Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

«Ալաշկերտ»-ը խզել է պայմանագիրը Արտյոմ Սիմոնյանի հետ  


ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը խզել է պայմանագիրը կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատճառների մասին պատմել է «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը, ով նաև հանդես է եկել հայտարարությամբ ու կոչով:

«Մենք խզել ենք Արտյոմ Սիմոնյանի հետ պայմանագիրը, քանի որ հայկական ակումբներից մեկը պայմանագիր է առաջարկել մեր ֆուտբոլիստին` չնայած այն հանգամանքին, որ Սիմոնյանը գործող պայմանագիր ուներ «Ալաշկերտի» հետ: Մոտ ապագայում բոլորդ կիմանաք, թե որ ակումբի մասին է խոսքը: Կոչ եմ անում հայկական բոլոր ակումբներին զերծ մնալ նման արատավոր պրակտիկայից և բանակցություններ չվարել ուրիշ ակումբի հետ գործող պայմանագիր ունեցող ֆուտբոլիստի հետ` առանց իր ակումբի իմացության: Ֆուտբոլային էթիկայի կանոններից ելնելով՝ դա կարելի է անել այն ժամանակ, երբ տվյալ ֆուտբոլիստը կստանա ազատ խաղացողի կարգավիճակ»,-ասել է Նավոյանը:

Հայաստանի առաջնության հերթական տուրից հետո «Ալաշկերտ»-ը` Հայաստանի գործող չեմպիոնը, 33 միավորով առաջատարն է: 27 միավորով երկրորդ տեղում է «Փյունիկ»-ն: «Բանանց»-ը 26 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: 4-րդ տեղում «Լոռի»-ն է 25 միավորով: 23 միավորով «Արարատ-Արմենիա»-ն զբաղեցնում է 5-րդ տեղը: Գյումրու «Շիրակ»-ը 6-րդն է 22 միավորով: 19 միավոր ունի «Գանձասար-Կապան»-ը: Նախավերջին տեղում 12 միավորով «Արցախ»-ն է, մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Արարատ»-ը (10 միավոր):




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ