Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի ու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանի ու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի միջև հանդիպում չի նախատեսվում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

«Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի նախատեսվում: Եթե մինչև հիմա հանդիպում տեղի չի ունեցել, ապա նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասաց նա:

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ կոնսենսուսով կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նրա թեկնածությանը համաձայնել են Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ռուսաստանի նախագահները: Զասն այցելել է այդ երկրներ և հանդիպել նախագահների հետ:

«Հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում, արդյունավետ ու օգտակար ինձ համար»,- ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը: Նա հայտնել է, որ հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ երկրների առաջնորդները խոսել են տարածաշրջանում իրադրության ու կազմակերպության գործունեության իրենց գնահատականների մասին: «Կարծում եմ՝ մնացած օրերի ընթացքում կամ գալիք տարվա առաջին օրերին բոլոր իրավական գործընթացները կիրականացվեն և կսկսվի աշխատանքը նոր պաշտոնում»,- նշել է Զասը: Հարցին, թե արդյոք ծրագրվում է հանդիպում Հայաստանի ղեկավարության հետ՝ նա պատասխանել է. «Պատրաստ եմ Հայաստանի վարչապետի համար ցանկացած հարմար ժամանակ մեկնել այնտեղ ու հանդիպել նրա, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ, քննարկել այն հնարավոր հարցերը կամ խնդիրները, որոնք տեսնում են կառույցի գործունեության մեջ, և հետագայում աշխատել այդ հարցերի շուրջ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում