Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Դեկտեմբեր

Հանրային ռադիոն թվայնացրել է իր ոսկե ֆոնդի ութ հազար ձայնագրություն

Հանրային ռադիոն թվայնացրել է իր ոսկե ֆոնդի ութ հազար ձայնագրություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ռադիոն իր աջակիցների հետ թվայնացրել է ավելի քան 100.000 ձայնագրություն ունեցող ամենամեծ հայկական աուդիո արխիվի եզակի գոհարները, որոնք հանրությանը հասանելի են դառնում armradioarchive.am-ի միջոցով: Այդ լայնածավալ աշխատանքից բացի Հանրային ռադիոյում վերաբացվել է «Ռադիո» ձայնագրման ստուդիան, որտեղ իրականացվող ձայնագրությունները կհամալրեն Հանրային ռադիոյի հարուստ արխիվը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս նշանակալի իրադարձությունների մասին փետրվարի 27-ին լրագրողների հետ զրուցեցին Հանրային ռադիոյի ներկայացուցիչները:

«1934 թվականից մեր արխիվում եղել են ձայնագրություններ, որոնք արվել են Մոսկվայում:  1954 թվականից ձայնագրություններն իրականացվել հենց այս ստուդիայում, որը ժամանակին կոչվել է «Վեցերորդ ստուդիա»: 1994-ին այստեղ պայմանները վատթարացան, ու կանգ առան ձայնագրությունների արխիվացման աշխատանքները»,-պատմեց Հանրային ռադիոյի երաժշտական պրոդյուսեր Արթուր Ասատրյանը:

Նրա խոսքով` նորաբաց ստուդիայում պետք է իրականացվեն այնպիսի ձայնագրություններ, որոնք հետագայում կհամալրեն արխիվը: Ստուդիան համապատասխանում է միջազգային ստանդարտներին. հագեցած է ժամանակակից տեխնիկական բոլոր հնարավորություններով:

Հանրային ռադիոյի ձայնադարանի թվայնացման ղեկավար Արթուր Իսպիրյանն ասաց, որ 91  տարի արխիվը հանրության համար փակ է եղել և առաջին անգամ մարդիկ կայքի միջոցով կարող են լսել  լավագույն ձայնագրությունները` սկսած 1934 թվականից:

Նա շեշտեց, որ կա 30 000 հայկական ձայնագրություն, որից 8000-ը երկու տարվա ընթացքում թվայնացվել է: «Դեռ կա երեք տարվա աշխատանք: Գործընթացը երկար է տևում, քանի որ թվայնացման աշխատանքներ իրականացնելուց հետո ձայնագրությունները մաքրման փուլ են անցնում»,-նշեց Իսպիրյանն ու խոստովանեց, որ թվայնացման ընթացքում իրեն հաճելիորեն զարմացրել է այն, որ արխիվում գտել է 1954 թվականի «Անուշ» օպերայի կենդանի ձայնագրությունը, որում երգում են Հայկանուշ Դանիելյանը և Շարա Տալյանը: «Մենք անգամ չգիտեինք, որ նման ձայնագրություն եղել է»,-ասաց նա:

Imusic.am-ի հիմնադիր Լևոն Նաղաշյանը մանրամասներ ներկայացրեց  armradioarchive.am-ի մասին` նշելով, որ այն հետաքրքիր նախագիծ է, քանի որ բացի երաժշտությունից, կայքում կան նաև լուսանկարներ, կենսագրական տվյալներ:

«Կայքն ասես էլեկտրոնային երաժշտական հանրագիտարան լինի: Փորձել ենք նորագույն որոնման համակարգ ինտեգրացնել կայքէջ, որն օգտատիրոջը հնարավորություն կտա անգամ տառասխալներով փնտրելու դեպքում գտնել անհրաժեշտը»,-ասաց նա:

Կայքում աուդիոձայնագրությանը կցվում են նաև ձայնագրության տարեթիվը, երաժշտության և խոսքերի հեղինակի կենսագրությունը, ֆոտոալբոմ և այլն: Ձայնագրությունները ներկայացվում են ըստ ժանրերի` դասական, ժողովրդական, էստրադային, ռադիոբեմադրություններ, եզակի ելույթներ, հարցազրույցներ և այլն:

Հանրային ռադիոյի արխիվը հայկական ձայնային ամենամեծ պահոցն է, որտեղ մոտ 100 000 ձայնագրություն կա` երգեր, ելույթներ, հաղորդումներ, համերգներ, ռադիոբեմադրություններ, բացառիկ ձայներ և այլն: Դրանցից յուրաքանչյուրը փոխանցում է տվյալ ժամանակաշրջանի շունչն ու գույները:

2017 թվականից սկսվել է ձայնադարանի թվայնացումը, որի ընթացքում կիրառվել են ժամանակակից տեխնոլոգիաներ` ֆոնդի մշակման, ձայնագրությունների որակի բարձրացման, երկարատև պահպանման, օգտագործման և հանրայնացման նպատակով: Այդ գործում մեծ անվանդ է ունեցել նաև «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ