Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը մտահոգված է աղբի կառավարման վիճակով և հնարավոր ներդրողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է պահանջում

Նիկոլ Փաշինյանը մտահոգված է աղբի կառավարման վիճակով և հնարավոր 
ներդրողների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է պահանջում

ԳԱՎԱՌ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզի համայնքների ղեկավարների, կրթական ու առողջապահական հաստատությունների, ուժային կառույցների ղեկավարների, մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունն արտահայտեց Գեղարքունիքի մարզում եւ հանրապետության մյուս տարածքներում աղբի կառավարման հետ կապված հարցերի շուրջ:
«Այսօր ես Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի վարչական տարածքում նկատեցի աղբի մեջ թաղված շրջակա միջավայր: Անհասկանալի է, թե ինչպես է այդ աղբակույտը հայտնվել այնպիսի տարածքում, որտեղ կան կառուցապատված շինություններ, եւ որտեղ գործունեություն են ծավալում որոշ տնտեսվարողներ: Կարծում եմ, որ այստեղ լուրջ անելիքներ ունենք բոլորս: Պետությունը պետք է լրջորեն մտածի աղբի վերամշակման գործարաններ ունենալու, աղբի կառավարումը հստակորեն իրականացնելու մասին, տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսվարողները եւ բնակիչները պետք է միշտ մտածեն շրջակա միջավայրը մաքուր պահելու մասին: Եվ սրան մենք կարող ենք հասնել միայն համագործակցված աշխատանքի արդյունքում: Ընդ որում, բոլորը պետք է մտածեն իրենց պատասխանատվությունը բարձրացնելու մասին: Եվ քանի որ հիմա Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ուրեմն, արդեն այդ իշխանության համար պատասխանատու են ոչ թե օլիգարխները, ինչպես նախկինում էր, այլ՝ բոլորս: Ամեն մեկն իրեն հիմա պետք է զգա երկրի ղեկավարի չափ պատասխանատու լինելու կարգավիճակում: Ուստի եւ բոլորի պարտքն է՝ միասին հասնել շրջակա միջավայրի մաքրության պահպանմանը, օրենքի իշխանության հաստատմանը»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ներկաներին դիմեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա հանդիպման ժամանակ կոչ արեց՝ առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորել հնարավոր ներդրողների նկատմամբ՝ մեկընդմիշտ այս հարցում անտեսելով անձնական շահը:
«Միշտ փորձեք խրախուսել պոտենցիալ ներդրողներին, որոնցից է կախված մեր երկրի զարգացման հեռանկարը: Նրանց հետ քամահրանքով մի վերաբերվեք, նրանց ժամերով ընդունարաններում մի սպասեցրեք, այլ առանձնահատուկ վերաբերմունքով շահագրգռեք նրանց: Որեւէ պաշտոնյա այստեղ չպետք է մտածի անձնական շահով առաջնորդվելու մասին: Իհարկե, մենք պետք է լրջորեն մտածենք պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին, բայց մինչ այդ նրանք պետք է զերծ մնան նման արատավոր քայլերից եւ առաջնորդվեն բացառապես հանրային շահերով»,- նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am