Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Էրդողան-Պուտին հանդիպում. Ինչո՞ւ է ՌԴ նախագահը հիշատակել 1998թ. թուրք- սիրիական Ադանայի համաձայնագիրը


ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում հունվարի 23-ին հանդիպել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռ.Թ. Էրդողանը և Վ.Պուտինը: Սա երկու երկրների նախագահների 2019թ առաջին հանդիպումն էր: Հանդիպման քննարկումների հիմնական թեման եղել է Սիրիայի հարցը, ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո այդ երկրում ստեղծված իրավիճակը, Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծումը, Իդլիբում իրավիճակը: Հանդիպման ուշագրավ կողմերից այն է, որ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինն անդրադարձել է նաև 1998թ. Թուրքիայի և Սիրիայի միջև ստորագրված Ադանայի համաձայնագրին, ինչը քննարկումների տեղիք է տվել Թուրքիայի քաղաքական օրակարգում:

Չնայած, որ հանդիպմանը օրակարգային թեման Սիրիան է եղել, այնուամենայնիվ նախագահները քննարկել են նաև թուրք-ռուսական հարաբերություններին  ու  տարբեր ոլորտներում համագործակցությանը, «Թուրքական գազատարին» վերաբերող հարցեր: 

Մամուլի ասուլիսի ընթացքում Էրդողանի հիմնական հայտարարությունները՝ 

ԹՀ նախագահը մասնավորապես անդրադարձել է Սիրիայի Իդլիբ նահանգի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնություններին՝ նշելով, որ 2 երկրները համատեղ աշխատելու են 2018թ սեպտեմբերի 17-ին Իդլիբի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրի [1] խախտման փորձերի դեմ: Միևնույն ժամանակ, ըստ Էրդողանի՝ Սիրիական համակարտության կարգավորման մեջ ընդգրկված բոլոր երկրները պետք է քայլեր ձեռնարկեն, որպեսզի Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի: 

Էրդողանը ելույթում հերթական անգամ թիրախավորել է Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» (YPG)՝ շեշտելով, որ ամերիկյան զորքերի՝ Սիրիայից հեռանալու ընթացքում չպետք է առաջանան այնպիսի տարածքներ, որոնք կարող են լցնել ահաբեկչական կազմակերպությունները, ինչպիսիք են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, YPG-ն: 

Էրդողանի հայտարարել է, որ, թե՛ տարբեր երկրների ղեկավարների, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով բանակցություններ են ընթանում Սիրիայի հյուսիսում նոր անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ: Նա նշել է, որ այդ հարցի շուրջ  Ռուսաստանի և Թուրքիայի միջև որևէ խնդիր չկա, քանի որ այդ անվտանգության գոտին «ահաբեկչական խմբավորումներից» մաքրված տարածք է լինելու: 

Բացի Սիրիային առնչվող հայտարարություններից, Էրդողանը նաև նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն աճում է՝ հասնելով 26 մլրդ դոլարի, շարունակվում է «Թուրքական հոսք» գազատարի և Աքքույու ատոմակայանի կառուցումը: [2,3]

Պուտինի հիմնական հայտարարությունները 

ՌԴ նախագահը նշել է, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը կարող է դրական ազդեցություն ունենալ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում իրավիճակի կայունացման համար։ Միևնույն ժամանակ, Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը Դամասկոսին խրախուսում է երկխոսել քրդերի հետ, քանի որ դա կապահովի Սիրիայի հասարակության միասնությունը, ինչպես նաև կբխի հարևան երկրների շահերից: 

ՌԴ նախագահը նաև կարևորել է Սիրիայում կայունության հաստատման համար սահմանադրական հանձնաժողովի հրավիրումն ու բոլոր կողմերի միջև երկխոսություն հաստատումը: 

Կարևոր հայտարարություն է այն, որ որոշվել է Ռուսաստանում անցկացնել Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ ևս մեկ գագաթնաժողով։ Պուտինը նշել է, որ հանդիպման օրը և վայրը արդեն քննարկվել է, սակայն դեռ պետք է համաձայնեցնել Իրանի նախագահի հետ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նախագահների եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 14-ին:

Արդյո՞ք Պուտինը Թուրքիային «դրդում է» Սիրիայի իշխանությունների հետ համագործակցության. 

Պուտինը մամուլի ասուլիսին նաև անդրադարձել է Սիրիայի հյուսիսում նոր անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ հայտարարարություններին՝ շեշտելով, որ Ռուսաստանը հարգում է թուրքական կողմի մտահոգությունները հատկապես անվտանգության ապահովման և նոր անվտանգության գոտի ստեղծելու հարցում: Միևնույն ժամանակ, ասուլիսին պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ՌԴ նախագահ Վ.Պուտինը, հայտարարել է, որ դեռևս գործում է 1998թ. Սիրիայի և Թուրքիայի մինչև կնքված համաձայնագիրը, որը վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարին: Պուտինը նշել է, որ այդ համաձայնագիրը մի շարք խնդիրների լուծում կարող է հանդիսանալ՝ Թուրքիայի անվտանգության ապահովման և նրա սահմանների պաշտպանության տեսանկյունից: [4]   

Հունվարի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս հայտարարել է, որ Թուրքիան և Սիրիան կարող են օգտագործել Ադանայի համաձայնագիրը, որպեսզի ապահովեն իրենց համատեղ սահմանների անվտանգությունը: [5]  

Հունվարի 25-ին ԹՀ նախագահ Ռ.Թ. Էրդողանը Էրզրումում 2019թ. մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածուների ներկայացման արարողությանն ունեցած ելույթում անդրադարձել է նաև Սիրիայի հակամարտությանը՝ մասնավորապես այդ երկրի տարածքում նոր «անվտանգության գոտի» ստեղծելու, ինչպես նաև թուրք-սիրիական Ադանայի համաձայնագրին: Հիմնական հայտարարությունները՝

  • Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է Սիրիայում սեփական ուժերով «անվտանգության գոտի» ստեղծել՝ ակնկալելով, որ Թուրքիայի դաշնակիցները թիկունքային ապահովման հարցում կաջակցեն: Ըստ երևույթին, նկատի է առնվում ԱՄՆ-ին, սակայն չի բացառվում, որ դաշնակից ասելով ԹՀ նախագահը նաև նկատի է ունեցել Ռուսաստանին, քանի որ ռուսական կողմի հետ ևս քննարկում են «անվտանգության գոտու» ստեղծումը:
  • 1998թ. ստորագրված թուրք-սիրիական Ադանայի համաձայնագրի մասին Էրդողանը ասել է, որ Թուրքիան այսպես, թե այնպես ստորագրել է այդ համաձայնագիրը և այն հիշատակելու կարիք չկա: Ըստ նրա՝ այդ համաձայնագրով նախատեսված է, որ Թուրքիայի համար Սիրիայում որևէ անցանկալի իրավիճակի ստեղծման պարագայում, Թուրքիան «կարող է մուտք գործել այդ երկրի տարածք»: [6] Հատկանշական է, որ Ադանայի համաձայնագրի տեսքստում [7, 8] որևէ խոսք չկա այն մասին, որ Թուրքիան իրավունք ունի մուտք գործել Սիրիայի տարածք, ինչի մասին նշել է Էրդողանը: 

Հունվարի 31-ին ԹՀ ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ չնայած, որ Սիրիայի իշխանությունների հետ հարաբերությունները խզվել են, 2011թ. հետո ոչ մի կողմ չի հայտարարել, որ հրաժարվում է Ադանայի համաձայնագրից, սակայն գործնականում այն չի կիրառվում: Ըստ նրա՝ եթե Սիրիայի հակամարտությանը քաղաքական լուծում տրվի և նոր պետություն ու ղեկավարություն ձևավորվի, ապա Թուրքիային ձեռնտու կլինի, որ այն իրագործվի: [9]  

Իսկ ավելի վաղ, Չավուշօղլուն հայտարարել է, որ Պուտինը մեջբերել է Ադանայի համաձայնությունն այն տեսանկյունից, որ Թուրքիան կարող է նոր գործողություն իրականացնել Սիրիայում: [10]

 

Ադանայի համաձայնագրի կարևոր կետերը՝

  • Սիրիան, փոխադարձության սկզբունքի հիման վրա, թույլ չի տալու որևէ գործունեության ծավալում իր տարածքում, որն ուղղված կլինի Թուրքիայի անվտանգության և կայունության դեմ:
  • Սիրիան թույլ չի տալու, որ իր տարածքում Թուրքիայի «անվտանգությանը սպառնացող» «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն գորրծունեություն ծավալի, զենք ու զինամթերքի առուծախն էլ պետք է արգելվի:
  • Սիրիան չպետք է թողնի, որ PKK-ն իր տարածքում մարզվելու համար ճամբարներ հիմնի, այնուհետև Սիրիայի տարածքով այլ երկրներ տեղափոխի իր զինյալներին:
  • Սիրիան ահաբեկչական է ճանաչում PKK-ին: 

Նշենք, որ Ադանայի համաձայնագրից հետո թուրք-սիրիական հարաբերություններում որոշակի դրական տեղաշարժեր են նկատվել՝ 2004-2011թթ. ընթացքում մտնելով աննախադեպ «ջերմացման» փուլ: 2004-2005թ. այդ երկրների ղեկավարները փոխադարձ այցեր են իրականացրել, իսկ Էրդողանն էլ Բաշար ալ-Ասադին դիմում էր որպես իր «եղբայր»: Սակայն 2011թ. «Արաբական գարնան» և Սիրիայում պատերազմի սկսումից հետո երկու երկրների հարաբերությունները սկսել են վատթարանալ, Թուրքիան իր աջակցություններ էր ցուցաբերում զինված ընդդիմությանը, ինչը բացասական էր ընդունվում Սիրիայի իշխանությունների կողմից: 

2018թ. դեկտեմբերի դրությամբ Սիրիայում գործող ուժերի վերահսկած տարածքները. Աղբյուրը՝ BBC:  

 

 Թուրքական մամուլի արձագանքները Ադանայի համաձայնագրի շուրջ ծավալված քննարկումների վերաբերյալ 

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Պուտինի՝ 1998թ. Ադանայի համաձայնագրի հիշատակումը քննարկումների տեղիք է տվել թուրքական քաղաքական օրակարգում և «անհանգստություն» է առաջացրել թուրքական մամուլում:

BBC-ի թուրքական ծառայությունը հոդվածում նշվել է Պուտին այդ քայլի հետևյալ պատճառները՝

  • Պուտինը հիշատակել է Ադանայի համաձայնագիրը, քանի որ դրանով փորձում է կանխել Սիրիայում Թուրքիայի զինուժի նոր գործողությունը, նոր ճակատի բացումը, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում նոր անվտանգություն գոտի ստեղծելու վերաբերյալ թուրք-ամերիկյան հնարավոր համաձայնությունը:
  • Պուտինը այդ քայլով փորձում է Թուրքիային ցույց տալ, որ ճիշտ կլինի, որ համագործակցի Սիրիայի գործող իշխանությունների՝ Բաշար ալ-Ասադի հետ: [11]

Թուրքական Milliyet պարբերականի սյունակագիրներից Գյուների Ջըվաօղլուն ևս իր սյունակում գրել է, որ Պուտինը այդ քայլով փորձում է հակազդել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ հետ միասին Թուրքիայի անվտանգության գոտու ստեղծմանը: Ըստ սյունակագրի՝ ի պատասխան անվտանգության գոտու «խաղաքարտի» Պուտինը բանակցային սեղանին է դրել Ադանայի համաձայնագիրը: [12]  

Daily Sabah պարբերականի սյունակագիրներից մեկը նույնպես այն եզրակացությունների է եկել, որ Պուտինը նման քայլի է դիմել, որպեսզի խրախուսի Թուրքիային բանակցել Սիրիայի գործող իշխանությունների հետ, որպեսզի կառավարական ուժերն էլ կարողանան հաստատվել Սիրիայի քրդական ուժերի վերահսկած տարածքներում: [13] 

Թուրքիայի նախկին փոխարտգործնախարար և ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Ֆարուք Լողօղլուն հայտարարել է, որ Պուտինը, մատնանշելով Ադանայի համաձայնագիրը, փորձում է հնարավորություն ստեղծել Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների վերականգնման համար։

ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին պատվիրակ Օնուր Օյմենը ևս կարևորել է Ադանայի համաձայնագրի դերը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար և նշել է, որ Թուրքիան և Սիրիան պետք է ակտիվացնեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում այդ համաձայնագրի շրջանակներում: [14]

 

Ամփոփելով այս ամենը կարելի է ասել, որ ներկա փուլում Սիրիական հակամարտության շրջանակներում Թուրքիայի համար առաջնային խնդիր է համարվում քրդական ուժերից ազատվելը: Թուրքիան YPG-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն և սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար: Ընդ որում, քրդական ուժերի հետ խնդիրները նաև լարվածություն է առաջացրել Անկարայի դաշնակից ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, քանի որ ԱՄՆ աջակցում է այդ ուժերին:

Թուրքիան դեմ է, որ Սիրիայի քրդական YPG-ն շարունակի իր գործունեությունը Մանբիջ շրջանում և Եփրատի արևելքում: Անկարան սպառնում է նոր գործողություններ սկսել քրդական ուժերի դեմ, եթե ԱՄՆ չկարողանա դուրս բերել այդ ուժերին իր ցանկացած տարածքներից: Թուրքիան և ԱՄՆ արդեն համաձայնության են եկել, որ Մանբիջից պետք է դուրս բերվեն քրդական ուժերը, և այնտեղ ներկայում պարեկային գործողություններ են իրականացնում Թուրքիայի և ԱՄՆ ԶՈւ զինծառայողները: Սակայն թուրքական կողմը հայտարարում է, որ Մանբիջն ամբողջությամբ «չի մաքրվել ահաբեկիչներից» և կոչ է անում ԱՄՆ-ին պահել իրենց տված խոստումները:

Բացի այդ, նախորդ տարվա դեկտեմբերին ԹՀ նախագահը սպառնացել է քրդական ուժերի դեմ գործողություններ իրականացնել Եփրատի արևելքում: Այս հայտարարություններից հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում նոր լարվածություններ են առաջացել: Այնուհետև կողմերը սկսել են բանակցությունները Սիրիայում՝ մինչև թուրք-սիրիական սահման ընկած տարածքում, անվտանգության գոտի ստեղծելու շուրջ: Նախատեսվում է, որ այդ գոտին ձգվելու է Եփրատի արևելքից մինչև Իրաքի հետ սահման:

Հարկ է նշել, որ բացի ԱՄՆ-ից, Թուրքիան, չնայած Ռուսաստանի և Իրանի հետ ունեցած պայմանավորվածություններին, որոշակի տարաձայնություններ ունի նաև այդ երկրների հետ: Մասնավորապես սիրիական հակամարտության հարցում Թուրքիայի և Ռուսաստանի ու Իրանի հիմնական տարաձայնություններից մեկն այն է, որ ի տարբերություն ՌԴ-ի և Իրանի՝ Թուրքիան չի աջակցում Բաշար ալ-Ասադին:  

Իսկ Միացյալ Նահանգների հետ մասին նոր անվտանգային գոտու ստեղծումը հնարավոր է որոշ տարաձայնություններ ևս առաջացնի Ռուսաստան և Թուրքիայի միջև: Հետևաբար, հնարավոր է, որ Պուտինը դիտավորյալ կերպով է հիշատակել Ադանայի համաձայնագրի մասին՝ այդպիսով փորձելով կանխել թուրք-ամերիկյան  համաձայնության ձեռքբերումը Սիրիայի ևս մեկ տարածքում՝ միևնույն ժամանակ ստիպելով Թուրքիային, որ հաշվի նստի Սիրիայի իշխանությունների հետ: 

Ակնհայտ է, որ վերջին մի քանի տարիներին Թուրքիան ձգտում է հնարավորինս մեծացնել իր ազդեցությունը Սիրիայի տարածքում: Անկարան իր ազդեցությունը տարածում է ոչ միայն ռազմական գործողությունների («Եփրատի վահան», «Ձիթենու  ճյուղ» գործողությունները, Իդլիբում զորքերի և զինտեխնիայի կուտակում) և սիրիական տարածքների օկուպացիայի, այլև դիվանագիտական տարբեր նախաձեռնությունների և բանակցային սեղանի շուրջ տարբեր «խաղաքարտերի» օգտագործման միջոցով: Թուրքիան այս բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի Սիրիայում ազդեցության գոտիների վերջնական տարանջատման և վերջնական քաղաքական լուծման ժամանակ հնարավորինս շատ միջոցներ ունենա մյուս խաղացողներից զիջումներ կորզելու և փաստացիորեն Սիրիայի «մանդատը» ստանձնելու համար:

 

Թուրքագետ Սոնա Սուքիասյան


Ծանոթագրություններ և աղբյուրներ՝

[1] 2018թ. սեպտեմբերի 17-ին Թուրքիայի և Ռուսաստանի միջև կնքվել է հուշագիր սիրիական Իդլիբ նահանգի կարգավիճակի մասին։ Ըստ այդ հուշագրի՝ Իդլիբում Սիրիայի կառավարական բանակի և ահաբեկչական խմբավորումների սահմաններ միջև պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի ու այդտեղ թուրքական և ռուսական զինված ուժերը պետք է իրականացնեին պարեկային գործողություններ։ Ապառազմականացված գոտու տարածքից պետք է դուրս բերվեն ռադիկալ ահաբեկչական խմաբավորումներն ու նրանց զինտեխնիկան:

Բացի այդ Ռուսաստանի հետ համաձայնություններից, Թուրքիան Աստանայում Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի և Իրանի հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել և Իդլիբում տեղակայել է Թուրքիայի զինուժի 12 «դիտարկման կետ»: Մինչև 2018թ. վերջ Իդլիբ նահանգը համարվում էր այն վերջին կետը, որտեղ Սիրիայի իշխանական ուժերը ցանկանում էին հարձակվել զինված ընդդիմադիր ուժերի վրա։ Այս տարվա հունվարի 18–ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ լավրովը հայտարարել է, որ «Հայաթ Թահիր ալ-Շամ» (նախկին «ալ-Նուսրայի ճակատ») ահաբեկչական կազմակերպությունը իր վերահսկողության տակ է վերցրել Իդլիբի ապառազմականացված գոտու 70 տոկոսը՝ դրանով խախտելով Թուրքիա–Ռուսաստանի համաձայնագրի պայմանները։

[2] Cumhurbaşkanı Erdoğan, Putin ile ortak basın toplantısı düzenledi, Anadolu Agency, 23.01.2019, https://www.youtube.com/watch?v=5BpQ0IhA5Rw

[3] Cumhurbaşkanı Erdoğan ve Putin ortak açıklamalarda bulundu, CNN Turk, 23.01.2019, https://www.cnnturk.com/video/turkiye/cumhurbaskani-erdogan-ve-putin-ortak-aciklamalarda-bulundu

[4] Пресс-конференция по итогам российско-турецких переговоров, ՌԴ նախագահի կայք, 23.01.2018, http://kremlin.ru/events/president/news/59718

[5] Турция и Сирия могли бы применить Аданское соглашение, заявил Лавров, Ria Novosti, 28.01.2019, https://ria.ru/20190128/1550015495.html

[6] Cumhurbaşkanı Erdoğan: Güvenli bölge sözü yerine gelmezse biz oluşturacağız, Anadolu, 25.01.2019, https://www.aa.com.tr/tr/gunun-basliklari/cumhurbaskani-erdogan-guvenli-bolge-sozu-yerine-gelmezse-biz-olusturacagiz/1374643

[7] Ադանայի համաձայնագրի բնօրինակ տեսքտը ԹՀ խորհրդարանի արխիվում, https://www2.tbmm.gov.tr/d23/1/1-1009.pdf

[8] Ադանայի համաձայնագրի ոչ պաշտոնական թարգմանությունը ԹՀ ԱԳՆ կայքի արխիվում, http://www.mafhoum.com/press/50P2.htm

[9] Fırat’ın doğusuna rejimin girmesi güvenlik sorunu, Milliyet, 31.01.2019, http://www.milliyet.com.tr/firat-in-dogusuna-rejimin-girmesi-siyaset-2819919/ [10] Çavuşoğlu: Putin, Türkiye müdahale edebilir anlamında söyledi, CNN Turk, 24.01.2019, https://www.cnnturk.com/video/turkiye/cavusoglu-putin-turkiye-mudahale-edebilir-anlaminda-soyledi

[11] Adana Mutabakatı'nın maddeleri neler, Putin neden gündeme getirdi, BBC-ի թուրքական ծառայություն, 25.01.2019, https://www.bbc.com/turkce/haberler-dunya-46996917

[12] Putin’den ‘karşı kart’, Milliyet, 25.01.2019, http://www.milliyet.com.tr/yazarlar/guneri-civaoglu/putin-den-karsi-kart--2817067/

[13] Why did Putin reference the Adana agreement signed by Turkey, Syria?, Daily Sabah, 25.01.2019, https://www.dailysabah.com/columns/duran-burhanettin/2019/01/26/why-did-putin-reference-the-adana-agreement-signed-by-turkey-syria

[14] Adana Treaty: A Diplomatic Tool to Solve Syria-Turkey Dilemma – Analysts, Sputnik News, 29.01.2019, https://sputniknews.com/analysis/201901291071897281-turkey-syria-adana-treaty/




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ