Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նոր մակարդակ ՀՀ-ԵՄ հարաբերություններում

Նոր մակարդակ ՀՀ-ԵՄ հարաբերություններում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցը Բրյուսել բավական հագեցած էր թե՛ տեղի ունեցած հանդիպումների, թե՛ շեշտադրումների առումով: Եթե նախորդ տարվա հուլիսին Բրյուսել կատարած այցի շրջանակներում ԵՄ ղեկավարության հետ հանդիպումները ճանաչողական էին, ապա այս այցը կրում էր առավել բովանդակային բնույթ և գլխավորապես կենտրոնացած էր ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչմանը:

Իսկ որո՞նք էին այցի հիմնական արդյունքները և ինչո՞վ այն կարևորվեց:

Նախ, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին նոր խթան հաղորդելու տեսանկյունից բավական կարևոր էին Հայաստանում տեղի ունեցող իշխանափոխությունը և բարեփոխումների այն աննախադեպ գործընթացը, որն այժմ տեղի է ունենում երկրում: Սրա մասին են փաստում Եվրամիության ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ հնչած այն հայտարարությունները, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և պատրաստ է իր ֆինանսական և տեխնիկական աջակցությունը ցուցաբերել այդ գործընթացում: Ավելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նշեց, որ 2017-2020 թվականների համար ԵՄ-ն նախատեսել է 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար բարեփոխումների համար՝ շեշտելով, որ ՀՀ վարչապետն իրապես նպատակադրված է այս ուղղություններով լուրջ աշխատանք իրականացնել:

Երկրորդ, ՀՀ վարչապետի՝ Բրյուսել կատարած այցի նպատակը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի խթանումն ու գործնական կիրարկման մեկնարկի քննարկումն էր: Բրյուսելում հնչեցին հստակ շեշտադրումներ ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից համաձայնագրի հնարավորինս արագ վավերացման անհրաժեշտության մասին, ինչը թույլ կտա լիարժեքորեն օգտվել ՀԸԳՀ հնարավորություններից: Ինչ վերաբերում է համաձայնագրի իրականացմանը, ապա այն ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է որպես երկրում բարեփոխումներ իրականացման կարևոր հիմք: Նշենք, որ դեռ նախորդ տարի հայկական կողմը ԵՄ-ին էր ներկայացրել ճանապարհային քարտեզի նախագիծը, իսկ 2019թ. հունվարի վերջին ԵՄ-ն ճանապարհային քարտեզի վերաբերյալ ներկայացրել էր իր առաջարկությունները: Այժմ այն գտնվում է Եվրահանձնաժողովի տարբեր ծառայությունների քննարկումների փուլում և նախատեսվում է, որ մինչև մարտի վերջ ճանապարհային քարտեզը կվերջնականացվի:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների հաջորդ կարևոր հանգրվանը ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն է, ինչի մասին արձանագրվեց նաև ՀՀ վարչապետի բրյուսելյան այցի ժամանակ: Հատկանշական է, որ եթե նախկինում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պարզապես նշվում էր վիզային ռեժիմի ազատականացման հնարավորության մասին, ապա այս անգամ Եվրոպական հանձնաժողովի նախագահի մակարդակով շեշտվեց դրա անհրաժեշտությունը և գործընթացը հնարավորինս արագ առաջ մղելու պատրաստակամությունը: Արձանագրվեց նաև, որ վիզաների ազատականացման գործընթացի տեխնիկական պայմաններն արդեն իսկ բավարարված են և այժմ պետք է համագործակցել բոլոր անդամ պետությունների հետ՝ այն առաջ շարժելու համար:

ԵՄ բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Ղարաբաղյան հակամարտությանը: Նշենք, որ այս հարցում ԵՄ-ն մշտապես հանդես է եկել հավասարակշռված դիրքորոշմամբ, ինչն ամրագրված է նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրում: Այն ամրագրում է ԵՄ լիարժեք աջակցությունը հակամարտության հանգուցալուծմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա: Այս մոտեցումը ևս մեկ անգամ վերահաստատվեց Բրյուսելում և կարևոր է, որ ԵՄ անդամ բոլոր երկրները Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված իրենց մոտեցումները բխեցնեն այդ ամրագրված դիրքորոշումից:

Ինչ վերաբերում է հնչող մտահոգություններին, թե վարչապետի՝ Բրյուսել կատարած այցը տեղի ունեցավ Եվրախորհրդարանի ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ, ինչը նշանակում է, որ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են հօդս ցնդել, ապա դրանք մեղմ ասած կոռեկտ չեն: Անկախ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներից, պետք է ֆիքսել, որ գործ ունենք ԵՄ բյուրոկրատական ապարատի հետ, որտեղ գործում են ինստիտուցիոնալիզմի և շարունակականության սկզբունքները, և մի քանի անձի փոփոխությունը չի կարող խաթարել գործընթացը:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ ՀՀ վարչապետի այցը Բրյուսել տեղի ունեցավ բավական դրական մթնոլորտում: Եվրոպական կողմի մոտ արդեն իսկ կա ձևավորած հստակ պատկերացում, որ ժողովրդավարությունը Հայաստանի ժողովրդի ընտրությունն է, իսկ ՀՀ իշխանություններն ունեն բավարար քաղաքական կամք և պատրաստակամություն կյանքի կոչել լայնածավալ բարեփոխումներ: Նման ընկալումն, իհարկե, նպաստում է Հայաստան-Եվրամիություն փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը և երկկողմ հարաբերությունները նոր մակարդակ տեղափոխելուն:

Գրետա Ավետիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am