Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արհեստական բանականությունը կվերլուծի Հայաստանի վերաբերյալ բոլոր գրառումներն ու վեր կհանի զբոսաշրջության ոլորտի դրական և բացասական երևույթները

Արհեստական բանականությունը կվերլուծի Հայաստանի վերաբերյալ բոլոր 
գրառումներն ու վեր կհանի զբոսաշրջության ոլորտի դրական և բացասական 
երևույթները

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր ստեղծված Travelinsights գործիքը կհավաքի ու կվերլուծի զբոսաշրջիկների՝ առցանց հայտնի հարթակում Հայաստանի վերաբերյալ թողած բոլոր մեկնաբանությունները, կօգնի հասկանալ զբոսաշրջության ոլորտում առկա դրական և բացասական երևույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 18-ին կայացավ Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային-նորարարական կենտրոնի կողմից մշակված կենտրոնի առաջին նորարարական գործիքի՝ Travelinsights-ի շնորհանդեսը:

«Մենք փորձում ենք ստեղծել իրական ժամանակում վիճակագրություն: Այսինքն, որպեսզի որոշում կայացնողներն ու մեթոդոլոգիա մշակողներն ունենան հստակ տվյալներ  ցանկացած որոշում կայացնելու ժամանակ: Արդեն հստակ մի եզրակացություն է արվել, որ Հայաստանում բոլորին շատ է դուր գալիս ուտելիքը և խմիչքը: Այսինքն՝  տեղեկատվության և կարծիքների գերակշիռ մասը Հայաստանում ուտելիքի և խմիչքի մասին է: Դա նաև խնդիր է, քանի որ մենք նաև շատ եկեղեցիներ, վանքեր, պատմամշակութային հուշարձաններ ունենք: Կարծում եմ, այս մասով աշխատանք ունենք անելու, որ մարդիկ տեսնեն, գնահատեն և տեղեկատվություն թողնեն այլ վայրերի հետ կապված ևս»,-ասաց Ազգային-նորարարական կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանը:

Նա նկատեց, որ Հայաստան եկած զբոսաշրջիկները Tripadviser վեբ-կայքում հիմնականում կարծիքներ են թողել Երևանի մասին: Նա նշեց՝ պետք է զբոսաշրջիկների հետ աշխատեն, խրախուսեն, որ մարզեր այցելելիս ևս կարծիքներ թողնեն: Կենտրոնն այս փուլում կարող է հրապարակել Tripadviser վեբ կայքում առկա տեղեկատվությունը, հաջորդ փուլում նախատեսում են ուսումնասիրել «Ֆեյսբուքում» և շատ այլ վեբ-կայքերում թողած կարծիքները, նաև ռուսալեզու բոլոր կարծիքները:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կայուն աճող ճյուղերից է: 2018-ին նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 10.5 տոկոսով: Միաժամանակ երկրում առկա է զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ: «Travelinsights գործիքն օգտագործելու է արհեստական բանականության կարողությունները ոլորտի պատասխանատուներին զբոսաշրջիկների կարծիքների վերլուծության համար իրական ժամանակում տվյալներ տրամադրելով, այսպիսով խթանելով փաստերի վերլուծության հիման վրա ոլորտի քաղաքականության բարեփոխումները: Travelinsights-ը մեզ կարող է օգնել բացահայտել զբոսաշրջիկների բավարարվածության, ինչպես նաև դժգոհության աղբյուրները, փաստական ապացույցներ տրամադրել նոր ծառայություններում ներդրում կատարելու որոշում կայացնելիս»,- նշեց նա:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նկատեց՝  ներկայացված գործիքը երկու հասցեատեր ունի: «Հասցեատերերից մեկը ներդրողներն են, ովքեր հաշվի առնելով ինֆորմացիայի որակյալ մշակումը, պետք է որոշումներ կայացնեն, թե ինչպիսի ներդրումներ կարելի է կատարել Հայաստանում: Երկրորդ հասցեատերը զբոսաշրջիկներն են, ովքեր Հայաստան այցելելով պետք է իրենց ժամանակը կազմակերպեն առավելագույն թիրախավորված»,- ասաց նախարարը:

Նա նկատեց, որ դեռ 10 տարի առաջ չէինք կարող պատկերացնել, որ գրառումները, որոնք կատարում էին զբոսաշրջիկները, կունենան այսքան բարձր որոշիչ ազդեցություն:

Ազգային-նորարարական կենտրոնը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է, որին աջակցում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:

ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալ,  Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրիանա Սպոլյարիչ Էգգերը նշեց՝ իրենց վերջնանպատակն է բազմապատկել մի շարք ոլորտներում և զարգացման նպատակների վրա դրական ազդեցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am