Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Հանրային խորհուրդը Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրել

Հանրային խորհուրդը Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրել
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային խորհրդի Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը նոր նախագահ ունի։Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ընթացքում նախագահի թեկնածու առաջադրված 5 անդամներից ձայների գերակշիռ առավելությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ, «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ՏԻՄ զարգացման դեպարտամենտի տնօրեն Վարդան Համբարձումյանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԽ լրատվական ծառայությունից, ելույթում անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտի խնդիրներին և ոլորտի զարգացման իր տեսլականին՝ Վարդան Համբարձումյանը շեշտել է գյուղատնտեսական ազգային ծրագրի ստեղծման անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ գյուղատնտեսության զարգացումը պետք է հիմնված լինի երեք կարևոր սյուների վրա՝ արտադրություն, գիտակարթական համակարգ և քաղաքականություն մշակող մարմին՝ պետություն, որոնց փոխշահավետ համագործակցության արդյունքում միայն հարավոր կլինի զարգացնել ոլորտը։
Վարդան Համբարձումյանը նախորդ տարիներին ներգրավված է եղել Հանրային խորհրդի գյուղատնտեսական հանձնաժողովում։ Իբրև հանձնաժողովի կատարած աշխատանքների հաջողված օրինակ՝ նա նշել է կոոպերացիայի զարգացման գաղափարը պետության համար առաջնահերթություն դարձնելու իրողությունը։
Վարդան Համբարձումյանը գյուղատնտեսական բնագավառում բացառիկ ներդրումների համար պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով։ 
Այսօրվա նիստը նախագահել է Հանրային խորհրդի անդամ Յուրի Ջավադյանը, նիստը վարել են նաև  ՀԽ անդամներ Անահիտ Աղոյանը և Բաբկեն Պիպոյանը։
Նիստն անցկացվել է Հայաստանի Ագրարային համալսարանում, որին ներկա է գտնվել համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Վերջինս բարձր է գնահատել գյուղատնտեսության ոլորտում Հանրային խորհրդի  գործունեությունը և խոստացել, որ համալսարանը սերտորեն կհամագործակցի ՀԽ Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի հետ։
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեցին Հանրային խորհրդի առաջին 15 անդամները, որից հետո, հոկտեմբերի 9-ին սկսվեց Հանրային խորհրդի 15 հանձնաժողովների ձևավորման գործընթացը։ Հանրային խորհուրդը հայտարարությամբ դիմեց հասարակության լայն շերտերին՝ ներգրավվելու ՀԽ հանձնաժողովների աշխատանքներում (դիմումների վերջնաժամկետը ս․թ․ նոյեմբերի 8-ն էր):
Հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո նորընտիր նախագահների կազմը ներկայացվում է ՀՀ վարչապետին Հանրային խորհրդի անդամ նշանակելու համար: Այդպիսով, Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը համալրվում է հաջորդ 15 անդամով, որից հետո 30 անդամներից յուրաքանչյուրը, նպատակ ունենալով ապահովել հասարակության տարբեր ոլորտների մասնագետների լայն ներկայացվածությունը Հանրային խորհրդում, առաջադրում են թեկնածուներ և փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում ՀԽ հաջորդ 15 անդամներին՝ ամբողջացնելով Հանրային խորհրդի 45 հոգանոց կազմը։



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ