Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը ավարտում է գործունեությունը


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Արմավիրի մարզի Բամբակաշատ և Նալբանդյան համայնքներում տեղի  է ունեցել Եվրամիության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD/ԵՀԳԳԶԾ) Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հաղորդակցության բաժնից, այցելությունը մաս է ծրագրի փակման միջոցառումների՝ այս անգամ նպատակ ունենալով ներկայացնելու գյուղատնտեսական առաջավոր փորձի ներդրման և աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ծրագրի հաջողված փորձը: 

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ծրագրի շրջանակներում Բամբակաշատ համայնքում հիմնված ծիրանի ինտենսիվ այգում տեղադրված կարկտապաշտպան ցանցի ինչպես նաև Նալբանդյան համայնքում խաղողի ցուցադրական այգում տեղադրված կարկտապաշտպան ցանցի և կաթիլային ոռոգման համակարգի առավելությունները։ 

Ալաշկերտ համայնքի ֆերմեր, ծրագրի շահառու Էդիկ Հարությունյանը նշեց, որ 2018թ-ին տեղացած կարկուտը մեծ վնաս է պատճառել Ալաշկերտ համայնքի ֆերմերային տնտեսություններին, այդ թվում իր խաղողի այգիներին և միայն ցուցադրական այգին է պաշտպանված եղել: Նա նշեց, որ դա միակ միջոցն է պայքարելու կարկուտի դեմ և հաջորդ տարի պատրաստվում է իր մնացած այգինները ևս ծածկել կարկտապաշտպան ցանցով, քանի որ նա այս տարի մեծ վնասներ է կրել: Ինչ վերաբերվում է կաթիլային ոռոգմանը՝ նա ավելացրեց, որ այն նպաստել է բերքի ավելացմանը ու հիվանդությունների կրճատմանը, ոռոգման ջրի խնայողությանը և աշխատուժի կրճատմանը: 

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան, Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին, Ագրարային համալսարանի դասախոսներ, ուսանողներ և այլոք։ 

Ծրագրի շրջանակում ստեղծվել են ռեսուրսախնա գյուղատնտեսության 9, հակակարկտային 12 եւ կաթիլային ոռոգման 8 ցուցադրական դաշտեր, որտեղ ներդրվել են գյուղատնտեսության լավագույն փորձը և աղետների ռիսկի նվազեցման հաջող գյուղատնտեսական աշխատաեղանակները: Լավագույն փորձի տարածման ուղղությամբ տեսական ու գործնական դասընթացների/ աշխատաժողովների շարունակական շարքի միջոցով և ավելի քան 2,000 մարդկանց ներգրավմամբ ընդլայնվել են ֆերմերների եւ ֆերմերների կոոպերատիվների, պետական եւ մասնավոր խորհրդատվական ծառայությունների, Ագրարային համալսարանի դասախոսների,ուսանողների, գիտական կենտրոնների ներկայացուցիչների եւ այլ շահառուների կարողությունները։      

 

Հայաստանում «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը (ԵՀԳԳԶԾ/ENPARD) ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ նպաստելու Հայաստանում կենսակայուն գյուղատնտեսության զարգացմանը։ Եվրոպական միությունը հատկացրել է 25 մլն եվրո՝ ԵՀԳԳԶԾ-Հայաստան ծրագրի իրականացման համար, ներառյալ 20 մլն եվրո՝ որպես գյուղատնտեսության ու գյուղական շրջանների զարգացման նպատակով ուղղակի բյուջետային աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը, եւ 5 մլն եվրո՝ որպես լրացուցիչ աջակցություն կառավարությանը։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ