Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրենը չի պատրաստվում հեռանալ թատրոնից

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրենը չի պատրաստվում հեռանալ 
թատրոնից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը ՀՀ մշակույթի նախարարությունից ազատման հրաման չի ստացել և չի հեռանա թատրոնի շենքից, քանի դեռ առկա չէ համապատասխան փաստաթուղթը: Դրա լինելու դեպքում նախկին տնօրենը պատրաստվում է դատարանում բողոքարկել այն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս  մասին Գայանե Կարապետյանն ասաց հունվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Անդրադառնալով այն փաստին, որ հունվարի 9-ին ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը և թատրոնի տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանը Խորեոգրաֆիայի պետական թատրոն էին մուտք գործել ՀՀ ոստիկանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աջակցությամբ` նա ասաց. «Դեկտեմբերի 31-ին մեկնել եմ ԱՄՆ և վերադարձել եմ Հայաստան հունվարի 10-ին: ՀՀ մշակույթի նախարարի աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանին զգուշացրել եմ, որ վերադառնում եմ, բայց փոխնախարարը շտապել էր գնալ թատրոն: Ես փոխնախարարին տեղեկացրել եմ, որ մենք նախորդ տարվա ծրագրերն ամփոփում ենք հաջորդ տարվա փետրվարին: Ավարտում ենք առաջնախաղերը,  ներկայացնում ենք ֆինանսական հաշվետվությունները: Ի՞նչ կարիք կար շտապել»,-նշեց Կարապետյանը:

Հունվարի 9-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը նշել էր, որ թատրոնի շենքի բանալիների ու կնիքի հանձնման և ընդունման արարողությունը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 28-ին, բայց Գայանե Կարապետյանն ասել է, որ քաղաքում չէ: Որոշվել է հունվարի 9-ին դա անել և ներկայացնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Քանի որ դռները փակ են եղել, փոխնախարարը և թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ստիպված են եղել ներս մտնել  ՀՀ ոստիկանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների աջակցությամբ: «Նման իրավիճակում ես պարզապես չգիտեի ինչպես վարվել: Մտածում էի, որ այլ ելք չկա: Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մակունցն էլ խնդրեց դիմել ոստիկանություն: Ոստիկանության ներկայացուցիչներին բացատրեցի պահանջը, ասացին, որ մենք իրավունք ունենք մուտք գործել թատրոն, քանի որ այն պետական տարածք է և գտնվում է նախարարության ենթակայության տակ»,-շեշտել էր փոխնախարարը:

Թատրոնի դերասանուհի Մերի Հակոբյանն էլ ընդգծեց, որ ինքը բողոքում է, քանի որ իմացել է, որ թատրոնի ձևաչափը փոխվելու է, և այն վերածվելու է բալետային թատրոնի: «Ես խաղում եմ դրամատիկ դերեր, պարում եմ, երգում եմ: Եթե թատրոնը դառնա բալետային,  ես և իմ գործընկերները մնալու ենք առանց աշխատանքի: Չեմ կարող թույլ տալ, որ ինձ հեռացնեն, քանի որ թատրոնը չի եղել բալետային, երբ ընդգրկվել եմ թատերախմբում: Արել եմ բանվորի, դերձակի աշխատանք: Մենք դեկորացիաներ ենք սարքել, վարագույրներ ներկել և մեկս մյուսին շպարել, մեր ջանքերով թատրոնը ստեղծվել է ու չեմ պատրաստվում այդ ամենից հետո դուրս գալ,  քանի որ բալետի դերասանուհի չեմ»,-շեշտեց Հակոբյանը:

Փետրվարին թատրոնը պետք է հանդիսատեսի  դատին հանձներ  «Նարեկացի», «Արամն այստեղ է ապրում», «Վաղը ուշ կլինի» ներկայացումները, սակայն ստեղծված իրավիճակի պատճառով գործընթացը կանգ է առել:

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին: Համաձայն Լիլիթ Մակունցի որդեգրած քաղաքականության` երբ այս կամ այն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանում է, այն չի երկարացվում: Ըստ կարգի` նախարարը վեց ամսով նշանակում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հետո հայտարարվում է մրցույթ, որին կարող են մասնակցել նաև նախկին տնօրենները: Այդպես թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Փալանջյանը:

Լուսանկարը՝Sputnik Արմենիայի


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]