Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վահագն Թևոսյանը թեժ ընտրապայքար է կանխատեսում արտահերթ խորհրդարանական ընտրություններում. հարցազրույց Հանրայինի Լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի հետ

Վահագն Թևոսյանը թեժ ընտրապայքար է կանխատեսում արտահերթ 
խորհրդարանական ընտրություններում. հարցազրույց Հանրայինի Լրատվական և 
վերլուծական հաղորդումների տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանի համար մեծ պատասխանատվություն էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելու բեռն ուսերին վերցնելու որոշում կայացնելու գործընթացը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա պատմել է, թե ում կողմից է ցուցակում ընդգրկվելու առաջարկ ստացել, ի՞նչ փոփոխություններ է հասցրել կատարել Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնում նշանակվելուց հետո և ինչ գործունեությամբ է պատրաստվում զբաղվել խորհրդարանական ընտրություններից հետո:

-Պարոն Թևոսյան, օրերս հայտարարեցիք Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրենի գործառույթները ժամանակավորապես դադարեցնելու մասին: Պատճառը «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ընդգրկվելն էր: Ինչպե՞ս կայացրիք այդ որոշումը: Ու՞մ կողմից էր առաջարկը:

-Այո, դադարեցնելու պատճառը, բնականաբար, դա էր, քանի որ էթիկայի խնդիր կար: Չեմ էլ ուսումնասիրել՝ որևէ օրենք ինձ դա պարտադրո՞ւմ է, թե ոչ: Ուղղակի ես ինքս հստակ հասկանում էի, որ որևէ քաղաքական ուժի ընտրացուցակում ընդգրկված լինելով՝ ճիշտ չէ զբաղվել հանրային լրատվությամբ: Նույնիսկ եթե մեծ ջանքեր թափեի օբյեկտիվ լինելու համար, միևնույն է՝ այդպիսին չէի ընկալվի: Ավելին, օբյեկտիվությունն ինքնին արդեն տարօրինակ կլիներ: Ուրեմն, ինչո՞ւ եմ հարել ինչ-որ քաղաքական ուժի: Խորհրդարան չանցնելու դեպքում վերադառնալուս հետ էլ որոշակի ներքին էթիկական խնդիրներ ունեմ, պետք է անպայման քննարկման դնեմ: Նույնիսկ այն դեպքում, որ տնօրենն, իրականում, ավելի շատ վարչարար է, քան բովանդակության պատասխանատու:

Առաջարկն ընդունելու որոշում կայացնելն այնքան էլ հեշտ չէր նույն այդ էթիկական պատճառներով: Բացի այդ, ես ինձ սխալական մարդ եմ համարում, և մեծ պատասխանատվություն էր այդ բեռն ուսերիս վերցնելու որոշում կայացնելը՝ դուրս կգամ դրա տակից, դուրս չեմ գա… Բայց մի երկու օր մտածելուց հետո հասկացա՝ իսկ ի՞նչ եմ ես անընդհատ երազել, որ կուզեի փոխել Հայաստանում՝ կրթամշակութային արժեհամակարգը, դրա մշակման ու իրագործման գործիքները, մարդկանց մեջ մտածելու, աշխատելու, արարելու մղում առաջացնելը. այդ ամենը երկու բանի միջոցով եմ տեսել, որ հնարավոր է իրականացնել՝  մարդակենտրոն օրենսդրություն ու մասս-մեդիայի ազդեցություն: Միայն լուրերով բովանդակային փոփոխություն անելը դժվար կլիներ, ընդհանուր մշակութաբանական ռազմավարություն մշակելու, ճիշտ համընդհանուր վարչարարություն կազմակերպելու խնդիր կա, որը կամ մասս-մեդիայի կառավարման ամենավերին օղակներից է հնարավոր իրականացնել, կամ օրենսդրական ճանապարհով:  Որոշմանս վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանի անձնական գործոնը: Նրան, խոստովանում եմ, անվերապահորեն եմ վստահում, քանի որ ճանաչում եմ 20 տարուց ավելի, և նա հակառակը մտածելու ոչ մի առիթ ինձ չի տվել: Եղել են դեպքեր, երբ ես լուրջ վերապահումներ եմ ունեցել նրա կիրառած գործիքակազմի արդյունավետության կամ որոշ մոտեցումների նկատմամբ, բայց ոչ երբեք՝ նրա ազնվության ու նպատակասլացության: Ու նրա կողքին կան մարդիկ, որոնց նույնպես վաղուց եմ ճանաչում ու նրանց էլ եմ վստահում: Այնպես որ, ինչպես տեսաք, որոշումը կայացվեց հօգուտ քաղաքականության:

Թե կոնկրետ ումից էր առաջարկը՝ դժվար է ասել: Ինչո՞ւ եմ նման տարօրինակ պատասխան տալիս, քանի որ ՔՊ անդամ իմ մի շարք ընկերներ ինձ հանդիպել կամ զանգել ու հարցրել են, որ դեմ չե՞մ լինի, եթե իմ անունն ընդգրկեն «Իմ քայլի» նախընտրական ցուցակում: Ես չեմ հարցրել՝ իսկ կոնկրետ ումի՞ց է առաջարկը: Բնականաբար, այն կարող էր նաև միջնորդավորված լինել: Ես դրանից հետո մի քանի անգամ ոչ պաշտոնական միջավայրում առիթ ունեցել եմ հանդիպելու նաև Նիկոլ Փաշինյանի հետ, բայց կոռեկտ չեմ համարել այդ հարցը նրան տալ: Նախ՝ որովհետև կան մանր հարցեր, որոնցով պետք չէ ծանրաբեռնել մի մարդու, ում հոգսը անպատկերացնելի չափեր ունի, ու նաև՝ որ աշխատել եմ խուսափել իմ գործունեության հետ կապված խոսակցություններից նույն էթիկական նկատառումներով:

-Ի՞նչ ուղղություններով եք տանելու քարոզարշավը: Ի՞նչ եք կարծում, թեժ ընտրապայքա՞ր է սպասվում, թե՞ ոչ:

-
Հենց կոնկրետ իմ անունից քարոզարշավ չեմ ծավալելու: Նախ՝ վարկանիշային ընտրակարգով առաջադրված չեմ, երկրորդն էլ՝ դեռ առաջարկն ընդունելիս ասել էի, որ նույնիսկ հետաքրքիր չէ, թե որ տեղը կզբաղեցնեմ ընտրացուցակում:  Կարևորը դաշինքի հաղթանակն է: Սուրեն Պապիկյանի հետ արդեն ունենք նախնական պայմանավորվածություն, որ եթե իմ մասնագիտական հմտությունների կարիքը զգացվի, ես մեծ սիրով կօժանդակեմ շտաբի աշխատանքներին: Իսկ ընտրապայքարը, կարծում եմ, այո, թեժ է լինելու:

-Խորհրդարանում մանդատ ստանալու դեպքում Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրենի ղեկն ու՞մ եք պատրաստվում վստահել:

-Քավ լիցի, ես չէ, որ պետք է այդ ղեկը որևէ մեկին վստահեմ: Այդ գործառույթը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենինն է:

Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող և մեկնաբան Պետրոս Ղազարյանը դուրս է եկել «Կենտրոն» հեռուստաընկերությունից, և պատրաստվում է տեղափոխվել Հանրային հեռուստաընկերություն: Հնարավո՞ր է հենց ինքը փոխարինի Ձեզ:

-Տեսականորեն՝ նա էլ, մեկ ուրիշն էլ, երրորդն էլ: Արդեն ասացի՝ ես չեմ այդ գործառույթն իրականացնողը: Պետրոսն այս պահին հրավիրվել է Հանրային հեռուստաընկերություն միայն հարցազրույցային և դեբատային ձևաչափերն ակտիվացնելու նպատակով, և վստահ եմ՝ նա այդ աշխատանքը հրաշալի կիրականացնի:

-Հուլիսի 2-ին նշանակվեցիք Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների բաժնի տնօրենի պաշտոնում: Ի՞նչ առաջնային փոփոխություններ հասցրեցիք կատարել բաժնում, և  դեռ ի՞նչ անելիքներ կան: Հայտարարել էիք, որ լուրերը կդառնան ավելի դինամիկ և ոչ պաշտոնական: Ըստ  Ձեզ, հաջողեցի՞ք:

-Դա ես չէ, որ պիտի դատեմ: Կողքից նայելով՝ որոշ բաներ հաջողեցի, որոշ բաներ՝ ոչ այնքան: Թերևս, նշանակալիներից այն է, որ առնվազն վերացվեց, այսպես կոչված, «վատիկանային» ռեժիմը, և լրատվականն ամբողջությամբ ինտեգրվեց հեռուստաընկերության ընդհանուր աշխատաոճին, էականորեն փոփոխվեց հաստիքային ու աշխատավարձային համակարգը՝ դառնալով ավելի արդար ու կանխատեսելի: Ես միայն լսելով գիտեմ՝ նախկինում ինչպես է եղել, բայց իմ օրոք հաստատ նաև իշխանություններից ինչ-որ հատուկ հեռախոսներով պատվերներ չեն իջեցվել: Ու ես կարծում եմ, որ պետք է որ լրագրողները հիմա ավելի ազատ զգան իրենց: Համենայն դեպս իրենց առավելագույնս տրվել է այն ազատությունը, որը կարող է թույլ տալ իրեն մի հեռուստաընկերություն, որի լուրերը մանրադիտակով դիտարկվում են միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների կողմից՝ գրեթե ինչպես պաշտոնական լրատվություն: Համենայն դեպս, իմ գործընկերները գիտեն, թույլ չեն տա՝ կեղծեմ, նրանք աշխատում են ոչ թե հանուն իշխանության, այլ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա իրական տիրոջ՝ Հայաստանի քաղաքացու:

-Մինչ Հանրային հեռուստաընկերություն գնալը զբաղվում էիք Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատանքներով: Հասցնու՞մ եք հիմա ևս ժամանակ տրամադրել կենդանիների փրկության գործին:

-Չեմ հասցնում, ցավոք: Բայց թեման միշտ ուշադրության կենտրոնում եմ պահում: Մարդիկ կան՝ իրենք էլ ինձ են դեռ հիշում այդ ֆորմատում, բանտարկված արջերի լուսանկարներ են ուղարկում, ես էլ փոխանցում եմ իմ նախկին գործընկերներին: Բայց շատ հաճելի է, երբ արջերի մասին մի որևէ հետաքրքիր տեսանյութ կամ տեղեկություն է լինում, նույնիսկ ինձ անձամբ չճանաչող մարդիկ ինձ հիշում են այդ նյութերի առնչությամբ: Դա, երևի, նշանակում է, որ այդ ոլորտում իմ գործունեությունն, այնուամենայնիվ արդյունավետ է եղել, և արածս գործը պտուղներ է տալիս:

Հարցազրույցը վարեց 

Անի Դանիելյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]