Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հոկտեմբեր

Թումանյանական ներկայացումներ, «Հարսանիք թիկունքում» և այլ նորություններ. Գյումրու թատրոնի ծրագրերն այս տարի հագեցած կլինեն

Թումանյանական ներկայացումներ, «Հարսանիք թիկունքում» և այլ նորություններ. 
Գյումրու թատրոնի ծրագրերն այս տարի հագեցած կլինեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը վերջին տարիներին աչքի է ընկնում ակտիվ գործունեությամբ, բարձրակարգ ներկայացումների բազմազանությամբ, առաջիկայում կմեկնի արտերկիր հյուրախաղերի: Թատերասերների դատին կհանձնվի «Հարսանիք թիկունքում» ներկայացման շարունակությունը:

«2018 թվականին լավ ցուցանիշներ ենք ունեցել և ցանկանում ենք նույն ռիթմով շարունակել մեր աշխատանքը: Այս տարին սկսում ենք ամանորյա ներկայացումներով, այնուհետև ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ պատրաստվում ենք քսան օրով մեկնել ԱՄՆ հյուրախաղերի, որտեղ թատերախումբը հանդես կգա «Հարսանիք թիկունքում»  բեմադրությամբ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը:

Նրա խոսքով` Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ բեմադրվելու են ներկայացումներ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա:

Գյումրու թատրոնն աշխատում է աբոնեմենտային եղանակով, այսինքն` ներկայացումներ են ցուցադրվում ոչ միայն երեկոյան, այլև ցերեկային ժամերին դպրոցականների համար: Հայ մեծանուն գրողի «Ձախորդ Փանոսի արկածները», «Տերն ու ծառան» և այլ գործերի հիման վրա նախատեսված համանուն բեմադրությունները կներառվեն վերոնշյալ համակարգում:

Անդրադառնալով տարբեր ռեժիսորների հետ համագործակցությանը` Լյուդվիգ Հարությունյանն ընդգծեց, որ ամեն տարի թատրոն են հրավիրում երիտասարդ ստեղծագործողների՝ հետաքրքիր բեմադրություններ անելու: «Արդեն նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել Սուրեն Շահվերդյանի և Արշալույս Հարությունյանի հետ: Նշեմ, որ մարտին մենք հյուրախաղերով կլինենք Երևանում: Մարտի 5-ին և 6-ին կներկայացնենք «Bye bye լեդի» կատակերգությունը, հետագայում նաև Հրաչ Քեշիշյանի «Ոչինչ չի մնա» բեմադրությունը: Հյուրախաղերի կգնանք նաև  մարզեր»,-տեղեկացրեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե «Bye bye լեդի»-ին կարո՞ղ է, արդյոք, ունենալ այնպիսի հաջողություն, ինչպիսին «Հարսանիք թիկունքում»-ը՝ Հարությունյանը խոստովանեց, որ այս բեմադրության հաջողությունը նախևառաջ պայմանավորված է թեմայի ընտրությամբ: Այն նվիրված է Ապրիլյան պատերազմի հերոսներին: Սյուժեն գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են ամուսնացնել գերդաստանի միակ արու զավակին: Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս արտագաղթած և աշխարհի տարբեր ծայրերում ապրող ընտանիքի հարազատները: Պատերազմի պատճառով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված լքում է հարսնացուին ու գնում մարտի դաշտ:

Հարությունյանը շեշտեց, որ բեմադրության վրա աշխատել է ստեղծագործական մի մեծ խումբ` պիեսի հեղինակ Անահիտ Աղասարյանը, երգիչ Հայկոն, բեմադրող-նկարիչ Գարեգին Եվանգուլյանը և այլք, բայց միևնույն է, ներկայացման հաջողության գլխավոր գրավականը թեման է։ Իսկ «Bye bye լեդի»-ին տարբերվում է: «Այն թեթև կատակերգություն է, բայց, կարծում եմ, կընդունվի, և հանդիսատեսը կսիրի այն: Նշեմ, որ այժմ Անահիտ Աղասարյանի  հետ աշխատում ենք «Հարսանիք թիկունքում»-ի տրամաբանական շարունակության վրա»,-հաղորդեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Նա հավելեց, որ թատրոնը միշտ նորություն է փնտրում, համագործակցում է հրավիրյալ բեմադրիչների, դերասանների հետ, որոնք ասելիք, նորարարական մոտեցումներ ունեն:

Լյուդվիգ Հարությունյանը զրույցը եզրափակեց` ասելով, որ մեծ ցանկություն ունեն վերակենդանացնելու «Դուետ» միջազգային թատերական փառատոնը, որն ինչ-ինչ պատճառներով մի քանի տարի չի անցկացվել:

Անժելա Համբարձումյան




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ