Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գյումրու Հայորդաց տան սաները համերգով հանդես են եկել Բրյուսելի Եվրոպական դպրոցում և Փարիզում

Գյումրու Հայորդաց տան սաները համերգով հանդես են եկել Բրյուսելի Եվրոպական 
դպրոցում և Փարիզում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ Գյումրու Հայորդաց տան սաները համերգային ծրագրով հանդես են եկել Բրյուսելի Եվրոպական դպրոցում: «2018 թվականի մայիսին Հայորդաց տունը հյուրընկալեց Բրյուսելի Եվրոպական թիվ 1 դպրոցի պատանեկան սիմֆոնիկ նվագախմբին: Տեղի ունեցավ համերգ և 2 համատեղ համար հնչեց Հայորդաց տան երգչախմբի սաների հետ:

Մեր հյուրերը տպավորված էին, և փոխայցելության առաջարկ եղավ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գյումրու Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Եդիգարյան-Բաբունցը: «Գյումրու հայորդաց տուն»-ը Բրյուսել մեկնել է բավական մեծ կազմով՝ 8-23 տարեկան՝ 13 երեխա պարային դասարանից և 16-ը՝ երգչախմբից: Հրավերը եղել է Եվրոպական դպրոցի տնօրենի կողմից: Առաջին համերգը նոյեմբերի 2-ին՝ հայ համայնքի կողմից կազմակերպված, տեղի է ունեցել Բրյուսելի «Հայ մշակույթի տանը»: «Երախտագիտություն ենք հայտնում համայնքնի ղեկավար Կարեն Թադևոսյանին, որն այցի հետ կապված շատ հարցեր վերցրեց իր վրա, բայց այս ամենի, այսպես ասած, ամենամեծ «մեղավորը» Պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, ծագումով գյումրեցի Արման Սիմոնյանն էր, ում շնորհիվ էլ համերգը կյանքի կոչվեց»,- ընդգծեց Գյումրու Հայորդաց տան տնօրենը:

Խմբի հաջորդ համերգը Փարիզում էր: Համերգային ծրագրերը բաղկացած էին երկու բաժնից՝ երգչախմբային և պարային: Համերգներն արժանացել են բուռ ընդունելության: «Վերադարձել ենք մեծ տպավորություններով՝ սա գյումրեցի երեխաների համար ոչ միայն իրենց ներկայացնելու, այլ նաև տարբեր քաղաքներ տեսնելու, ճանաչողական ու մշակութային փոխհամագործակցության լավագույն առիթ էր: Սա մեր առաջին արտասահմանյան շրջագայությունն էր, հուսանք՝ ոչ վերջինը»,- նկատեց Հայորդաց տան տնօրենը՝ այցի համար շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարություններին, Գյումրու քաղաքապետարանին, Շիրակի փոխմարզպետ Սոֆիա Հովսեփյանին, «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությանը, Գյումրու սիմֆոնիկ նվագախմբին և առանձնահատուկ շնորհակալություն՝ Մայր Աթոռին և այն ընտանիքներին, ովքեր այդ ընթացքում հյուրընկալել են Հայորդաց տան սաներին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]