Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մարտ

Գիտության և քաղաքականության համադրությունը հատկապես կարևոր է ապագայի տեսանկյունից. Արմեն Սարգսյան


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հյուրընկալել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Պագուոշի համաժողովը միջազգային ազդեցիկ հարթակ է, որը միավորում է գիտնականների, քաղաքական ու հասարակական գործիչների՝ հանուն զինված հակամարտությունների վտանգի նվազեցման, համաշխարհային անվտանգության սպառնալիքների դեմ լուծումների որոնման նպատակով:

Պագուոշի համաժողովները և դրա համահիմնադիր Ժոզեֆ Ռոթբլաթը 1995 թվականին արժանացել են Խաղաղության նոբելյան մրցանակի:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ քաջատեղյակ է աշխարհում ազդեցիկ գիտնականների, քաղաքական և հանրային գործիչների մասնակցությամբ Պագուոշի համաժողովների հիմքում ընկած գաղափարներին, նպատակներին և բարձր է գնահատում այն ջանքերը, որ նրանք ներդնում են ավելի անվտանգ, ապահով ու զանգվածային ոչնչացման զենքերից զերծ աշխարհ ունենալու ուղղությամբ:

Նոբելյան մրցանակակիր համաժողովների գլխավոր քարտուղար Պաոլո Կոտա-Ռամուսինոն ասել է, որ մտադրություն ունեն Պագուոշի հերթական համաժողովն անցկացնել Երևանում, այս տարվա նոյեմբերին: Պաոլո Կոտա-Ռամուսինոյի համոզմամբ, Հայաստանը կարող է լինել լավագույն վայրը երկխոսության համար:

Ողջունելով համաժողովը մեր երկրում անցկացնելու գաղափարը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվում են ևս մի քանի միջազգային ազդեցիկ համաժողովներ: Շատ էական համարելով, երբ մեկ տեղում են հավաքվում քաղաքականությամբ հետաքրքրված գիտնականները և գիտությամբ հետաքրքրված քաղաքական գործիչները, նախագահ Սարգսյանն ասել է. «Գիտության և քաղաքականության համադրությունը հատկապես կարևոր է ապագայի տեսանկյունից, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության համատեքստում»:

Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Պագուոշի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելուն և անցկացնելուն: 

Երկու ֆիզիկոսները խոսել են նաև աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին, անդրադարձել գլոբալ ռիսկերին ու մարտահրավերներին, դրանց դիմակայելու և դրանցից խուսափելու հնարավորություններին: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ