Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բժշկական համալսարանը համագործակցության հուշագրեր է կնքել «Ուիգմոր Քլինիք» և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների հետ

Բժշկական համալսարանը համագործակցության հուշագրեր է կնքել «Ուիգմոր Քլինիք» և 
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը համագործակցության հուշագրեր է ստորագրել «Ուիգմոր Քլինիք» և «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնների հետ։ Հուշագրերի համաձայն՝ կողմերը նախատեսում են համագործակցել մի շարք ուղղություններով՝ իրենց ջանքերն ու ներուժը համատեղելով ի նպաստ առողջապահության ոլորտում կրթության և գիտության զարգացման:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ քննարկումների արդյունքում հասել են այն կառուցողական եզրերին, որոնք թույլ են տալիս ուրվագծել համալսարան ու բուժհաստատություն փոխհարաբերությունները: «Բժշկական համալսարանն ունենալով երեք խոշոր կլինիկաներ՝ նախատեսում է հավասարապես համագործակցել մյուս բուժհաստատությունների հետ: Համոզված եմ, որ մեր գործընկերները, որոնք պատրաստ են նպաստել կրթական, գիտական ծրագրերին՝ վերլուծելով իրավիճակը, ևս պատրաստակամ են կատարել իրենցից կախված բոլոր գործողությունները»,- նշել է ռեկտորը՝ ավելացնելով, որ Բժշկական համալսարանը նոր մոտեցումներով է հանդես գալիս բուժհաստատությունների հետ փոխհարաբերություններում:

«Ուիգմոր Քլինիք»-ի տնօրեն Զավեն Քոլոյանի խոսքով՝ ուրախ են, որպես գործընկեր, կանգնել ապագա բժիշկների կողքին: «Շատ լավ գիտակցում ենք, որ հուշագրի կնքումից հետո մանրակրկիտ աշխատանք է սպասվում»,- նշել է նա՝ հավելելով, որ պատրաստ են ամբողջ թիմով աշխատել՝ կրթության որակի բարձրացման հարցում իրենց ներդրումն ունենալու համար:

«Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը շեշտել է, որ մեծ պատիվ է ԵՊԲՀ-ի հետ համագործակցության հուշագրի կնքումը, որը հետագայում փոխարդյունավետ ու արգասաբեր աշխատանքի հիմք է լինելու: «Մեր բժշկական կենտրոնը Հայաստանում տարիներ շարունակ սրտաբանության ոլորտում առաջատար տեղ է զբաղեցնում: Ունենալով մեծ գիտական բազա և պրակտիկ արդյունքներ՝ կարող ենք օգտակար լինել ապագա բժիշկներին»,- ընդգծել է նա:

Անդրադառնալով «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի հետ համագործակցությանը՝ Արմեն Մուրադյանն ասել է, որ անհրաժեշտ է համադրել շահերն ու աշխատել ի նպաստ լավ կադրեր ունենալու: ««Նորք Մարաշ»-ը մեծ փորձ ունի կադրեր պատրաստելու հարցում՝ այն սրտաբանների դարբնոցն է»,- նշել է ռեկտորը: Արմեն Մուրադյանը կարևորել է նորաստեղծ «Ուիգմոր Քլինիք»-ի հետ հուշագրի ստորագրումը՝ ավելացնելով, որ այն իր հագեցվածությամբ ու մասնագետներով կարող է համեմատվել եվրոպական կլինիկաների հետ: «Մենք ցանկանում ենք, որ ԵՊԲՀ-ն՝ որպես մայր բուհ, ամենաբարձր կերպով պահի իր տեղը: Բոլոր հիվանդանոցների, կլինիկական բազաների հետ պետք է լինեն պայմանագրային հիմունքներ, պարտավորություններ, պատասխանատվություն և իրավունքներ: Սրանք հուշագրեր են, որոնք հետագայում կդառնան պայմանագրեր»,- ասել է Արմեն Մուրադյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am