Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

ԵՄ-ն նախանշել է Արևելյան գործընկերության երկրներում տրանսպորտային կապի ապահովման առաջնահերթ ծրագրերը


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան  գործընկերության երկրներում տրանսպորտային կապն ու տնտեսական աճը խթանելու նպատակով Եվրոպական հանձնաժողովն ու Համաշխարհային բանկը նախաձեռնել են տրանսպորտային կապի ոլորտում ներդրումների գործողությունների ծրագիրը, որում սահմանված են առաջնահերթ ծրագրերը Հայաստանում, Բելառուսում, Ադրբեջանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի կայքը, գործողությունների ծրագրով Հայաստանի համար առաջնահերթ են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Գյումրի-Բավրա, Արտաշատ-Ագարակ հատվածների կառուցումը, Երևան-Վանաձոր մայրուղու կառուցումը, Մեղրիի անցակետի արդիականացումը:

Բոլոր ծրագրերը միասին վերցրած պահանջում են 13 միլիարդ եվրոյի ներդրում և ենթադրում 4800 կիլոմետր ավտոճանապարհների և երկաթուղու,  6 նավահանգստի և 11 լոգիստիկ կենտրոնի կառուցում:

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն ընդգծել է, որ գործողությունների ծրագրի իրականացումը համատեղ պարտավորություն է՝ տարածաշրջանի բոլոր քաղաքացիների համար շոշափելի արդյունքների հասնելու համար: Նա հավելել է, որ ծրագիրը որոշում կայացնելու իրավասություն ունեցող անձանց կօգնի նախանշել տրանսպորտային ենթակառուցվածքներում  ռազմավարական ներդրումների առաջնահերթությունները:

ԵՄ տրանսպորտի հարցով հանձնակատար Վիոլետա Բուլկը հայտարարել է, որ կատարելագործված տրանսպորտային կապը ինչպես Արևելյան գործընկերության տարածաշրջանում, այնպես էլ այդ տարածաշրջանի և ԵՄ-ի միջև, ունի անհրաժեշտ ներուժ՝ տնտեսական աճին նպաստելու և նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Նրա խոսքով՝ ծրագիրը պետք է ընդգծի նաև ճանապարհային երթևեկության անվտանգության, ինչպես նաև նոր ծրագրերում թվային  որոշումների, ԵՄ-ում գործող պրակտիկային համապատասխան նախագծային ստանդարտներին համապատասխանեցնելու  կարևորությունը:

 

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ