Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«Նոր սերնդի» խոհարարները հայկական խոհանոցն արտերկրում ներկայացնող դեսպաններն են դառնալու

«Նոր սերնդի» խոհարարները հայկական խոհանոցն արտերկրում ներկայացնող 
դեսպաններն են դառնալու

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեմյան փրոջեքթս» խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիան դռները կբացի 2019 թվականի գարնանը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է newsarmenia.am-ի  հարցազրույց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ:  

Ինչո՞ւ հենց Խոհարարական արվեստի ու հյուրընկալության ակադեմիա:

Իմ խորին համոզմամբ խոհարարությունն ուղղակի աշխատանք  չէ: Խոհարարությունն արվեստ է, իսկ խոհանոցը՝ տաղանդներ բացահայտելու վայր, որտեղ մարդիկ արարում, ստեղծագործում են: Հաճախակի լինելով խոհանոցում, ես տեսնում եմ, թե որքան ջանք ու հոգի է դրվում յուրաքանչյուր ուտեստի պատրաստման գործում: Պարզապես գեղագիտական հաճույք եմ վայելում՝ տեսնելով, թե խոհարարներն ինչպիսի մեծ բավականություն են ստանում ստեղծագործելիս, ամեն անգամ նոր ու գեղեցիկ, նուրբ համեր ու երանգներ ստանալիս։

Մենք «ուտեստներ ստեղծողներ ենք», հիմնադրման իսկ պահից «Երեմյան Փրոջեքթս»-ն իր ռեստորաններով եղել է հին հայկական ուտեստները վերհանող, դրանք այսօրվա պահանջներին, ճաշակին, քիմքին համապատասխանեցնող և նորովի մատուցող, նոր ուտեստներ ստեղծող ընկերություն:

Բացի դրանից, այսօր Հայաստանը զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ ունի: Կարծում եմ՝ տարեցտարի դրական փոփոխություններն ավելի ակնհայտ են դառնում: Գաղտնիք չէ, որ շատ երկրներ հայտնի են իրենց ազգային խոհանոցով, որտեղ ռեստորանային բիզնեսը դիտարկվում է որպես տնտեսության զարգացման կարևորագույն ուղղություններից մեկը: Մեր խոհանոցը ոչնչով չի զիջում ո՛չ ֆրանսիական, ո՛չ իտալական, ո՛չ չինական, ո՛չ վրացական խոհանոցներին: Անգամ առավելություն ունենք: Հայաստանը շատ հարուստ է  բնական մթերքներով: Սա մեծ առավելություն է, որն աշխարհում քիչ երկրներ ունեն: Դա մեր խոհարարներին թույլ է տալիս ավելի որակյալ և համեղ ուտեստներ պատրաստել, ու մենք կարողանում ենք նույնիսկ մեկ քայլ առաջ անցնել այլ երկրների խոհանոցներից:

 «Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի» գործունեությունը միտված է Հայաստանում հյուրընկալության ինստիտուտի կայացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր երկրում տուրիզմի ոլորտի կայուն զարգացմանը: Մեզ համար գաստրոնոմիկ զբոսաշրջությունը գերակա ուղղությունն է: Կարծում եմ, որ այս տեսանկյունից ակադեմիայի անվանումը լիովին համապատասխանում է նրա որդեգրած նպատակներին և առաքելությանը:

 

Ինչպե՞ս առաջացավ խոհարարական ակադեմիա հիմնելու միտքը, ո՞րն է շարժառիթը: Ոլորտային ի՞նչ հիմնախնդիրներ լուծելուն է ուղղված ակադեմիան, ի՞նչ նպատակներ են դրված Ձեր առջև:

Ռեստորանն իր աշխատանքային կառուցվածքով մի մեծ շղթա է ներկայացնում։ Չի կարող խոհանոցը լավ աշխատել, բայց սպասարկումը լինել վատը, կամ՝ հակառակը: Մենք պարզապես չէինք կարող ուշադրություն չդարձնել այս լրջագույն խնդրին: Մեր քաղաքի, երկրի պատիվն է ըստ արժանվույն դիմավորել հյուրին, սպասարկել և ճանապարհել՝ նորից հյուրընկալելու ակնկալիքով;

Մենք հիանալի երիտասարդություն ունենք, որն ընկալունակ է, առանց բարդույթների, նախաձեռնող, պատրաստակամ՝ սովորելու և նոր գիտելիք յուրացնելու: Մնում է միայն ճիշտ ուղղորդել, մասնագիտական կողմնորոշում տալ: Ընդհանրապես, մասնագիտության ընտրության հարցում երիտասարդներին անընդհատ խանգարում են տարբեր կեղծ ու ձևական պատճառներ՝ հասարակական գիտակցության մեջ ձևավորված ու տարածում գտած կարծրատիպեր։ Այս երևույթների դեմ է, որ պետք է պայքարենք։

2006 թվականից սկսած մեր ընկերությունն իր առաքելությունը տեսնում է ռեստորանային ոլորտի զարգացման մեջ, մենք լրջագույն ավանդ ունենք մեր երկրում այս հատվածի կայացման գործում։ Վերջին տարիներին ռեստորանային ոլորտի զարգացումն իրոք թռիչքային էր, ինչն էլ բերեց աշխատաշուկայում խոհարարների պահանջարկի աճին: Արդյունքում՝ ոլորտ սկսեցին մուտք գործել հիմնականում այն մարդիկ, որոնք նախկինում իրենց չէին դրսևորել այլ ասպարեզներում. իրականում նրանք խոհարարության հանդեպ չունեին ոչ սեր, ոչ սովորելու ձգտում, ոչ էլ պատրաստակամություն …

Նույնն էլ սպասարկման ոլորտում էր… Անհրաժեշտ է հասկանալ, որ մատուցողները զուտ «տանող-բերողներ» չեն, այլ մթնոլորտ ստեղծողներ, տրամադրություն և ջերմություն պարգևողներ։

Մեր գլխավոր նպատակներից է հայկական խոհանոցն ու հյուրընկալությունը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում, այն որպես բրենդ ներկայացնել: Այսօր հայկական խոհանոցը բավականին պահանջված է արտերկրում, մոտ ապագայում էլ ավելի պահանջված կարող է դառնալ, ինչին կարող ենք հասնել միայն հետևողական և գրագետ աշխատանքի շնորհիվ:

Երիտասարդների համար մասնագիտական ճիշտ կողմնորոշումն ու կրթությունն ապահովելով՝ մեզ կհաջողվի զարգացնել ռեստորանային բիզնես-մշակույթը, ստեղծել գրագետ և պրոֆեսիոնալ աշխատակազմ, որը կհամալրի թե՛ երևանյան, թե՛ հանրապետության այլ վայրերի, թե՛ արտերկրյա HoReCa հատվածի կազմակերպությունների աշխատակազմը։

Արդյո՞ք յուրաքանչյուրը, ով ցանկանա, կարող է դառնալ խոհարար, մատուցող, հյուրընկալ և այլն, թե դրա  համար  հատուկ հմտություններ են հարկավոր:

- Այստեղ մեկ կարևոր հանգամանք եմ ուզում շեշտել. ոչ թե ով ցանկանա, այլ ում ցանկությունը լինի շատ մեծ, լինի երազանք, ձգտում, հենց նա էլ կհաջողի իր մասնագիտության մեջ և գործում։ Եթե ուզում ես խոհարար լինել, պետք է սիրես այս աշխատանքը:

Պատերազմում բոլորն էլ կռվում են, բայց ոչ բոլորն են գեներալներ դառնում: Մեզ և՛ մարտիկներ են հարկավոր, և՛ գեներալներ: Աշխատելու ենք հմուտ, պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու ուղղությամբ, ու մենք, ըստ էության, դա միշտ ենք արել:

Մեր կազմակերպության գործունեության առաջին իսկ օրվանից մենք զբաղվել ենք մեր թիմի կրթության հարցերով: Մենք աշխատանքը սկսել ենք մարդկանց հետ, ովքեր նորեկ էին այս ոլորտում, ուստի նրանց սովորեցնելու, հմտությունները զարգացնելու, «թրծելու» անհրաժեշտությունը միանգամայն նկատելի էր:

Ուսումնական գործընթացում ներգրավելու ենք ինչպես սկսնակների, այնպես էլ արդեն գործող խոհարարների: Ինչպես յուրաքանչյուր մասնագետ, խոհարարները ևս իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելու կարիք ունեն: Մենք լայն հնարավորություններ ենք ընձեռելու նրանց որակավորման համար:

Պատրաստելու ենք «նոր սերնդի» խոհարարներ՝ ստեղծարար, աշխատասեր, համառ, պատրաստ սովորելու, փորձարկելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու, ամենանուրբ համերն արարելու:

 Իրականում խոհարարը պետք է մի քիչ էլ խենթ լինի, պատրաստ համարձակ իմպրովիզների, չվախենա փորձություններից, նորարար մոտեցումներից, պետք է տիրապետի նորագույն տեխնոլոգիաների, գործիքների, որոնք խոհանոցում աշխատելու լայն հնարավորություններ են ընձեռում: Նա նաև պետք է զինված լինի ճաշատեսակների պատրաստման սկզբունքների մասին գիտելիքներով և դրանք գործնականում կիրառելու ունակությամբ:

Մեր նպատակն է, որ խոհարարը միշտ իր ձեռագիրն ունենա և լինի մրցունակ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Իսկ դրա համար բացի մասնագիտական հմտություններից, անհրաժեշտ է, որ մեր շրջանավարտները տիրապետեն նաև հաղորդակցման և ներկայացման հմտություններին:

 «Երեմյան» ակադեմիայի նոր սերնդի խոհարարները դառնալու են մեր այցեքարտը, մեր դեսպանները հայկական խոհանոցը միջազգային շուկայում ներկայացնելու հարցում:

Ովքե՞ր և ի՞նչ կրթական ծրագրերով են դասավանդելու: Խոսենք դասախոսական աշխատակազմի մասին:

«Երեմյան փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի բացառիկ գործընկերը Մեծ Բրիտանիայի City of Oxford College-ն է: Մենք երկար էինք մտածում՝ ում հետ համագործակցել և ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ այս կենտրոնի առաջարկած մեթոդաբանությունը, մոտեցումներն ու ծրագրերը լավագույնս համապատասխանում են մեր նպատակներիրն:

Մեկ ամիս առաջ հանդիպեցինք Oxford College-ի միջազգային կրթական խմբի ղեկավար Նիկո Փիլիպսի հետ և փոխըմբռնման հուշագիր ստորագրեցինք, որով ազդարարվեց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության և  Activate Learning-City of Oxford College-ի միջև համագործակցության մեկնարկը: Համատեղ մշակելու և ներդնելու ենք ակադեմիայի կողմից իրականացվող կրթական ծրագրերը, զարգացնելու ենք դասախոսական անձնակազմի կարողություններն ու ապահովելու ենք ինչպես դասավանդողների, այնպես էլ ուսանողների մոբիլությունը՝ փորձի փոխանակման նպատակով:

Մեկ ամսից մեր բրիտանացի գործընկերները նորից կայցելեն Հայաստան և, դրանով կսկսվի հավատարմագրման և դասավանդողների վերապատրաստման գործընթացը:

Արդեն ձեռք ենք բերել հստակ պայմանավորվածություններ: Դասախոսական կազմը համալրելու համար ընտրելու ենք ոլորտի լավագույն կադրերին, նրանք հատուկ վերապատրաստում են անցնելու Oxford College-ի մասնագետների կողմից։

Դասավանդողների շարքում լինելու են ոչ միայն «Երեմյան Փրոջեքթս»-ի կազմում գտնվող ռեստորանների, այլև բոլոր այն լավագույն շեֆ-խոհարարները, ովքեր ցանկություն և պատրաստակամություն կունենան մեր թիմում ներգավվելու, իրենց գիտելիքն ու հմտությունները փոխանցելու: Բացի այդ, պարբերաբար ունենալու ենք արտերկրից հատուկ հյուրեր, ոլորտի մասնագետներ, ովքեր կկիսվեն իրենց փորձով և գիտելիքներով:

Որքա՞ն է կազմում ուսման տևողությունը: Մի քիչ մանրամասնեք ուսումնառության պայմանները։

Խոսելով պայմանների մասին, նշեմ, որ ակադեմիան իր տեսակի մեջ բացառիկ է, այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները: Գեղեցիկ միջավայր ենք ձևավորել, որպեսզի ապահովենք սաների հարմարավետությունը և նպաստենք ուսման գործընթացի արդյունավետությանը: Մեր ակադեմիան գերհագեցած է նորարարական տեխնիկայով, որն այսօր օգտագործվում է աշխարհի լավագույն ռեստորանների ժամանակակից խոհանոցներում՝ հեշտացնելով ու առավել արդյունավետ դարձնելով խոհարարների աշխատանքը։ Մեր սաները սովորելու են նաև դրանցով գործնականում աշխատել: Այդպիսով՝ կկոտրենք նաև «մութ ու անշուք լսարաններում» սովորելու կարծրատիպը, և ուսանողներն էլ ավելի սիրով կնվիրվեն իրենց գործին:

Կառույցում գործելու է սրճարան, որտեղից ծնողները, ընկերները, բոլոր հետաքրքրասեր այցելուները կարող են հետևել, թե մեր ապագա խոհարարներն ու մատուցողներն ինչպես են կրթվում, ինչ արդյունքեր են արձանագրում:

Ուսման տևողությունը 6 ամիս է. 5 ամիսների ընթացքում նախատեսված են ինտեսիվ տեսական և գործնական պարապմունքներ, վերջին մեկ ամսում՝ պրակտիկա կոնկրետ ռեստորանում: Տեսությունն ու պրակտիկան միահյուսված են լինելու, մեր սաները դասերի ընթացքում հնարավորություն կունենան գերժամանակակից խոհանոցում գործնականում կիրառել լսարաններում ստացած գիտելիքները:

Ընդ որում, ինչպես նշեցի, ոչ միայն նեղ  մասնագիտական առարկաներ են դասավանդվելու, այլ նաև սաները յուրացնելու են հաղորդակցության հմտություններ՝ լեզուներ, շփման մշակույթ և այլն:

Դասընթացի ավարտին տրվելու են «Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիայի» և Activate Learning-City of Oxford College-ի վկայականներ:

Նշեմ, որ ակադեմիան գտնվում է Տերյան 91 հասցեում: Այս պահին իրականացվում են «Երեմյան խոհարարական ակադեմիայի» տարածքի վերանորոգման և կահավորման աշխատանքներ: Ակադեմիան իր դռները կբացի 2019 թվականի գարնանը:

Մենք ունենք բավականին համարձակ ու հավակնոտ նպատակ՝ «Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան» դարձնել տարածաշրջանում գերազանցության կենտրոն: Մեր դռները բաց են Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից և այլ երկրներից դիմորդների համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]