Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը տպագիր մամուլը ինտերակտիվ դարձնելու խնդիր է տեսնում

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը տպագիր մամուլը ինտերակտիվ դարձնելու 
խնդիր է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քսանմեկերորդ դարում տպագիր մամուլը պետք է ընթերցողի համար ինտերակտիվություն ապահովի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«21-րդ դարում տեղեկացված ընթերցողը պետք է ինտերակտիվ կապի մեջ լինի լրատվամիջոցի հետ: Եթե էլեկտրոնային նյութին համաձայն կամ դեմ լինելու պարագայում ընթերցողը կարող է իր կարծիքը հայտնել, ապա տպագիր մամուլը շատ ավելի ինտերակտիվ լինելու խնդիր ունի: Այս պարագայում պետք չէ սահմանափակվել միայն թերթ տպագրելով, այլև պետք է հաճախակի քննարկումներ կազմակերպել»,- նշեց Գանտահարյանը:

Նրա խոսքով`տպագիր մամուլը հոդվածագիրների շրջանում ավելի մեծ հեղինակություն է վայելում:

«Նկատել եմ, որ հոդվածագիրը էլեկտրոնային ու տպագիր մամուլի ընտրության երկընտրանքի առջև կանգնելիս նախընտրում է տպագրվելը: Հավանաբար, այն հոգեբանությունը կա, որ տպագրվածը շատ ավելի մնայուն ու լուրջ է»,- ասաց Շահան Գանտահարյանը:

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը նաև նշեց, որ տպագիր մամուլի զարգացման համար հեռանկարային ու ռազմավարական քայլ կլինի մանկապատանեկան խավի ներգրավումը:

«Պետք է հատուկ մանկապատանեկան հավելվածներ ու ներդիրներ թողարկել ու վաղ տարիքից նրանց ներգրավել թերթի աշխատանքներին, ինչը հեռանկարային ու ռազմավարական ծրագիր է»,- նշեց նա:

Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկած «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում մեդիա ոլորտի մասնագետներն ու փորձագետները քննարկում են լրատվամիջոցների ապագային վերաբերող հարցերն ու լրատվական ինդուստրիայի զարգացման հեռանկարները:

Մեդիաֆորումը կազմակերպվել է «Արմենպրես» լրատվական գործակալության և ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am