Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեր այսօրվա խնդիրն է՝ առկա դրական մեծ էներգիան վերածել դրական արդյունքների․ նախագահ Արմեն Սարգսյան

Մեր այսօրվա խնդիրն է՝ առկա դրական մեծ էներգիան վերածել դրական արդյունքների․ 
նախագահ Արմեն Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բունդեսթագ, հանդիպել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն ողջունել է նախագահ Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

«Ինձ համար մեծ պատիվ է այս պատմական շենքում ներկայացնել իմ երկիրը»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ բազմաոլորտ համագործակցությանը և մեծապես կարևորում է միջխորհրդա­րա­նա­կան հարաբերությունների հետևողական զարգացումը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ որպես խորհրդարանական կառավարման համակարգի շատ կարճ պատմություն ունեցող երկիր, Հայաստանի համար հետաքրքիր և ուսանելի են Գերմանիայի խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթներն ու մշակույթը։

Նշելով, որ Հայաստանն այսօր աշխարհում դիտվում է որպես խաղաղ ճանապարհով մեծ փոփոխություններ կատարելու օրինակ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր Հայաստանի այսօրվա խնդիրն է՝ առկա դրական մեծ էներգիան վերածել դրական արդյունքների, և ինքը լավատես է ապագայի նկատմամբ։

Նախագահ Սարգսյանն ու Բունդեսթագի նախագահն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ընթացքին, վիզաների ազատականացման խնդրին, ինչպես նաև խոսել են գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am