Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խաղադրույքային տնտեսությունից անցում ենք կատարում արդյունաբերական տնտեսության. Փաշինյանը տնտեսական կառուցվածքի փոփոխության անհրաժեշտություն է տեսնում

Խաղադրույքային տնտեսությունից անցում ենք կատարում արդյունաբերական 
տնտեսության. Փաշինյանը  տնտեսական կառուցվածքի փոփոխության 
անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկրի տնտեսական կառուցվածքի փոփոխության անհրաժեշտություն է տեսնում և արձանագրում է, որ այս պահին ընթանում է տնտեսության առողջացման գործընթաց: Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իր ղեկավարած կառավարությունը չի կարողացել պահպանել տնտեսական ակտիվության նախկին ցուցանիշները, շեշտեց, որ նախկինում երկրի  տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմված էր բուքմեյքերների գրասենյակներում արված խաղադրույքներից, որը մեր ժողովրդի մի շատ զգալի մասի տոկոսի տակ է դրել, Ամուլսարի ծրագրից, Թեղուտի հանքից: «Այսինքն, ստացվում է, որ  մի կազմակերպության ճակատագրով մենք տնտեսական աճ ենք ունենում: Լավ գիտեք, թե ինչ եղավ Թեղուտի հետ: Հանքը փակվել է դեռևս մինչև հեղափոխությունը: Այսօր երկրի տնտեսության մեջ տեղի է ունենում առողջացման գործընթաց: Այսինքն, մենք խաղադրույքային տնտեսությունից անցում ենք կատարում դեպի արդյունաբերական տնտեսություն: Ես շատ ուրախ եմ, որ համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց, երբ տեքստիլ ոլորտի մի ներդրող ասում էր, որ շատ դժգոհ է կառավարության գործունեությունից: Այո, այդ մարդը շատ ճիշտ է ասում, մենք այդպիսի ներդրողներին պետք է ամեն ինչով աջակցենք: Բայց մենք չենք թողնելու, որ այդ նկարվող թվերով մենք տնտեսություն ունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ բուքմեյքերական համաճարակի դեմ մենք պայքարելու են:  «Կարծում ենք, որ դա մեր երկրի բովանդակության վրա ազդող գործընթաց է: Քայլարշավի ընթացքում մարդիկ հիմնականում դա էին ասում, որ դա աղետ է, ոչ միայնն բուքմեյքերները՝ նաև գազալցակայաններում տեղադրված խաղային ավտոմատները: Մենք պետք է հրաժարվենք հին տնտեսական կառուցվածքից և ստեղծենք նոր տնտեսական կառուցվածք»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ առաջիկայում սպասվում է Սևանի շաքարի գործարանի վերագործակումը՝ նկատելով, որ 7 ամիս առաջ ոչ ոք չէր կարող երևակայել, որ Հայաստանում շաքարի գործարան կվերագործարկվի : Փաշինյանը նաև հավելեց, որ առաջիկայում ՀՀ-ում նախատեսվում է բացել կենցաղային տեխնիկայի արտադրության գործարան:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության ընթացքին՝ հայտնելով, որ այս պահին իրականացվում են հողային ակտիվ աշխատանքներ, իսկ վերին շերտի հարցում հարցեր կան, որոնք պետք է հասկանալ: Նրա խոսքով՝ մինչև հիմա կատարված աշխատանքի որակի հետ կապված խնդիրներ կան, ինչն ապացուցվել է փորձաքննությամբ:

Փաշինյանն անդրադարձավ նաև գազալցակայանների գործունեությանը: Նա նշեց, որ իրենք ելնում են այն կանխավարկածից, որ այդտեղ կա շատ մեծ ստվեր:« Հիմա, երբ մենք այդ թեմայով սկսել ենք զբաղվել, հայտնի անձանց պատկանող գազալցակայաններում գազի սպառման ծավալները կրկնապատկվել են: Այսինքն, ուրիշ ոչ մի բան չի եղել, ուղղակի մենք ասել ենք, որ հետևում ենք: Հեղափոխությունից հետո առաջին ամսվա ընթացքում ծավալները կրկնապատկվել են»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծում է, որ Հայաստանի տնտեսության հենասյուներն են եղել  գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, բուքմեյքերական ընկերությունները: «Այս տնտեսությունը մեզ պետք չի, սրանով մենք հարց չենք լուծում, Այս տնտեսությամբ մենք եկել հասել ենք ճգնաժամի: Ընդ որում,  մեր գյուղատնտեսությունն այնպիսին է, որ կարկուտն եկավ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը կնվազի, կարկուտը չեկավ՝ այդ ցուցանիշը կավելանա: Սա 21-րդ դարի խոսակցություն չէ: Եթե երկու դար առաջ լիներ այս խոսակցությունը,  ինչ-որ տեղ կարող էինք հասկանալ, բայց 21-րդ դարում կախված ենք նրանից՝ կարկուտը կգա՞, թե՞ չի գա: Միլիոնավոր դոլարներ ենք ծախսել Հայաստանում հակակարկտային ցանց ստեղծելու համար, հետո սկսել ենք պարզել, որ դա արդյունավետ չէ, պետք է ևս 11 միլիոն դոլար ծախսենք, որ հիմա էլ հրթիռային համակարգ բերենք, այս ընթացքում պարզվել է, որ չէ, արդյունավետ է, պարզապես մենք արդյունավետ չենք օգտագործում»,- նկատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը, եզրափակելով խոսքն, ասաց, որ չեն պատրաստվում ժողովրդին տոկոսի տակ գցելով տնտեսական ակտիվության ցուցանիշ ապահովել:  «Մենք պատրաստվում ենք Հայաստանը դարձնել արդյունաբերական, տեխնոլոգիական, արտահանող երկիր, որը ոչ թե հումք է արտահանում, այլ արտահանում է պատրաստի արտադրանք»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am