Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Համազգային թատրոնի դերասանները շարունակում են գործադուլը

Համազգային թատրոնի դերասանները շարունակում են գործադուլը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համազգային թատրոնի ստեղծագործական կազմը շարունակում է դեկտեմբերի 1-ից հայտարարած անժամկետ գործադուլը` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:

«Արմենպրես»-ի թղթակիցը թատրոնի դերասաններ Տաթև Ղազարյանից և Գագիկ Մադոյանից հետաքրքրվեց, թե գործադուլի մեկնարկից մինչ օրս դեպքերի ի՞նչ զարգացում է տեղի ունեցել, արդյոք ստեղծագործական կազմը հանդիպե՞լ է նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հետ, եղե՞լ են քննարկումներ:

«Իրականում ոչ մի սարսափելի բան չի եղել: Կա մի թատրոն, որն ունի առողջ կոլեկտիվ, որում կան երիտասարդ և կարող ուժեր: Ինչո՞ւ չօգտվել այդ ուժերից և թատրոն բերել այլ մարդկանց»,-ասաց Ղազարյանը:

Անդրադառնալով թատրոնի ներկայիս տնօրեն Վիգեն Չալդրանյանի նշանակած գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանին՝  նա նշեց, որ թատրոնի ստեղծագործական կազմը շատ լավ է վերաբերվել Սուրենին, նրա ներկայացումներին, անգամ ցանկություն են ունեցել, որ վերջինս  Համազգային թատրոնում բեմադրություններ անի:

«Նորից եմ կրկնում՝ ինչո՞ւ թաքուն նշանակել Շահվերդյանին, եթե մենք թատրոնում ունենք մեր գանձը, ինչո՞ւ դիմենք այլ ուժերի: Ասես  թողնես մորդ և ուրիշին խնդրես, որ քեզ մայրություն անի: Ինչ վերաբերում է Վիգեն Չալդրանյանին՝ այնպես չէ, որ որպես մարդու նրա հանդեպ վատ ենք տրամադրված: Մեր անձնական հարաբերությունները լավ էին, երբ ինչ-որ հարցով դիմել ենք նրան, երբեք չի մերժել, հնարավորինն արել է: Մենք նրան շնորհակալ ենք եղել և այսօր էլ շնորհակալ ենք, բայց որպես թատրոնի  մարդ, որպես գեղավեստական ղեկավար, տնօրեն, պետք է հասկանալ, որ ժամանակն է տեղը զիջել երիտասարդներին»,-ընդգծեց Ղազարյանը:

Նա շեշտեց, որ շարունակելու են պահանջել, որ Վիգեն Չալդրանյանը հեռանա Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնից, իսկ նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանի հետ չեն ցանկանում համագործակցել:

Գագիկ Մադոյանն էլ  իր հերթին հաստատեց, որ գործադուլը շարունակվում է: «Մենք սպասում ենք ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի  վերջնական որոշմանը: Ընտրությունների պատճառով հարցի լուծումը մի քիչ ձգձգվեց, բայց կարծում եմ, որ շուտով կհանդիպենք նրա հետ, և խելամիտ որոշում կլինի»,-հույս հայտնեց դերասանը և ընդգծեց, որ այսպես շարունակվել չի կարող:

Խոսելով Սուրեն Շահվերդյանի հետ հնարավոր համագործակցության մասին` նա ասաց, որ իրենց օրակարգում նման խնդիր չի քննարկվում: «Շահվերդյանի նշանակումը օրենքով է, բայց  մարդկային օրենքով նա չպետք է գար: Երկու օր առաջ զրուցել ենք նրա հետ` փորձելով հասկանալ իրավիճակը, բայց սայլը տեղից չի շարժվում: Սակայն Շահվերդյանն ասում է, որ ինքը նպատակ չունի մնալ, կգնա:  Հետո այլ բան է ասում: Մենք մեր պահանջը ներկայացրել ենք, և պահանջը կապված է Վիգեն Չալդրանյանի ոչ թե անձի կամ  բեմադրությունների, այլ ղեկավարման հետ: Թատրոնը գնում է հատակ, չի կարողանում զարգացում ապրել»,-վստահեցրեց Մադոյանը և հավելեց, որ անձամբ ինքը 18 տարի աշխատում է Համազգայինում, և այն անընդհատ տատանումներ է ունեցել, նաև վերելքներ: Ինքը սովոր է վերելքներին, բայց վերջին երկու տարում թատրոնը դեպի կործանում է գնում:

Խոսելով թատրոնի հնարավոր լուծարման մասին՝ Մադոյանը  շեշտեց, որ դրա մասին խոսք անգամ լինել չի կարող:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի 18 դերասանից բաղկացած ստեղծագործական կազմը դեկտեմբերի 1-ից անժամկետ գործադուլ է հայտարարել` պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Նրանք տնօրենի պաշտոնում ցանկանում են տեսնել դերասան Արման Նավասարդյանին, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում` դերասանուհի և բեմադրիչ Նարինե Գրիգորյանին: Դերասանները և Վիգեն Չալդրանյանը հանդիպել են ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ` փորձելով ընդհանուր  հայտարարի գալ, սակայն հարցը լուծում չի ստացել: Չալդրանյանը հրաժարվել է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից` որոշելով շարունակել իրականացնել տնօրենի պարտականությունները: Հանդիպումից հետո Չալդրանյանը Համազգայինի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում է նշանակել Սուրեն Շահվերդյանին:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am