Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀՀ վարչապետի հիմնական ուղերձները եվրոպացի գործընկերներին

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՀՀ վարչապետի հիմնական ուղերձները 
եվրոպացի գործընկերներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս շաբաթ տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Այցի ընթացքում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկումների կարևոր թեմաներից էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող զարգացումները: Ստորև անդրադառնանք ՀՀ վարչապետի կողմից թեմայի շուրջ հնչեցրած կարևոր թեզերին.

ՀՀ-ն հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին

ԵՄ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ (Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկեր,   արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հան, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթեր) ևս մեկ անգամ հստակ ամրագրվեց, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ընթացող բանակցային գործընթացին: Կարևոր է փաստել, որ  ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նույնպես ամրագրում է այս հարցում ԵՄ դիրքորոշումն առ այն, որ վերջինս աջակցում է հակամարտության լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում: 

Արցախի ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր ապագան

Հայկական կողմը ժողովրդավարական արժեքներ դավանող մեր եվրոպացի գործընկերների համար ընկալելի հիմնավորեց այն թեզը, որ հակամարտությունը չի կարող լուծվել, եթե Արցախի ժողովրդին չտրվի հնարավորություն ինքնուրույն որոշել իր ապագան: Այս նպատակով առաջ քաշվեցին հետևյալ հիմնական փաստարկները.

 

Առաջինը  դա լեգիտիմության փաստարկն  է, համաձայն որի՝ ՀՀ վարչապետը չունի Արցախի ժողովրդի մանդատը: Այս համատեքստում ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Արցախն ունի  իր սահմանադրությունը և ձևավորում է իր սեփական կառավարությունը՝ ևս մեկ անգամ ընդգծելով վերջինիս սուբյեկտայնությունը:

 

Երկրորդ, կրկին բարձրաձայնվեց այն մասին, որ ավելի քան երկու տասնամյակ առաջ Արցախի ժողովուրդն արդեն որոշել է իր կարգավիճակը և Արցախի երիտասարդ սերունդը չի պատկերացնում որևէ այլընտրանք անկախությանը:

 

Երրորդ, այս համատեքստում կարևորվեց բանակցային լիարժեք ձևաչափի վերականգման անհրաժեշտությունը՝ հղում կատարելով 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովին, որտեղ ամրագրվում են Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի  երեք կողմերը՝ Արցախը, Հայաստանը, Ադրբեջանը:

 

Հայկական կողմի նման շեշտադրումները պատահական չեն, քանի որ միայն այն պարագայում հնարավոր կլինի հասնել խնդրի վերջական կարգավորման, երբ հակամարտության անմիջական կողմ հանդիսացող Արցախը հնարավորություն ունենա լիարժեք մասնակցել բանակցային գործընթացին:

 

Սպառազինությունների մրցավազքը և փակ սահմաններն անթույլատրելի են 21-րդ դարում

Եվրոպական կողմը տարիներ շարունակ կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը: Այս տեսանկյունից կարևոր էին սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ հայկական կողմի շեշտադրումներն առ այն, որ այսօր Հայաստանը փաստացի կարևոր դեր ունի տարածաշրջանում խաղաղություն պահպանման հարցում՝ փորձելով հավասարակշռել Ադրբեջանի սպառազինությունների մրցավազքը: Ադրբեջանի բարձր ղեկավարությունն այսօր էլ շարունակում է սպառնալ պատերազմով, և, հավասարակշռության ցանկացած  խախտման պարագայում, անկասկած, սանձազերծելու է նոր պատերազմ՝ վնաս հասցնելով տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Մյուս կողմից կարևոր էին նաև փակ սահմանների վերաբերյալ շեշտադրումները, որոնք շարունակում են խոչընդոտել ընդհանուր տարածաշրջանի զարգացմանը և անթույլատրելի են 21-րդ դարում:

 

Բարձր մակարդակում այլատյացության քարոզը անթույլատրելի է

ՀՀ վարչապետը նաև բարձրաձայնեց Ադրբեջանի կողմից բարձր մակարդակով շարունակ հնչող ուժի սպառնալիքների մասին՝ դրանք դիտարկելով խնդրի լուծման կարևոր խոչընդոտ: Նման շեշտադրումները թերևս պետք է կոչ լինեն եվրոպացի մեր գործընկերներին, որպեսզի նրանք քայլել ձեռնարկեն՝ պատշաճ արձագանքելու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող ռազմատենչ և հայատյաց հայտարարություններին, որոնց պարագայում անհնար է խոսել բանակցային գործընթացում (միջնորդների կողմից անընդհատ բարձրաձայնվող) համապատասխան վստահության մթնոլորտ ստեղծելու մասին:

***

Ամփոփելով կարող ենք փաստել, որ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ առաջ քաշած թեզերը պատահական չէին, քանի որ հայկական կողմը փորձեց խոսել եվրոպական կողմի համար ընկալելի լեզվով՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում գերակա համարելով մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները:  Սակայն որքան էլ ընկալելի թվան այս թեզերը եվրոպացի գործընկերների համար, անհրաժեշտ է այս ուղղությամբ շարունակել իրականացնել հետևողական աշխատանք, որպեսզի այս ուղղությամբ կողմերի միջև չմնա որևէ տարակարծություն:

Լիանա Հովհաննիսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am