Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

ՀՀ ԱԺ պատգամավորները կարեւորում են ԵՄ մուտքի վիզաների դյուրացման գործում առաջընթացը


ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, Մխիթար Հայրապետյանը, Ռուբեն Ռուբինյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նորա Առուստամյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Էդմոն Մարուքյանն ու Կարեն Սիմոնյանը փետրվարի 13-ին հանդիպել են Եվրոպական միության անդամ երկրների` Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման եւ արտաքին գործերի դաշնային նախարարության Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բուխսբաումը նշել է, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգին: Նա ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները՝ նշելով, որ իրենք պատրաստ են աջակցելու դրանց իրականացմանը:

Կողմերը քննարկել են մեր երկրում իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, տնտեսական հեղափոխության տեսլականին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, հակակառուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հայ խորհրդարանականները վստահեցրել են, որ Եվրամիության հետ գործընկերությունը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման եւ բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում ընդգծվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արագ վավերացումն անդամ երկրների կողմից: Համաձայնագրի շրջանակում պատգամավորներն առանձնահատուկ կարեւորել են ԵՄ մուտքի վիզաների դյուրացման գործընթացում առաջընթացը: Փաստաթղթի բարենպաստ կիրարկման հարցում ընդգծվել է փորձագիտական խորհրդատվության եւ ֆինանսական աջակցության անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ՀՀ ինտեգրացիոն ուղղություններին, անցումային արդարադատությանը, Արեւելյան գործընկերության հիմքում դրված արժեքներին եւ մի շարք այլ հարցերի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ