Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային կինոկենտրոնը Հովհաննես Գալստյանի գործով դատարանից հայցադիմում չի ստացել

 Հայաստանի ազգային կինոկենտրոնը Հովհաննես Գալստյանի գործով դատարանից 
հայցադիմում չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որին կինոռեժիսոր, «Պարալլելս Ֆիլմփրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը դատի է տվել «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու համար, դատարանից հայցադիմում չի ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

«Մենք  դատարանից ստացել ենք ծանուցում, որի համաձայն այս տարվա հունվարի 30-ին պետք է տեղի ունենար դատական առաջին նախնական նիստը: Ծանուցում ուղարկելուց հետո դատարանը պետք նաև հայցադիմում ուղարկեր կից փաստաթղթերով: Հայցադիմում մենք չենք ստացել:  Հայցադիմումն անհրաժեշտ է հայցի բովանդակությունը հասկանալու համար: Մենք հունվարի 29-ին միջնորդություն ենք ներկայացրել դատարան  այն մասին, որ չենք ստացել հայցադիմումը, և դատարանը մեր միջնորդությունն ընդունել է: Արդյունքում դատական առաջին նիստը հետաձգվել է: Այն տեղի կունենա ապրիլի 9-ին»,-ներկայացրեց տնօրենը և հավելեց, որ շատ ճիշտ է հարցը դատարանի միջոցով լուծելը:

Միրզախանյանն անդրադարձավ նաև Հովհաննես Գալստյանի բարձրաձայնած այն հարցին, որ ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարելիս Լիլիթ Մակունցն ուսումնասիրել է որոշ փաստաթղթեր և ասել, որ պետք է շարունակել ֆիլմի արտադրությունը և դրական լուծումներ գտնել: Մակունցը հրավիրել է միջգերատեսչական հանձնաժողով՝ պարզելու արդյոք կինոնկարի ֆինանսավորումն անօրինական կերպո՞վ է մերժվել: Հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարարության  ներկայացուցիչը հաստատել է, որ կանոնակարգի այն կետը, որով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտը մերժվել է, կիրառելի չէ այդ հայտի համար: ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունել է այն փաստը, որ նախարարության ձևավորած մրցութային հանձնաժողովն անօրինականություն է թույլ տվել` մերժելով հայտը:

Ի պատասխան դրա` Շուշանիկ Միրզախանյանն ասաց, բանավոր հանձնարարականով պետք է ստեղծվեր նախարարությանը կից հանձնաժողով, որում ընդգրկված պետք է լինեին ՀՀ մշակույթի և այլ նախարարությունների  մասնագետներ: «Ես  որպես Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն չեմ ստացել որևէ հանձնաժողովի պաշտոնական արձանագրություն, որի համաձայն «Տատիկիս վարսերը» ֆիլմը պետք է ֆինանսավորվի: Չստանալով այդ արձանագրությունը` ես ի՞նչ քայլեր պետք է անեի: Բազմիցս ասել եմ, որ շատ ուրախ կլինեի, եթե նման իրավիճակներ չստեղծվեին»,-պատմեց նա:

«Տատիկիս վարսերը» կինոնկարի ֆինանսավորման դադարեցման պատճառով Հովհաննես Գալստյանը դեկտեմբերի երեքից հացադուլ էր իրականացրել Մատենադարանի մոտ: Ինը օր հետո ռեժիսորը դադարեցրեց այն ու հանդիպեց այն ժամանակվա մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ։

Ըստ ռեժիսորի տարածած հայտարարության՝  2018-ին ավարտվել է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային Կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասը ժամանակավորապես փոխանցվել է Հայաստանի ֆիլմ-հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։

Գումարը չի վերադարձվել արտադրող ընկերությանը, ինչի պատճառով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։ 

Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը ՀՀ Ազգային ժողովի այգում: Նա  պահանջում է վերադարձնել «Տատիկիս վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017 թվականին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։ Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am