Հայաստանն ու Լատվիան հանձնառու են ակտիվացնել քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ: Նախարար Մնացականյանը շնորհավորել է Էդգարս Ռինկևիչսին՝ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել ամենայն հաջողություն իր կարևոր առաքելությունում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության աշխուժացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հանձնառությունը:
Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Էդգարս Ռինկևիչսը կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Որպես համագործակցության առաջնային ոլորտներ ընդգծվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, բանկային, սննդի անվտանգության ուղղությունները՝ միաժամանակ կարևորելով փորձի փոխանակմանն ուղղված համատեղ ծրագրերի նախաձեռնումը:
Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության դրական դինամիկայի պահպանման և առավել սերտացման հարցերի շուրջ:
Անդրադարձ կատարելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի առաջմղման համար: Նախարար Մնացականյանը հավելել է, որ Համաձայնագիրը միաժամանակ արդյունավետ գործիք է՝ խթանելու ոչ միայն Հայաստան-ԵՄ, այլ նաև ԵՄ անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցությունը:
Հանդիպմանն ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ամրապնդման կարևորությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում