Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Փետրվար

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ամփոփեց իր աշխատանքային 100 օրը


ԳԱՎԱՌ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում զանգվածային լրատվամիջոցներին ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա գործունեության ընդհանուր պատկերը, արձանագրված ձեռքբերումները եւ առաջնահերթ անելիքները: « Իմ պաշտոնավարման 100 օրը կարելի է համարել աշխատանքային ծանրաբեռնված շրջան, որը համընկավ աշխատանքային տարվա փակման, համապետական ընտրությունների անցկացման եւ հերթական տարվա մեկնարկի հետ: Պետք է շեշտել, որ ՀՀ ԱԺ ընտրությունները Հայաստանի Հանրապետության պատմության մեջ բացառիկ էին թափանցիկության, արդարության ու ազատ կամարտահայտման տեսանկյունից, որի ժամանակ ինչպես մեր Հանրապետությունում, այնպես էլ Գեղարքունիքի մարզում չգրանցվեցին լուրջ միջադեպեր կամ խախտումներ: Հաշվետու ժամանակահատվածում մարզպետարանը գործել է ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով: Մարզպետի կողմից արձակվել է 136 կարգադրություն, 98 որոշում: Այդ ընթացքում ունեցել եմ համայնքային 40 այցելություն, ինչի արդյունքում մեզ հաջողվել է գրեթե ամբողջությամբ բոլոր տեղերում գույքագրել առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները: Իսկ այժմ մենք գտնվում ենք դրանց լուծման մեկնարկային փուլում»,-ներկայացրեց Գնել Սանոսյանը: Այնուհետ մարզպետն անդրադարձավ առանձին ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին կամ իրավիճակին:
Հաշվետվության ներկայացումից հետո մարզպետ Գնել Սանոսյանը պատասխանեց լրագրողների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին համայնքների խոշորացման քաղաքականությանը, Սեւան-Քաղսի կոյուղու կոլեկտորի շինարարությանը, գյուղմթերքների իրացմանը, ճանապարհաշինական նոր ծրագրերին, սեւանա լճում արտոնագրային ձկնորսության նոր կարգի սահմանմանը, պետական ապարատի կրճատմանը, մի շարք այլ կարեւոր ուղղությունների:
Գնել Սանոսյանը, անդրադառնալով համայնքների խոշորացման հարցին, շեշտեց, որ ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ Գեղարքունիքի մարզում այն ընթացել է՝ առանց բնակչության կարծիքը հաշվի առնելու, առանձին պաշտոնյաների,ոչ թե մարդկանց շահերը հաշվի առնելու: «Մեր մարզում խոշորացումը տվել է թե բացասական, թե դրական արդյունքներ: Առայժմ խոշորացման քաղաքականությունը չի վերանայվում, սակայն վերանայելու կամ շարունակելու դեպքում անպայման անցկացվելու են հանրային քննարկումներ, այն լինելու է միայն եւ միայն բնակչության համաձայնությամբ»,-հավաստիացրեց մարզպետը: Գնել Սանոսյանն անդրադարձավ մարզպետարանի աշխատակիցներին տրված տարեվերջյան պարգեւավճարների խնդրին, որը օրերս լայնորեն շրջանառվում է հանրապետական զանգվածային լրատվամիջոցներով ու համացանցով:«Այդ պարգեւատրումները մենք կատարել ենք օրենքի շրջանակներում՝ առանց իրավախախտումների: Գումարը վճարվել է թափուր տեղերից առաջացած խնայողությունների հաշվին: Մենք միաժամանակ պետբյուջե ենք վերադարձրել 116 միլիոն դրամ, որը կատարել ենք խնայողությունների հաշվին: Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա պետք է շեշտեմ, որ վերջին կես տարվա ընթացքում մարզպետարանի աշխատակազմը, կապված երկու մարզպետների նշանակման հետ, գործել է նկատելի ծանրաբեռնվածությամբ, ուստի եւ արժանի էր այդ պարգեւատրմանը»-շեշտեց Գնել Սանոսյանը:
Մարզպետը միաժամանակ հույս հայտնեց, որ 2019 թվականին Գեղարքունիքի մարզում կարձանագրվեն նկատելի ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում, կնկատվի եւ մասնավոր ներդրումների հոսք, տնտեսական վերելք, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի եւ կենսապայմանների բարելավում:
«Մեզ շատ բարդ, բայց հետաքրքիր ու պարտավորեցնող աշխատանքային տարի է սպասվում: Արդեն մենք շփումների մեջ ենք մի շարք մասնավոր ներդրողների հետ, ովքեր ցանկանում են խոշոր ներդրումներ կատարել հատկապես գյուղատնտեսության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:Շատ են մեր սպասելիքները նաեւ պետական ներդրումներից, որոն շնորհիվ համայնքներում կիրականացվեն սոցիալ-տնտեսական ու կանսական կարեւորության բազմաթիվ ծրագրեր: Մենք քայլ առ քայլ լուծում կտանք մեր կողմից արձանագրված բոլոր հիմնահարցերին: Մեր ժողովրդից խնդրում եմ մի քիչ համբերություն դրսեւորել, որպեսզի կարողանանք միջոցներ ու ժամանակ գտնել՝ տարիներ ի վեր կուտակված հիմնախնդիրների ծանրագույն բեռը հիմնավորապես թոթափելու համար»,-ասուլիսը եզրափակեց մարզպետ Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ