Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Պարենի միջազգային գները դեկտեմբերին կայուն են եղել


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) տվյալների, պարենի համաշխարհային գները դեկտեմբերին մածամասամբ կայուն են եղել: Միչդեռ հացահատիկային մշակաբույսերի միջազգային գների աճին զուգընթաց, նվազել են շաքարավազի և կաթնամթերքի գները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, ՊԳԿ Պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբերին կազմել է 161,7 միավոր` նախորդ ամսվա 161,6 միավորի համեմատ:

Ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, 2018 թվականին կազմել է միջինը 168,4 միավոր, ինչը 3.5% -ով պակաս է, քան 2017-ին, և գրեթե 27% -ով պակաս՝ 2011 թ-ին գրանցված ամենաբարձր ցուցանիշից :

Չնայած անցած տարվա ընթացքում բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի միջազգային գները աճել են, մնացած ապրանքների գները նվազել են, իսկ ամենաշատը՝ շաքարավազինը:

ՊԳԿ hացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 1,8% -ով և 9,6% -ով՝ 2017թ.-ի դեկտեմբերի համեմատ: Ամսվա  ընթացքում ցորենի և եգիպտացորենի գները բարձրացել են հարավային կիսագնդում եղանակային փոփոխության պատճառով, իսկ վեցերորդ ամիսն անընդմեջ բրնձի գները նվազել են: Ըստ ՊԳԿ-ի վերջին կանխատեսումների՝ 2018 թվականին ցորենի և եգիպտացորենի համաշխարհային արտադրության անկում է արձանագրվել, իսկ բրնձի արտադրությունը նոր ռեկորդ է սահմանել: Բոլոր հիմնական հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային մատակարարման ծավալները գերազանցում են պահանջարկը, և պաշարները դեռևս բավական մեծ են:

ՊԳԿ բուսական յուղի գների ինդեքսը դեկտեմբերին աճել է 0.4% -ով՝ այդպիսով վերջ դնելով տասը ամիսների ընթացքում գրանցվող անընդմեջ անկմանը, որը պայմանավորված է արմավենու յուղի գնի կայունացմամբ:  Սոյայի յուղի միջազգային գները շարունակել են նվազել, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ում գրանցված բարձր առաջարկի և Եվրոպական Միությունում՝ ցածր պահանջարկի: Նախորդ տարվա համեմատ 2018թ-ի ցուցանիշը միջինում 15 տոկոսով ցածր է եղել՝ արմավենու յուղի գնի ամենամեծ անկման հետևանքով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը ամսվա ընթացքում 0,8 տոկոսանոց աճ է արձանագրել, ինչը պայմանավորված է խոզի մսի գնի բարձրացմամբ: Դրան նպաստել է ներկրման համաշխարհային բարձր պահանջարկը՝ հատկապես Բրազիլիայից:  Ընդհանուր առմամբ, անցած տարի ցուցանիշը նվազել է 2,2 տոկոսով:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նոյեմբերի համեմատ նվազել է 3,3 տոկոսով` արձանագրելով իր յոթերորդ հերթական ամսական անկումը, ինչը պայմանավորված է կարագի, պանրի և չզտված կաթի փոշու ցածր գնառաջարկով: 2017 թվականից ի վեր ցուցանիշը նվազել է 4.6 տոկոսով, ինչը տարվա երկրորդ կեսին բոլոր տեսակի կաթնամթերքների գների անկման հետևանք է:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նվազել է 1,9% -ով` մասամբ Հնդկաստանում շաքարավազի արտադրության ավելի մեծ ծավալների, մասամբ էլ` նավթի հումքի միջազգային գների անկման, ինչը նվազեցրել է շաքարեղեգի, որպես էթանոլի հումք, պահանջարկը, որն էլ նպաստել է շաքարավազի արտադրության առաջարկի աճին, հատկապես Բրազիլիայում, որն աշխարհի խոշորագույն արտադրողն է: Ընդհանուր առմամբ, 2018 թ.-ին այս ցուցանիշը 2017 թվականի համեմատ նվազել է գրեթե 22 տոկոսով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ