Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրո քնարերգու լինելուց բացի, Տերյանը եղել է նաև քաղաքական գործիչ. Կոմիտասի պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին մեծանուն բանաստեղծի հիշատակին

Սիրո քնարերգու լինելուց բացի,  Տերյանը եղել է նաև քաղաքական գործիչ. Կոմիտասի 
պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին մեծանուն բանաստեղծի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրվա կապակցությամբ Կոմիտասի պանթեոնում «Տերյանի հետ» ավանդական միջոցառմանը մասնակցեցին և գրողի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին հասարակական, քաղաքական գործիչներ։

«Տերյան ընթերցելիս  բոլորին թվում է, թե նա թախծի, աշնան բանաստեղծ է: Սակայն սիրո քնարերգու լինելուց բացի,  Տերյանը եղել է նաև քաղաքական գործիչ: Եվ այդ էջերը դեռ լրիվ ուսումնասիրված չեն: Եվ իր վերջին շրջանի ստեղծագործություններում, փակ էջերում նամակներում տեսնում ենք, որ Տերյանը նաև մի ուրիշ շերտ ուներ՝ որպես քաղաքական գործիչ: Նա հայրենասիրություն բառի գինը գիտեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը:

Տերյանի ծոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը ևս նշեց՝ գրողի վերաբերյալ կան փաստեր, որոնց մասին նույնիսկ մինչ հիմա չգիտենք: «Օրինակ, մենք ոչինչ չգիտենք Տերյանի գործունության մասին Բրեստ-Լիտովսկում: Այնինչ կա հուշագրական ժառանգություն, օրինակ,  դաշնակցական հեղինակների հուշեր կան, որ մինչ Բրեստ-Լիտովսկ գնալը Տերյանը Պետերբուրգում խորհրդակցություն է ունեցել Դաշնակցության ղեկավարի և մի քանի հայ գեներալների, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող հայերի հետ»-նշեց նա:

 Գևորգ Էմին-Տերյանը նաև նշեց, որ Տերյանը Պետերբուրգում մասնակցել է հայկական խորհրդակցություններին և պատվիրակ է  եղել: Սակայն ոչինչ հայտնի չէ, թե ինչ ելույթներ է ունեցել: Էմին-Տերյանը տարվա երկրորդ կեսին մտադիր է թողարկել Տերյանի կայքը: Դրանում կլինի ողջ աղբյուրագիտական ժառանգությունը՝ բոլոր հոդվածները, գրքերը Տերյանի մասին: «Հիմա նրա մասին եղած կայքերն արված են անհաջող մի գրքից, նկարներ կան, որտեղ Տերյանը չի պատկերված, սակայն գրված է, որ Տերյանն է»,-նշեց նա:

Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Վահան Տերյանը  (Տեր-Գրիգորյան)  ծնվել է 1885 թվականին Գանձայում: Սովորել է Գանձայի ծխական, Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, այնուհետև՝  Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1908-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն: 1913–17-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական  առարկաներ, մասնակցել Վալերի Բրյուսովի կազմած «Հայաստանի պոեզիան...» անթոլոգիայի և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը:  1918-ին մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին`  որպես համառուսաստանյան ազգությունների ժողկոմխորհի` հայկական գործերի գծով խորհրդական: 1919-ի աշնանն արտգործժողկոմատի հանձնարարությամբ Տերյանը մեկնել է Միջին Ասիա, սակայն 1920 թ. հունվարի 7-ին թոքախտով հիվանդ բանաստեղծը ճանապարհին՝ Օրենբուրգ քաղաքում, վախճանվել է:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am