Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանի կառավարությունն ունի մեկ արտոնյալ տարի տնտեսության «իներցիոն» ընթացքը «պոտենցիալ» զարգացմամբ փոխարինելու համար

Փաշինյանի կառավարությունն ունի մեկ արտոնյալ տարի տնտեսության «իներցիոն» 
ընթացքը «պոտենցիալ» զարգացմամբ փոխարինելու համար
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում 7-րդ գումարման Ազգային ժողովի ձևավորմամբ իշխանափոխության ութամսյա գործընթացն ավարտվում է: Ի պատիվ նախորդ վարչակազմի և ի շնորհ գործող իշխանության՝ Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունեցավ առանց լուրջ ցնցումների, և տնտեսությանը հաջողվեց պահպանել աճի նախկին միտումներն ու տեմպերը, ինչը հազվադեպ երևույթ է շուկայական տնտեսության համար:

Տեղի ունեցած իշխանափոխությունը, որը ստացել է «Թավշյա հեղափոխություն» անվանումը, քաղաքագիտական տեսանկյունից երբեմն համարում են «դասագրքային օրինակ»: Սակայն նման հավակնոտ որակում տալը դեռ վաղ է, քանի որ, լինի իշխանափոխություն, թե հեղափոխություն՝ այն ինքնանպատակ չէ, և դրա նշանակությունն ու արժեքը պետք է չափել ստացած արդյունքներով: Իսկ այս պահին արդյունքների մասին խոսելը վաղ է, քանի որ խոստովանենք թե ոչ՝ առայժմ ունենք միայն մեծ ակնկալիքներ ու ոգևորություն, բայց ոչ՝ շոշափելի ու էական արդյունքներ (թերևս, բացառությամբ կոռուպցիայի դեմ պայքարի):

Տրամաբանական է, որ 70% վստահության քվե ստացած քաղաքական ուժից հանրությունը շատ մոտ ապագայում պահանջելու է վերոնշյալ շոշափելի և էական արդյունքները, որոնք ի թիվս այլ ցուցիչների՝ նախևառաջ պետք է արտահայտվեն սոցիալական ու տնտեսական ակնհայտ առաջընթացով:

2019թ-ի պետական բյուջեի նախագծին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ազնվորեն տվել էր «իներցիոն» բնորոշումը, ինչը նշանակում է, որ հաջորդ տարվա ընթացքում ևս պետական ապարատի աշխատանքը, գտնվելով ակտիվ բարեփոխումների փուլում, շարունակելու է ընթանալ նախորդ տարիներին բնորոշ տրամաբանությամբ և ուղղությամբ: Նույն «իներցիոն» եզրույթով կարելի է բնորոշել նաև գալիք տարվա ընթացքում Հայաստանի տնտեսության զարգացման նախանշվող միտումները, քանի որ առավել արմատական փոփոխությունների համար դեռևս առկա չեն անհրաժեշտ ծրագրային, ինստիտուցիոնալ և ռեսուրսային հենքերը: Միայն այս երեք բաղադրիչների համադրմամբ հնարավոր կլինի ապահովել տնտեսության «պոտենցիալ» զարգացումը:

Նոր կառավարության տնտեսական զարգացման միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերը պետք է տան այն հարցերի պատասխանը, թե նախևառաջ որոնք են լինելու տնտեսության լոկոմոտիվ ոլորտները և որ ճյուղերի զարգացման ուղղությամբ է պետությունը գործադրելու իր ներուժը: Արդյո՞ք հանքարդյունաբերությունը շարունակելու է մնալ տնտեսության առաջատար ճյուղ: Իսկ եթե այդ դերը ստանձնելու են ՏՏ և ծառայությունների ոլորտները, ապա ի՞նչ միջոցառումներ ու քայլեր է իրականացնելու կառավարությունն այդ ուղղություններով: Այդպիսի հստակ ծրագրերի որդեգրումը կարևոր է ներքին, արտաքին տնտեսվարողների ու ներդրողների համար, որովհետև վերջիններս ակնկալում են կանխատեսելի տնտեսական միջավայր և հեռանկար: Նման ծրագրերը հիմք կհանդիսանան նաև կրաթական համակարգը ճիշտ ուղղությամբ արդիականացնելու համար:

Տնտեսության զարգացման ինստիտուցիոնալ հենքը կայուն հարկային ու մաքսային օրենսդրությունն է, անաչառ և անկաշառ արդարադատության համակարգը, կոռուպցիայից զերծ կառավարության գործունեությունը՝ կապված արտոնությունների տրամադրման և պետական գնումների քաղաքականության հետ: Այս հարցերում գործող կառավարությունը հասցրել է դրականորեն դրսևորել իրեն, և մնում է ակնկալել, որ նույն եռանդը չի մարի նաև ապագայում: Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ արդարադատության համակարգի կայացման հարցում անելիքները դեռ շատ են:

Ինչ վերաբերում է տնտեսության զարգացման ռեսուրսային հենքին, ապա այստեղ խնդիրն առնչվում է ինչպես ներդրումների ներգրավմանը (ներքին և արտաքին), այնպես էլ՝ որակյալ մասնագետների պատրաստմանը, որոնք կրկին ածանցվելու են կառավարության ծրագրային դրույթներից: Տնտեսության զարգացման ծրագրերի հստակեցումը կարևոր է այս տեսանկյունից, քանի որ բարձրագույն և միջին մասնագիտական կրթական հաստատությունները հնարավորություն կստանան արդիականացնել իրենց կրթական գործընթացն այնպես, որ իրենց պատրաստած կադրերը հեռանկարում պահանջարկ ունենան ներքին շուկայում:

Ձևավորվելիք կառավարությունը 2019թ-ի ընթացքում մեծ ջանքերի գործադրման և սեփական վարկանիշի գնով պետք է հաջողի կայացնել նշված երեք հենքերը, որոնք հաջորդող տարիների համար կապահովեն «պոտենցիալ» տնտեսական աճի տեմպեր: Ընդ որում կառավարությունը կանգնած է լինելու դժվար երկընտրանքի առջև՝ կա՛մ իրականացնել տնտեսության տրանսֆորմացիա՝ հետագա առաջանցիկ աճի ակնկալիքով, կա՛մ զերծ մնալ արմատական փոփոխություններ իրականացնելու ռիսկերից և բավարարվել տնտեսության ներկա «իներցիոն» ընթացքով:

Այլ հավասար պայմաններում այս երկու թիրախները համատեղել չի հաջողվի (եթե, իհարկե, տեղի չունենան արտառոց իրադարձություններ, օրինակ՝ միջազգային կազմակերպությունների կամ կորպորացիաների կողմից մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ծրագրեր իրականացվեն, ինչը քիչ հավանական է), քանի որ տնտեսության արմատական տրանսֆորմացիան մի շարք ցավոտ որոշումներ է պահանջելու, որոնք նվազեցնելու են տնտեսական աճի տեմպերը և կարող են դժգոհությունների պատճառ դառնալ: Խոսքը հետևյալ որոշումների մասին է.

  • Հանքարդյունաբերության ճյուղում կարգ ու կանոն հաստատելու ձգտումն անպայմանորեն բերելու է այդ ոլորտի ցուցանիշների նվազեցմանը, որն, ինչպես հայտնի է, ՀՆԱ-ում մեծ տեսակարար կշիռ ունի,
  • Եկամտային հարկի համահարթեցման և միկրոձեռնարկատիրության հարկային բեռի թեթևացման հետևանքով էականորեն նվազելու են պետական բյուջեի մուտքերը, ինչն անհրաժեշտ է լինելու փոխհատուցել այլ հարկատեսակներով, մասնավորապես՝ ընդլայնվելու է ակցիզային հարկի հարկման բազան և դրույքաչափը՝ համապատասխան թանկացումների շղթայով,
  • Արտաքին պարտքի զսպման քաղաքականությունը կարող է առաջ բերել պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման և դրամի կայունության հետ կապված խնդիրներ,
  • Պետական ապարատի կրճատումը (շրջանառվող 100 հազար թվի պարագայում) մի կողմից կստեղծի ազատ ֆինանսական միջոցներ, որոնք կարող են ուղղվել տնտեսության առանձին ճյուղերին, սակայն մյուս կողմից կբերի գործազրկության մակարդակի բարձրացման՝ իր բոլոր հետևանքներով, և այլն:

Եթե անցած ութ ամիսների ընթացքում կառավարությունն անընդմեջ ձևափոխումների և ադապտացվելու փուլում էր ու չուներ ծանրակշիռ լծակներ օրենսդիր մարմնում, ապա 2019թ-ից այլևս տեղին չեն լինի առկախված խնդիրների լուծումները հետաձգելը և անցումային փուլում լինելու մասին պատճառաբանությունները: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի բացառիկ հնարավորություն՝ վայելելով հանրության գերակշիռ մասի աջակցությունը, իրեն թույլ տալ գնալ ոչ պոպուլյար լուծումների և իրականացնել պետական համակարգի, տնտեսության տրանսֆորմացիայի ցավոտ գործընթացն ամբողջ ծավալով: Եվ այս առումով առաջիկա մեկ տարին ամենաօպտիմալ և արտոնյալ ժամանակահատվածն է՝ թեկուզ վարկանիշի անկման գնով տնտեսության ներուժային զարգացման հիմքերը դնելու համար, որն իր արդյունքը ցույց կտա հաջորդող տարիներին:

Հակառակ պարագայում, եթե նոր կառավարությունը որոշի 2019թ-ի ընթացքում ռիսկի չդիմել և ժողովրդահաճո որոշումներով փորձի պահպանել բարձր վարկանիշը, ապա այն սրընթաց հետագծով անկում կապրի արդեն 2020թ-ից սկսած, քանի որ հանրությունն ակնհայտ կզգա, որ իշխանափոխությունից ակնկալվող արդյունքներն այլևս անիրատեսական են, քանզի երկիրն ամբողջությամբ շարունակում է նախկին ճահճացած «իներցիան»: 

Գոռ Ծառուկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am