Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Կառավարությունում կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգմանը նվիրված քննարկում


ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության համակարգմանը նվիրված քննարկում: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում աջակցության ծրագրեր իրականացնող երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների հայկական ներկայացուցչություններին ղեկավարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով և կարևորել զարգացմանն աջակցող գործընկերների համակարգման այս հարթակը՝ ընդգծելով, որ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո սա առաջին հանդիպումն է այս ձևաչափով: Մհեր Գրիգորյանը նշել է, որ մինչ այս բազմաթիվ երկկողմ հանդիպումներ է ունեցել քննարկման մասնակիցների հետ, մտքեր փոխանակել համագործակցությանն ուղղված միջնաժամկետ ծրագրերի շուրջ: Ընդգծելով, որ Կառավարության ծրագիրը հաստատվել է՝ Մհեր Գրիգորյանը կենսական պահանջ է համարել դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը: Նա այս ձևաչափը դիտարկել է որպես գործուն մեխանիզմ՝ ապահովելու համար անկաշկանդ երկխոսություն և առարկայական համագործակցություն: Փոխվարչապետի համոզմամբ՝ այս հարթակը չպետք է վերածվի ժամանակ առ ժամանակ կազմակերպվող ֆորմալ հանդիպումների, այլ պետք է ծառայի որպես աջակցող գործընկերների հետ հայկական կողմի խնդիրներով, ծրագրերով և ապագայի տեսլականով կիսվելու մեխանիզմ, որը թույլ կտա լսել զարգացմանն աջակցող գործընկերների մոտեցումները, նրանց փորձը և մշակել համատեղ նախագծեր:

ՄԱԿ մշտական համակարգող Շոմբի Շարփը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին տրամադրված ժամանակահատվածի համար և ողջունել նման քննարկումները՝ մասնավորապես, Կառավարության ծրագրի հաստատումից հետո:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է Կառավարության ծրագրի մեջ արտացոլված գերակայություններն ու առանձնացրել այն հիմնական ոլորտները, որտեղ առկա խնդիրների լուծումը կապահովի երկրի հետագա զարգացումը: Փոխվարչապետը, մասնավորապես, առանձնացրել է չորս ուղղություններ՝ մարդկային կապիտալի զարգացում, տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնում, հուսալի ենթակառուցվածքների զարգացում և պետական կառավարման արդյունավետության բարձրացում: 

Փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է նշված ուղղությունների զարգացման տեսլականը, այնուհետև պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին համատեղ ծրագրերի իրականացման գործընթացին, առաջիկայում սպասվող Կառավարության կառուցվածքային փոփոխություններին և Հայաստանի երկարաժամկետ ռազմավարության մշակման ընթացքին: 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ