, որ մեր համալսարանի և IDeA հիմնադրամի առաքելությունները ինչ-որ իմաստով նույնն են, քանի որ մեր երկուսի նպատակն էլ Հայաստանը ավելի լավը դարձնելն է, և ամենքս մեր տեղում, մեր ծրագրերով ձգտում ենք այդ նպատակի իրականացմանը»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով հիմնադրամի ղեկավարին համագործակցության պատրաստակամության համար:

Ռուբեն Հայրապետյանը նաև հույս է հայտնել, որ այս համագործակցության արդյունքները շուտով տեսանելի կլինեն, քանի որ հուշագրով նախատեսված ծրագրերը կյանքի կոչելու համար Տնտեսագիտական համալսարանում ակտիվ աշխատանքներ կիրականացվեն:

IDeA հիմնադրամի տնօրեն  Րաֆֆի Պաղճեանն  իր ողջույնի խոսքում հատուկ կարևորել է տնտեսագետների դերակատարությունը Հայաստանի զարգացման գործում: «Մեծ նախագծերի, ծրագրերի իրականացումն ու դրանց հաջողությունը մեծապես պայմանավորված է ոչ միայն ծրագրերի փորձառու ղեկավարների, այլ բարձրակարգ տնտեսագետների մասնակցությամբ: Մենք ուրախ ենք համագործակցել ՀՊՏՀ-ի հետ և աջակցել, որպեսզի ապագա տնտեսագետներն ստանան անհրաժեշտ փորձն ու գիտելիքներն իրենց մասնագիտական նպատակներն իրականացնելու համար: Այս համագործակցությունը կարևոր է, և մենք վստահ ենք, որ խելացի տնտեսագետներն են կառուցելու Հայաստանի ապագան»,- ասաց Րաֆֆի Պաղճեանը:

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը նշել է, որ Տնտեսագիտական համալսարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի  միջև շուրջ 1 ամիս առաջ սկսվել է բանակցությունների փուլը, որը երկուստեք համագործակցության նոր հեռանկարներ է խոստանում մեր համալսարանի և՛ ուսանողների, և՛ պրոֆեսորադասախոսական կազմի համար: Նրա խոսքով՝ համագործակցությունը մի շարք ուղղություններով է և ներառում է տարբեր ծրագրերի իրագործում:

Հանդիսավոր արարողությունից հետո IDeA հիմնադրամի արտաքին հարաբերությունների գծով ղեկավար Արմեն Մինասյանը հանդես է եկել հիմնադրամի առաքելության և ծրագրերի մասին շնորհանդեսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]