Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս 2022

Վաղարշապատում մարզային քարոզարշավի ավարտին Փաշինյանը կարևորեց արժեքների հեղափոխությունը

Վաղարշապատում մարզային քարոզարշավի ավարտին Փաշինյանը կարևորեց 
արժեքների հեղափոխությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում արժեքների հեղափոխություն իրականացնելու համար «Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 9-ի ընտրություններում վստահության քվե է խնդրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վաղարշապատում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր գտնվում ենք հայոց փառապանծ մայրաքաղաքներից մեկում։ Էջմիածին գալուց առաջ մտածում էի, թե այսօր կայացրած որոշումները ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ հետագայի ու պատմության վրա։ Ինչպես, օրինակ՝ այստեղ Վաղարշապատում Վռամշապուհ արքան հրավիրեց Սահակ Պարթևին ու Մեսրոպ Մաշտոցին ու նրանց առջև հայոց գրերը ստեղծելու խնդիր դրեց։ Այսօր Հայաստանում երեխաները պետք է մի քանի օտար լեզու իմանան, բայց Հայաստանում հայոց լեզվի բարձրագույն կարգավիճակի հետ կապված որևէ քննարկում լինել չի կարող։ Հայոց լեզուն կա, և շարունակելու է լինել Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատում ամփոփեց մարզային քարոզարշավի փուլը։

«Ինն օրվա ընթացքում մենք եղանք ավելի քան 40 համայնքներում։ Սա ուղղակի քարոզարշավ չէ, սա մեր վերաբերմունքն է, մեր մեթոդը, և շատ կարևոր է քաղաքական գործչի, առավել ևս՝ նախարարի ու վարչապետի համար՝ լինել Հայաստանի բոլոր վայրերում, զգալ երկիրը, զգալ մարդկանց, և ես ուրախ եմ տեսնել հայ ժողովրդին լրիվ ուրիշ տրամադրությամբ։ Սա չի նշանակում, որ մենք 7 ամսվա ընթացքում լուծել ենք բոլոր խնդիրները, բայց փոխվել է այն, որ, օրինակ, եթե առաջ Էջմիածնում երկու կողմից փակ փողոց կար, հիմա չկա այդ փողոցը»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]