Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Մարտ

Գրողների միությունում գրական հանդիսությամբ նշեցին Թումանյանի 150 ամյակը


ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 ամյակը հարգանքով և խոնարհումով են հիշում Հայաստանի գրողների միությունում:

Փետրվարի 22-ին միության մեծ դահլիճում տեղի ունեցավ «Իմ Թումանյանը»  խորագրով գրական հանդիսություն: 

 Մեկ հարկի տակ հավաքված մտավորականները  կիսվեցին թումանյանական իրենց ընկալումներով,  հիշեցին  քառյակները, մտքերն ու հերոսներին, միևնույն ժամանակ շեշտելով ամենայն հայոց բանաստեղծի մարդկային  որակները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը Թումանյանին գրական աշխարհում վերագրեց դոմինանտ դեր՝ շեշտելով գրողի մարդկայնությունն ու պետական մտածողությունը:  Միության նախագահը խոսեց ամեն տարի իրականացվող Թումանյանին նվիրված գրական հանդիսությունների,  դպրոցներում գրողների կողմից անցկացվող թումանյանական դասերի, հանդիպումների  մասին:

Թումանյանի տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանն ուրախությամբ հայտնեց, որ թանգարան այցելուների թիվը տարեցտարի աճում է, մեծ է նաև օտարերկրացիների հետաքրքրությունը: Խոսեց ակնկալվող  քայլերի  մասին: Դրանցից մեկը Թումանյանի ժառանգության հանրահռչակումն է:  Բարձրացրեց Թումանյանի գործերը օտար լեզուներով թարգմանելու հարցը՝ շեշտելով, որ ռուսերեն լավ թարգմանություններ ունենք: Եղիազարյանը կարևորեց նաև Թումանյանի զավակներին՝ Մուշեղ, Արտավազդ Թումանյաններին ճանաչելի դարձնելու հարցը՝ նշելով, որ ուսումնասիրում են արխիվները և պատրաստվում են հրապարակել՝ դարձնելով հանրության սեփականություն:

Հնչեցին Թումանյանի բանաստեղծությունների  հիման վրա գրված երգեր, «Անուշ» օպերայից  Մոսիի արիան Արտակ Ստեփանյանի կատարմամբ, Լևոն Հարությունյանի նվագակցությամբ: Արսեն Համբարյանն էլ  կատարեց «Գութանի երգ», «Մեր ուխտը»:

Բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը ներկայացրեց Թումանյանին՝ որպես մեծ մարդասեր, մշակութային գործիչ, յուրաքանչյուրին օգնող ու պաշտպանող: «Թումանյանը ինձ համար լուսավոր, տիեզերական աշխարհ է, որքան էլ լինես այդ աշխարհում, դու չես բացահայտելու, քանի որ ենթատեքստերը, այնքան խորն են, որ կարդացողը իր երևակայությամբ պետք է բացահայտի»,-ասում է նա:

Գրական հանդիսությանը իրենց խոսքը հղեցին նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, բանաստեղծ Սուրեն Մուրադյանը,  հայ արձակագիր Ռոլանդ Շառոյանը, բանաստեղծ Ռուզաննա Ոսկանյանը և այլք:

Էլիզա Բալայան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ