Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

ՀՀԿ-ն ուղերձ է հղել հայ ժողովրդին Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ


ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայկ ժողովրդին ուղղված ուղերձ է հղել Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ուղերձը: 
«Այսօր ողջ հայ ժողովուրդը և շատ շատերն աշխարհում վերստին հիշում ու վշտակցություն են հայտնում 30 տարի առաջ Հայաստանին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ: 
Անդառնալի կորուստը մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներն էին, ովքեր զոհ գնացին բնական արհավիրքին: Աղետի մասշտաբներն այնքան մեծ էին, որ բացված վերքը նույնիսկ այսօր սպիացած չէ և հիշեցնել է տալիս իր մասին գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում: Մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում ավերիչ երկրաշարժի բոլոր զոհերի հիշատակին, մեր զորակցությունն ենք հայտնում նրանց  հարազատներին և հույս հայտնում, որ անցած տարիների ընթացքում նոր ծնունդներով հնարավոր է եղել ինչ-որ կերպ ամոքել կորստի ցավը: 
Աննկարագրելի մեծ էր նաև նյութական կորուստը: Հարյուր հազարավոր հայրենակիցներ վայրկյանների ընթացքում կորցրեցին այն ամենն, ինչը մի քանի սերունդների ջանքերով կառուցել էին քարը քարի վրա դնելով: 
Սպիտակի երկրաշարժը պատուհասեց պատմական մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը կրկին մեկտեղվել էր ազգային ազատագրական պայքարի դրոշի ներքո: Եվ թվում էր, թե բնական արհավիրքն ի զորու է կոտրել մեր ոգին: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ կորստի ցավը ոչ միայն հետ չպահեց մեզ մեր ազգային իղձերից, այլ էլ ավելի համախմբեց: Համախմբեց և հնարավորություն տվեց միասնաբար հաղթահարել խորը վիշտը: 
Մեր վշտի հետ մենք չմնացինք միայնակ: Հաշված ժամերի ընթացքում հայ ժողովրդի կողքին էին ոչ միայն ԽՍՀՄ կազմի մեջ մտնող միութենական հանրապետությունները, այլև ողջ միջազգային հանրությունը: Մարդասիրությունն ու բարեգործությունն այդ օրերին առատորեն թակեցին մեր դուռն ու իրենց ջերմությամբ և անկեղծությամբ ստիպեցին ոչ միայն ապավինել համայն մարդկության օգնությանն, այլև օգնեցին վերապրել: Եվ այսօր առիթ է կրկին անգամ մեր խորը երախտագիտությունը հայտնելու բոլոր այն անձանց, կազմակերպություններին ու պետություններին, որ այդ ողբերգության օրերին ու դրանից հետո մեր կողքին էին: 
Սիրելի հայրենակիցներ, 
Այսօր՝ երկրաշարժից 30 տարի անց, ցանկալի կլիներ խոսել երկրաշարժի հետևանքների իսպառ վերացման մասին: Եվ թեև շատ բան արվել է, սակայն բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մեզ չի հաջողվել անել ամբողջը: Միաժամանակ, սակայն, մեզ հաջողվել է ամենակարևորը՝ դասեր քաղել: 
Եվ վստահաբար կարող ենք պնդել, որ չնայած դժվարություններին, անցած երեք տասնամյակների ընթացքում մենք միասնաբար կարողացել ենք ստեղծել նախադրյալներ, որոնք կապահովեն բնական ու սոցիալական աղետները հաղթահարել առանց անդառնալի կորստի: Աստված պահապան մեր ժողովրդին»:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ