Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունվար

Խորհրդարանական ընդդիմության մարտահրավերները


ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ շաբաթն առանձնացավ խորհրդարան անցած «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հրապարակային փոխհրաձգությամբ։ Առաջին հայացքից կարող է անտրամաբանական թվալ, որ ֆորմալ ու իրավական առումով ընդդիմադիր ուժերը պայքարում ու քննադատում են  ոչ թե իշխանությանը, այլ՝ միմյանց։ Բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Եթե նկատի ունենանք ներկայիս քաղաքական իրավիճակը, ապա հստակ  չի ուրվագծվում նաև, թե այս կուսակցությունները, որոնք անցել են խորհրդարան՝ ստանալով ՀՀ քաղաքացիների 15% աջակցությունը և նաև բոնուսային մանդատներ, ինչ դիրքերից են խոսելու և  ներկայանալու ապագա խորհրդարանում։

Ֆորմալ առումով, առկա են այս ուժերի յուրատեսակ մանիֆեստները իրենց ապագա քաղաքական կեցվածքի վերաբերյալ։ ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ հայտարարությունում, օրինակ, ասվում է որ. «...Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում և հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին և իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ և իր բարօրություն հայ ժողովրդի»։ Մյուս կողմից՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությունը հանդես է գալիս «միակ ընդդիմության» դերում. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքակրթական և արժեքային ընդդիմություն է՝ ձևավորված քաղաքական մեծամասնությանը։ Որպես նոր Հայաստանի պատմական ընտրության արդյունքում խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժ՝ միշտ բաց ենք համագործակցության համար խորհրդարանից դուրս գործող արժեքավոր քաղաքական ուժերի և անհատների հետ»։

ԲՀԿ-ն նախկին քաղաքական համակարգի պայմաններում ֆորմալ ընդդիմություն էր, բայց ավելի շատ բուֆերային դեր էր կատարում իշխանության և ընդդիմության մեջ, տիպաբանորեն տարբերվելով թե՛ ընդդիմությունից և թե՛ իշխանությունից։ «Լուսավոր Հայաստանը», «Ելք» դաշինքով անցնելով խորհրդարան, ընդդիմություն էր, սակայն թավշյա հեռափոխության հենց սկզբում հրաժարվեց աջակցել իր դաշնակից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ հայտարարելով, որ կա «երրորդ ճանապարհ»։

Այս երկու ուժերն էլ, սակայն, հեղափոխության փաստացի ավարտին հայտարարեցին, որ միանում են Համաժողովրդական շարժմանը և տոգորված են հեղափոխության գաղափարներով։ ԲՀԿ-ն իր նոր քաղաքական կրեդո հռչակեց տնտեսական հեղափոխությունը՝ հատկանշելով, որ ժամանակն է քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, իսկ «Լուսավոր Հայաստանն» էլ շարունակեց նախկինում որդեգրած արևմտամետ օրակարգը՝ հայտարարելով, որ շարունակելու են Հայաստանը Արևմտյան քաղաքական ու մշակութային համակարգում ինտեգրելու գործընթացը։ Այս կուսակցությունների հակասությունները տարատեսակ են՝ արտաքին քաղաքականից մինչև ներքաղաքական առանցքային հարցեր։ Որպես փոխգործակցության հնարավոր առանցք՝ արտաքին քաղաքական առումով ունենալով հստակ արևմտամետ և ռուսամետ դիրքորոշում, նրանք կարող են ընդհանուր հատման կետ գտնել հայաստանակենտրոն արտաքին քաղաքականությունը տրամաբանության մեջ։

Ի տարբերություն արտաքին ուղղության՝ ներքաղաքական հակասություններն առավել քան անհամադրելի են։ Հաշվի առնելով, որ իրավական առումով ոչ մի խոչընդոտ չկա՝ հայտնի բանավեճում Էդմոն Մարուքյանը փաստացի կասկածի տակ դրեց ԲՀԿ-ի՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի, քաղաքականությամբ զբաղվելու հանրային լեգիտիմության հարցը։ ԲՀԿ-ն իր հերթին թիրախավորեց Էդմոն Մարուքյանին և նրա կուսակցությանը որպես Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի կողմից ուղղորդվող «խամաճիկային» քաղաքական ուժ։ Ընտրությունների նախօրյակին այս երկու ուժերի հակասությունը զարմանալիորեն այդքան էլ թեժ չէր, քանի որ կար ՀՀԿ-ի գործոնը, որ մրցակից էր երկուսի համար էլ և 3-րդ տեղի հիմնական թեկնածուն էր։ Իսկ հիմա արդեն ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի խնդիրը չկա և ազատ դաշտ է ստեղծվել «միակ ընդդիմության» չարչրկված պայքարի համար։

Կարևոր է նաև հասկանալ, որ Փաշինյանին ու նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին ներկա փուլում թիրախավորելը և քննադատելը հղի է փոխադարձ արձագանքով, որը 6 կամ 8 տոկոս ստացած ուժերի համար այդքան էլ ցանկալի հեռանկար չէ։ Այդ իսկ պատճառով՝ մի կողմից ունենալով խնդիր ներկայանալ որպես ընդդիմություն, որի կրեդոն քննադատությունն է և միակը լինելը, իսկ մյուս կողմից չցանկանալով կամ չհամարձակվելով քննադատել բարձր վարկանիշ ունեցող հաղթող ուժին, նրանք որոշեցին գնալ ամենադյուրին ճանապարհով։ Իսկ այն կրկին հին ու բազմափորձ «միակ ընդդիմության» օրակարգն էր և միմյանց հանդեպ անձնականից գործնական հասնող վիրավորանքները։

Սա, իհարկե, պայմանավորված է նաև նրանով, որ փաստացի հաղթող ուժը դեռևս գործնական քայլեր չի իրացրել, վերափոխումներ չի սկսել։ Ենթադրելի է, որ երբ իշխանությունը կմեկնարկի իր գործառույթների իրականացումը, խորհրդարանական ֆորմալ ընդդիմությունների դիրքավորումը որոշակի փոփոխություններ կկրի։ Մյուս կողմից, եթե առաջիկայում էլ խորհրդարանական երկու ուժերը շարունակեն մրցակցել միակ կամ արմատական ընդդիմություն լինելու համար, ապա, ինչպես արդեն նշեցինք, գործ կունենանք պահանջարկը կորցրած «միակ ընդդիմության» օրակարգ հետ, որը հայաստանյան ներկայիս քաղաքական համայնապատկերում պարզապես բովանդակազուրկ է։

Թերևս այս տեսանկյունից հարկ է նշել, որ ընդհանրապես հայաստանյան քաղաքական դաշտի հետագա ձևավորման գործընթացի առաջնահերթություններից մեկը խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից առկա իրականությանը հարիր և արդիական օրակարգերի, հայեցակարգերի մշակումն ու ներդրումն է՝ ինչպես իշխանության, այնպես էլ հասարակության հետ հարաբերվելու մակարդակներում։ 

Գոռ Մադոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ