Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Քննարկվել է Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը

Քննարկվել է Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին, «Մարդը կարիքի մեջ» (“People in need”) հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Շիմոն Պանեկին և կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության առաքելությունը և առաջիկա նախաձեռնությունները, մասնավորապես, Ամասիայում բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը:

Գեղամ Գևորգյանը նշել է, որ նման ծրագիրը խիստ կարևոր է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, քանի որ նպաստում են գյուղական բնակավայրերում նոր աշխատատեղերի բացմանը և եկամուտների ավելացմանը: 

Հյուրերի տեղեկացմամբ` բրդի վերամշակման երկամյա ծրագիրը նպատակ ունի նպաստել բրդի ողջ արժեշղթայի զարգացմանը՝ ոչխարաբուծությունից մինչև տարատեսակ ապրանքների արտադրություն: Այն  մշակվել է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի, Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի և ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի համատեղ ջանքերով, իրականացվելու է 2019 թվականին «ԵՄ-ն Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում: 

Ծրագրով նախատեսվում է նաև տեղի բալբաս տեսակի ոչխարների տրամախաչում կորիդել տեսակի բրդամսատու տեսակի հետ։ Նախաձեռնողներն ակնկալում են, որ բարեհաջող ընթացքի դեպքում այն կկիրառվի նաև այլ մարզերում։

Պատրաստակամություն հայտնելով աջակցել վերոնշյալ ծրագրերի կյանքի կոչմանը` Գեղամ Գևորգյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում նաև այլ նախաձեռնությունների, մասնավորապես` գյուղատնտեսական քոլեջների ստեղծման և փորձացուցադրական այգիների հիմնման հնարավորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am