Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հուլիս 2022

Տարածքային ընտրական հանձնաժողովները հայտնաբերել են անթույլատրելի վայրերում փակցված նախընտրական պաստառներ

Տարածքային ընտրական հանձնաժողովները հայտնաբերել են անթույլատրելի 
վայրերում փակցված նախընտրական պաստառներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնարարությամբ տարածքային ընտրական հանձնաժողովները շրջայցեր են իրականացնել Երևանում և մարզերում և հայտնաբերել անթույլատրելի վայրերում փակցված նախընտրական պաստառներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստվում է համապատասխան գրություններ ուղարկել Երևանի քաղաքապետին և մարզպետներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԿԸՀ արտահերթ նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Նոյեմբերի 28-ին և 29-ին ԿԸՀ-ի հանձնարարությամբ տարածքային ընտրական հանձնաժողովները շրջայցեր են իրականացնել ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության մյուս քաղաքներում: Եվ առանձին վայրերում հայտնաբերվել են պաստառներ, որոնք փակցված են ոչ թույլատրելի վայրերում, մասնավորապես, դրանք եղել են շենքերի շքամուտքերում, հանրային սննդի օբյեկտներում: Երևանում հայտնաբերվել են պաստառներ, որոնց մակերեսները մեծ են 5 քմ-ից և փակցված են բազմաբնակարան շենքերի ընդհանուր սեփականություն հանդիսացող դիմային պատերին: Սակայն օրենսգիրքը շատ հստակ ամրագրել է, թե որ վայրերում պիտի փակցվեն այդ պաստառները»,- ասաց Մուկուչյանը:

Նա տեղեկացրեց, որ ստացված տեղեկատվության հիմքով կնախապատրաստվեն համապատասխան գրություններ:  Ոչ թույլատրելի վայրերում տեղադրված պաստառների հեռացման պարտականությունը  տեղական ինքնակառավարման մարմիններինն է՝ անհրաժեշտության դեպքում՝  նաև ոստիկանության ներգրավմամբ: ԿԸՀ-ն գրությամբ կդիմի և՛ Երևանի քաղաքապետին, և՛ հանրապետության մարզպետներին, որպեսզի վերջիններս համայնքների ղեկավարներին հորդորեն հետևել գործընթացին և հեռացնեն չնախատեսված վայրերում փակցված պաստառները:

Մուկուչյանը նշեց, որ հնարավորության դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները որոշակի պաստառներ արդեն հեռացրել են: Սակայն, նա կարևորեց, որ այդ հարցին առանձնակի ուշադրություն դարձնեն նաև մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]