Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Հմուտ հրամանատարը, ջերմ հայրենասերը, հոգատար ծնողը. «26-ի Յուրան» ընկերների ու որդու հիշողություններում


ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1988 թվականին, երբ սկսվեց արցախյան ազատամարտը, տեղի ունեցավ համազգային համախմբում: Թե Հայաստանում ու Արցախում, թե հայրենի երկրի սահմաններից դուրս ապրող հայ ժողովուրդն ամբողջ ուժն ու եռանդն ուղղեց դեպի հայոց սահմաններ, հայրենիքի պաշտպանություն: Այդ տարիներին բավական ծանր իրավիճակ էր՝ շրջափակում, պատերազմ, տնտեսական ճգնաժամ: Մարտահրավերները հաղթահարելու գինն անչափ բարձր էր: Օրակարգային էր հայրենի երկրի ազատության խնդիրը: Եվ այդ նպատակն էր, որ իր շուրջ համախմբեց բազմաթիվ հայորդիների, որոնք իրենց անկոտրում կամքն ու ուժն ուղղեցին ի պաշտպանություն հայրենիքի: Շատերն առանց մեկ անգամ վարանելու մեկնեցին ռազմաճակատ՝ մտքում ունենալով մի բան՝ պետք է վերադառնալ հաղթանակած:

«Հաղթելու ենք, դրան այլընտրանք չկա, այլապես ինչպես ենք նայելու մեր երեխաների աչքերին, ինչ ենք ասելու նրանց»: Այս խոսքերը պատկանում են Արցախյան ազատամարտի հերոս Յուրա Հովհաննիսյանին, ով ռազմական գործողությունների ժամանակ «մկրտվեց»  «26-ի Յուրա» անունով: Յուրա Հովհաննիսյանը «26» պայմանական անվանմամբ դիրքի հրամանատարն էր: Այդ բարձունքն ամենավտանգավոր ու ծանր կետն էր: Այն գտնվում էր Շուշիի ու Ստեփանակերտի միջնամասում: Դիրքը կրակակետի տակ էր հենց Շուշիից: Թշնամին պարբերաբար աշխատում էր այդ ուղղությամբ, եթե անցներ «26» բարձունքը, ապա առաջխաղացումը հեշտ կլիներ դեպի Ստեփանակերտ: Ահա «26» դիրքի անունով էլ հրամանատարին սկսեցին անվանել «26-ի Յուրա»: Նա այն անձանցից մեկն էր, ով կյանքը զոհեց հանուն հայրենիքի պաշտպանության:  

 

Յուրա Հովհաննիսյանը ծնվել է 1953թ. նոյեմբերի 19-ին Արմավիրի շրջանի Այգեշատ գյուղում, ուսուցչի ընտանիքում: 1970 թ. ոսկե մեդալով ավարտել է Այգեշատի միջնակարգ դպրոցը և մեկ քննությամբ ընդունվել ԵՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1975 թ.՝ ստանալով ռադիոֆիզիկոսի մասնագիտություն: Ավարտելուց հետո աշխատել է Ռադիոչափումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում` որպես առաջատար ինժեներ, Կիրառական ֆիզիկայի պրոբլեմների հետազոտման ինստիտուտում` որպես գիտաշխատող:

Քչախոս, համեստ, խորը ներաշխարհ ունեցող, բարի, ժպտացող աչքերով, առաջնորդի հատկանիշներով. «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այսպես է հիշում իր հորը Վահե Հովհաննիսյանը:

«Ես ծնվել եմ համեստ գիտաշխատողների ընտանիքում: Հայրս աշխատանքից հետո պատվերներով հեռուստացույց էր վերանորոգում, մայրս գործվածքներ էր անում: Հիշում եմ, որ մայրս միշտ բողոքում էր, թե հայրս գումար չէր վերցնում վերանորոգելու համար: Նա շատ բարի էր բոլորի նկատմամբ, շատ սիրված էր ընտանիքում, կոլեկտիվում և շրջապատում: Միասին զբաղվում էինք տարբեր մարզաձևերով: Մեզ ամեն տարի տանում էր Սևան, նույնիսկ սունկ հավաքելու հատուկ օրեր ունեինք, միշտ մասնակցում էինք մայիսյան միջոցառումներին, նաև հաճախ լինում էինք մեր բարեկամների տանը՝ Այգեշատ գյուղում, ճանապարհորդում էինք տարբեր մարզերում, գնում էինք արշավների: Նա բնության մեծ սիրահար էր»,- պատմում է Վահե Հովհաննիսյանը:

Վահեն 11 տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը: Առաջին իսկ պահերից  Յուրա Հովհաննիսյանը մտածում էր Արցախ մեկնելու մասին: Ինչպես Վահեն է հիշում, մայրը, կարծես դեմ էր դրան, երեխաները փոքր էին, դժվար էր նրանց խնամելը:

«Բայց ինձ թվում է, աշխարհում այդպիսի ուժ չկար, որ նրան կարողանար ետ պահել այդ քայլից: Պետք է գնար, և վերջ: Ես չէի արտահայտվում, բայց մեծ վախ կար իմ մեջ: Գնալուց առաջ հայրս ինձ հետ շատ կարճ խոսեց՝ ասելով ընդամենը. «Դու ես մնում տան տղամարդը»: Մի քանի տարի այդ խոսքերն ականջիս մեջ էին, սկզբում, երևի թե իմաստը լավ չէի հասկացել, բայց հետո կամաց-կամաց ընկալեցի»,-ասում է Վահե Հովհաննիսյանը:

Յուրա Հովհաննիսյանը «Սասունցի Դավիթ» ջոկատը կազմավորողներից  մեկն էր: Արդեն 1989 թվականին, նա ընկերների հետ մարտական մկրտություն ստացավ Իջևանի շրջանում: Հետևեցին Երասխավանը, Ոսկեպարը, Վարդենիսը, Գորիսը, Նոյեմբերյանը:  Ընկերները հիշում են՝ Շուշին ազատագրելուց հետո հրամանատարները երդվեցին՝ քանի դեռ չեն ազատագրել Լաչինը, տուն դարձի ճանապարհ չկա:

Ռազմական գործիչ, արցախյան պատերազմի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) հիացմունքով է հիշում Յուրա Հովհաննիսյանի հետ հանդիպումը. « Յուրային հանդիպեցի «Սասունցի Դավիթ» ջոկատի կազմավորման ժամանակ: Հանդիպեցի տղաներին, ներկայացրեցի իրավիճակը, նշեցի, որ պետք է դուրս գանք դաշտ գործնական պատրաստության պարապմունքի համար: Տղաները սկզբում ինձ չընկալեցին, սակայն Յուրան միանգամից հասկացավ դրա կարևորությունը և կանգնեց իմ կողքին: Այդպես սկսեցինք միասին աշխատել»,-պատմում է Արկադի Տեր-Թադևոսյանը: Նրա խոսքով՝ Յուրա Հովհաննիսյանն աչքի էր ընկնում իր մարզական պատրաստվածությամբ, հնարամտությամբ: Նա իր ամբողջ էությամբ պատրաստ էր սովորելու և սովորեցնելու:

«Հետաքրքիրը գիտե՞ք որն էր. մարտի դաշտում գործելը, հրամանատարի գործողություն ծավալելու ունակությունը կարծես իր ներսից լիներ: Թեպետ նա գիտնական էր, սակայն շատ արագ յուրացնում էր բոլոր անհրաժեշտ հմտությունները: Յուրան այնպիսի կազմակերպիչ էր, որ բոլոր դժվարին պահերին իրեն էինք հիշում»,- ասում է Կոմանդոսը:

Յուրա Հովհաննիսյանը շրջապատի, մարտական ընկերների շրջանում առաջին հերթին աչքի էր ընկնում իր մարդկային որակներով: Շատերն էին ընդգծում, որ նա չափազանց համեստ էր, ընկերասեր, խիստ պատասխանատու: Զենքը ձեռքից վայր չէր գցում: Յուրային մարտական գործողություններին առաջնագծում տեսնելն արդեն սովորական էր դարձել: Պատահական չէր, որ դժվարին ու ծանր պահերին ընկերները հիշում էին Յուրային: Մարդասիրությունը, զինվորների, մարտական ընկերների նկատմամբ հոգատարությունը, դժվարին իրավիճակներում վարպետորեն գործելը խոսում էին հրամանատարի նրա բարձր որակների մասին:

«Նա կարծես ծնված լիներ մարտի դաշտում լուրջ խնդիրներ լուծելու համար: Յուրան, չունենալով զինվորական մասնագիտություն, կարճ ժամանակում ռազմական գործին տիրապետեց ամբողջությամբ, սահուն կերպով իրականացնում էր գործողությունների պլանավորում, իրականացում: Ի դեպ, Յուրան, այսպես ասած, ֆիրմային գիծ ուներ, նա մարտական գործողությունների ժամանակ գնում էր առաջինը, որպեսզի ընկերները շարժվեին իր հետևից, իսկ վերադառնում էր վերջինը, որ բոլորն իր աչքի առաջ լինեին, վստահություն ունենար, որ ամեն ինչ կարգին է»,- նշում է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Մարտական ընկերների նկատմամբ  Յուրա Հովհաննիսյանի հոգատարությունը սահման չուներ: Մեզ հետ զրույցում այս մասին պատմում է Արա Մուրադյանը, ով այդ տարիներին սակրավոր է եղել: Յուրա Հովհաննիսյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի հետ Արան ծանոթացել է Ղարաբաղում:

«Հայտարարություն եղավ, որ անհրաժեշտ են կապավորներ և սակրավորներ: Ես ու ընկերս՝ Համլետ Մինասյանը, մեկնեցինք: Երկուսս էլ սակրավոր էինք: Յուրան առանձնանում էր իր համեստությամբ: Սկզբում, նրա հետ ծանոթանալով, մտքներովս չէր անցնում, թե նա հրամանատար էր: Երբ շրջում էինք Ղարաբաղում, տեսնում էինք, թե մարդիկ ինչպես են նրան ընդունում: Նրան մի այլ ձևով էին հարգում, լսում, նրա խոսքն ընդունում էին: Հիշում եմ, որ տղաների միջև ցանկացած հակասության դեպքում Յուրան շտապ գալիս էր նրանց հանգստացնելու, արագ լուծում էր ծագած խնդիրը»,- ընգծում է Արա Մուրադյանը:

Նա Յուրա Հովհաննիսյանի հետ ավելի մոտիկից շփվելու հնարավորություն է ունեցել Վաղուհաս գյուղում: Նա հիշում է, որ Յուրա Հովհաննիսյանը մշտապես շարժման մեջ է եղել, տեղանքը մանրակրկիտ ուսումնասիրել է, կապ հաստատել մոտակայքում գործող ջոկատների հետ, ծավալուն կազմակերպչական աշխատանք կատարել:

«Նա չափազանց հոգատար էր յուրաքանչյուր մարտիկի նկատմամբ, միևնույն ժամանակ խիստ էր, պահանջկոտ: Մի կտոր հացը կկիսեր բոլորի հետ, նրա մեջ հայրենասիրությունը մեծ էր»,-ասում է Արան:

1991 թվականին, երբ իրականացվեց հակահայկական «Օղակ» գործողությունը, Յուրա Հովհաննիսյանը «Սասունցի Դավիթ» ջոկատի հետ Ղարաբաղում էր: Նա կռվում էր ամենաթեժ կետերում՝ Հադրութի, Ասկերանի, Մարտակերտի շրջաններում: Այդ ժամանակ ջոկատի հետախուզությունը գլխավորում էր Յուրա Հովհաննիսյանը:

Նա մեծ դեր ունեցավ նաև Դրմբոնում ու Հաթերքում տարած հաղթանակներում: Հաթերքում ծավալված մարտական գործողությունների ժամանակ էլ վիրավորվեց: Ինչպես այդ ժամանակ, այնպես էլ հետագայում վիրավորում ստանալուց հետո չէր սպասում, որ լիարժեք ապաքինվեր: Շատ արագ վերադառնում էր մարտի դաշտ՝ ընկերների կողքին լինելու համար:

«Երբ տուն էի ուղարկում, մի քանի օր հետո նորից գալիս էր: Կարծես չէր կարողանում հեռու գտնվել, նա անընդհատ շարժման մեջ էր, ուզում էր գործողությունների էպիկենտրոնում լինել, իմանալ, թե ինչ է կատարվում, մասնակցեր, օգներ: Չնայած լարված օրերին ու դժվարություններին՝ երբեք չէր կորցնում հումորի զգացումը: Վիրավոր ժամանակ էլ շարունակում էր կատակել»,-շարունակում է Արկադի Տեր-Թադևոսյանը:

Վահեն հիշում է, որ հայրը վիրավորվելուց հետո, երբ ապաքինման փուլն էր, այնքան էր հոգնած, որ հիմնականում քնում էր. «Ընկերներն էին այցելում նրան, երբ հիվանդանոցում էր: Հիշում եմ, վերջին անգամ, երբ վիրավորվել էր և ապաքինման փուլում էր, ձեռնափայտով ճակատ գնաց՝ ասելով. «Դուք չգիտեք, թե այնտեղ որքան մարդ իմ կարիքն ունեն»: Այն ժամանակ մենք ոչինչ չէինք պատկերացնում, մենք կողքից էինք լսում, թե ինչպիսի հրամանատար է նա: Մենք հայրիկիս զինվորական համազգեստով Երևանում չենք տեսել… Շատ համեստ էր»:

Յուրա Հովհաննիսյանը զոհվեց 1993 թ. հունիսի 27-ին, ականի պայթյունից, երբ Մարտակերտի դիրքերը ստուգելուց հետո Ստեփանակերտ էր վերադառնում: Մեքենան պայթեց Մաղավուզ և Մատաղիս գյուղերի խաչմերուկում: Վարորդը ողջ մնաց, բայց մեքենայում գտնվող մեկ այլ ազատամարտիկ՝ Համլետ Ավետիսյանը, ևս զոհվեց: Յուրա Հովհաննիսյանը հուղարկավորված է Եռաբլուրում:

Յուրա Հովհաննիսյանը երազում էր ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո Արցախում ավերվածը վերականգնել, թոռան հետ ղարաբաղյան բարձունքներում լինել:

«Առիթ ունեցել եմ երեխաներիս հետ այցելելու «26» բարձունք, տեսնել դաշտային շտաբը, խաչքարը: Անցյալ տարի քրոջս երեխան է կնքվել Ղազանչեցոց եկեղեցում: Երբ հայրս դարձավ Շուշիի գրավման մեկ ուղղության հրամանատար և Շուշիի առաջին պարետը, նա տուն էր նվեր ստացել եկեղեցու մոտ, ես դա իմացել եմ ընկերներից, սակայն զոհվելուց հետո պարզվեց, որ դա էլ մերը չէ …»,-ափսոսանքով ասում է Վահեն:

... Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար Յուրա Հովհաննիսյանը պարգևատրվել է (ետմահու) Հայաստանի Հանրապետության  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն» մեդալով, այլ կառավարական պարգևներով:

Աննա Գզիրյան




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ