Մալայզիայի նոր թագավոր ընտրվեց սուլթան Աբդուլա Սուլթան Ահմադ Շահը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի նոր թագավոր Է ընտրվել Փահանգի նահանգի կառավարիչ սուլթան Աբդուլա Սուլթան Ահմադ Շահը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը:
Սպասվում Է, որ միապետը պաշտոնապես գահ կբարձրանա հունվարի 31-ին: Մալայզիայում թագավորն ընտրվում Է հինգ տարով:
Associated Press գործակալությունը նշում Է, որ Աբդուլա Սուլթան Ահմեդ Շահը հանգուցային դեմք Է մի քանի միջազգային մարզական կազմակերպություններում, մասավորապես, նա ՖԻՖԱ-ի խորհրդի անդամ Է: Թագավորի թեկնածության քվեարկությունը կայացել Է Մալայզիայի, որը բաղկացած Է 13 նահանգներից, կառավարիչների խորհրդաժողովում:
Ձայնի իրավունք ունեն խորհրդաժողովի միայն ինը մասնակիցներ, հենց նրանք Էլ կարող են թագավոր ընտրվել: Ապագա թագավորն ընտրվում Է հերթով՝ նահանգների ցուցակի համաձայն, որը կազմվել Է 1957 թվականին: Հավելենք, որ Մալայզիայի նախորդ թագավոր Մուհամեդ V-ը, որն ընտրվել Էր 2016 թվականի ձմռանը, թագավորի լիազորություններն անսպասելիորեն վայր Է դրել հունվարի սկզբին՝ ըստ որում մնալով երկրի Քելանթանի նահանգի կառավարիչ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում