Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Մենք հստակ գնում ենք մեկ ուղղությամբ, մեր նպատակները միշտ նույնն են. Արթուր Խաչատրյան


ԳՅՈՒՄՐԻ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարոզարշավի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Շիրակի մարզում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացրեց կուսակցության ցուցակի երրորդ համար Արթուր Խաչատրյանը: Գյումրու Տիկնիկային թատրոնում կայացած հանդիպման ժամանակ Շիրակի նախկին մարզպետը ներկայացրեց երկրի և մարզի առջև ծառացած խնդիրների լուծման իմ մոտեցումները։
Հանդիպման ժամանակ Արթուր Խաչատրյանն անկեղծացավ՝ ցանկություն կար առաջադրվել Շիրակի մարզից՝ մարզին ծանոթ է, խնդիրներին տեղյակ, բայց, քանի որ կուսակցության ցուցակով 3-րդ համարը դարձավ, ապա մնաց Երևանում: «Ամեն դեպքում, ինչպես կառավարությունում եմ եղել Շիրակի «ագենտը», այդպես էլ ԱԺ-ում կլինեմ: Բայց, քվեարկելով մեր կուսակցության ռեյտինգային ցուցակի ցանկացած թեկնածուի օգտին, համարեք, որ իմ օգտին եք քվեարկում: Իսկ մեր կուսակցությունն անելու շատ բան ունի, քանի որ ՀՅԴ համահայկական միակ կառույցն է և ինստիտուցիոնալ կապող օղակը՝ միակը Ջավախքում, սփյուռքում, Ղարաբաղում, ՌԴ-ում»,- նշեց Արթուր Խաչատրյանը:
Նա խոսեց նաև առաջիկայում հօգուտ Դաշնակցության գրանցվելիք ձայների մասին: «Բնականաբար, մենք 70 տոկոսի չենք գնալու, մենք մոդայիկ կուսակցություն չենք: Մենք նավ ենք, որը գնում է մեկ ուղղությամբ՝ առանց ուղղությունը փոխելու, իսկ կողքին ավելի սիրուն ներկած կուսակցություններ են վազվզում, չգիտես՝ այսօր ինչ են ասում, վաղն ինչ են ասելու: Մենք հստակ գնում ենք մեկ ուղղությամբ, մեր նպատակները միշտ նույնն են»,- եզրափակեց պատգամավորի թեկնածուն:

Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ