Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները ընտրատեղամասերում շարունակում են արդիական մնալ. մասնագետ

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները ընտրատեղամասերում շարունակում 
են արդիական մնալ. մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրատեղամասերի գերակշռող մեծամասնությունը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում  լուրջ խոչընդոտներ ունի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հաշմանդամների միջազգային օրը` դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը:

«Հարմարավետ ընտրության խնդիրն ասես չեն կարևորում կառավարությունները: Հաճախ են խոսում մեր խնդիրների մասին, բայց ես չեմ տեսնում, որ հիմնավոր լուծում տրվի սայլակ օգտագործող և այլ դժվարաշարժ մարդկանց ընտրություններին մասնակցելու հարցին: Ընտրատեղամասների գերակշռող մեծամասնությունը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում լուրջ խոչընդոտներ ունի, և պարզ չէ, թե մենք ինչպես պետք է մասնակցենք ընտրություններին»,-իր վրդովմունքն արտահայտեց նա:

Ալավերդյանի խոսքով` անձամբ ինքը քվեարկում է Վ. Մայակովսկու անվան թիվ 7 հիմնական դպրոցում: Նա հավելեց, որ ունի երկընտրանք` ընդհանրապես չմասնակցել ընտրություններին, մասնակցել օգնականների միջոցով` հաղթահարելով բազմաթիվ աստիճաններ բարձրանալու անջրպետը: Նախընտրում է երկրորդ տարբերակը, բայց դա շատ անդուր է:

«Եթե խոսենք խուլ ու համր մարդկանց մասին, ապա նրանց դեպքում ինչպես առօրյայում, այնպես էլ ընտրություններին հիմնական խնդիրը տեղեկացված լինելն է: Տեսնում ենք, որ քարոզարշավն այս անգամ ևս չի ուղղորդվում սուրդոթարգմանությամբ: Նույնը կարելի է ասել չտեսնող մարդկանց մասին»,-նշեց Ալավերդյանը:

Նա խոստովանեց, որ չկան վիճակագրական տվյալներ, թե հաշմանդամներից քանիսը չի կարողանում մասնակցել ընտրություններին: «Պաշտոնապես գրանցված 187 000 հաշմանդամ կա, 6-8 հազարը երեխաներ են, մնացածը, շատ փոքր բացառությամբ, ունեն ընտրելու իրավունք: Կարող ենք ենթադրել, որ 170 000  ընտրող կա: Շեշտեմ, որ երբ ասում ենք հաշմանդամություն ունեցող ընտրող, չպետք է հասկանանք միայն սայլակով մարդկանց: Մեր դիտորդական փորձը ցույց է տալիս, որ դժվարաշարժ մարդիկ պասիվ են, անհարմարությունների պատճառով հակված չեն մասնակցել ընտրություններին»,-ասաց նա ու կոչ արեց բոլորին ակտիվ մասնակցել ընտրություններին, քանի որ դա ոչ միայն համապետական կարևոր նշանակություն ունի, այլև երբ մարդիկ տեսնում են, որ դու սայլակով եկար ընտրության, փորձում են լուծել այդ խնդիրը:

1992 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը հռչակվեց  Հաշմանդամների միջազգային օր: Օրվա նպատակն է հասարակությանն իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հուզող խնդիրների մասին:

Այդ օրը տարբեր հասարակական կազմակերպություններ իրականացնում են միջոցառումներ հաշմանդամների արժանապատվությունը և իրավունքները պաշտպանելու, նրանց վիճակը բարելավելու և միաժամանակ նրանց՝ հասարակության լիարժեք անդամ դարձնելու ուղղությամբ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am