Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում կհիմնվի Պարեկային նոր ծառայություն և կբարձրացվեն ոստիկանության ծառայողների աշխատավարձերը

Հայաստանում կհիմնվի Պարեկային նոր ծառայություն և կբարձրացվեն ոստիկանության ծառայողների աշխատավարձերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ճանապարհային ոստիկանության բարեփոխումների շրջանակում կհիմնվի Պարեկային նոր ծառայություն և քայլեր կձեռնարկվեն ոստիկանության ծառայողների աշխատավարձերի շարունակական բարձրացման ուղղությամբ:

Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունվարի 26-ին մասնակցելով ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

«Առաջիկայում մեր ամենակարևոր բարեփոխումներից մեկը Ճանապարհային ոստիկանության բարեփոխումն է՝ Պարեկային նոր ծառայության հիմնադրումը, որը բազմաֆունկցիոնալ կլինի: Դա շատ կարևոր բարեփոխում է, որը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց մենք որոշել ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ բարեփոխումները կիսատ-պռատ չպետք է լինեն. պետք է լավագույն տեխնիկական և կազմակերպչական ապահովվածություն լինի, որպեսզի բարեփոխումն իր նպատակին ծառայի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է կառավարության ղեկավարը՝ ընդգծելով նաև ոստիկանության ծառայողների վարձատրության համակարգում այս տարի նախաձեռնված փոփոխությունների կարևորությունը: 

«Այս հարցի հետ կապված տարբեր տեսակետներ և կարծիքներ կարող են լինել հանրության, փորձագիտական շրջանում, սոցիալական ցանցերում, բայց կարծում եմ՝ սա հստակ և ճիշտ ճանապարհ է, որովհետև եթե մենք հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում ցանկանում ենք երկարատև արդյունքներ ունենալ, պետք է գնանք այդ թվում նաև ոստիկանության ծառայողների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով: Ընդ որում՝ այդ աճն իրենց վրա պետք է զգան առաջին հերթին շարքային կազմի ծառայողները, որոնք, ըստ էության, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են: Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որ մենք այս առումով ձեռնարկում ենք, իրենց դրական արդյունքը կտան», - նշել է վարչապետը՝ միաժամանակ կարևորելով կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ինչը թույլ կտա բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը անկյունաքարային նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am