Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ամրապնդել բարեկամությունը կոնկրետ քայլերով. Երևանն ու Իլ դը Ֆրանսը հուշագիր են ստորագրել

Ամրապնդել բարեկամությունը կոնկրետ քայլերով.  Երևանն ու Իլ դը Ֆրանսը հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության հետ, որը նոյեմբերի 17-ից քաղաքապետի հրավերով գտնվում է Երևանում: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև ստորագրվելիք գործողությունների ծրագիրը կդառնա աշխատանքային ուղեցույց՝ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Երևանի քաղաքապետը կարևորել է Իլ դը Ֆրանսի առաջադեմ փորձը մասնավորապես աղբի կառավարման ու հանրային տրանսպորտի կազմակերպման ոլորտներում և նշել, որ համագործակցության շրջանակում հնարավոր կդառնա հաջողված փորձը կիրառել նաև Երևանում:

«Տիկին Պեկրես, ստորագրվող գործողությունների ծրագրում ընդգրկված են Երևանի համար անչափ կարևոր երկու ոլորտներ, մասնավորապես աղբի կառավարման ու հանրային տրանսպորտի կազմակերպման մասին է խոսքը, որոնց բարելավման ուղղությամբ մենք պետք է համալիր մոտեցում ցուցաբերենք: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ արդեն առաջիկայում կկարողանանք կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- նշել է Հայկ Մարությանը:

 Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վալերի Պեկրեսն իր հերթին ընդգծել է, որ Երևանի հետ հարաբերությունների ամրապնդումն առանձնակի է կարևորված Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի համար: Նա վստահեցրել է, որ իր հերթին կանի հնարավոր ամեն ինչ՝ նախատեսված պայմանավորվածությունները գործնականում կյանքի կոչելու համար:  

«Պարոն քաղաքապետ, դուք հեղափոխություն իրականացրեցիք քաղաքական դաշտում, մենք այսօր հեղափոխություն ենք իրականացնում տրանսպորտի համակարգի բարելավման ուղղությամբ: Համոզված եղեք, որ համատեղ աշխատանքով արդյունավետ լուծումներ կգտնենք մեր բնակիչների համար»,- նշել է Վալերի Պեկրեսը:

 Պաշտոնական հանդիպմանը հաջորդել է Երևան քաղաքի և Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի միջև համագործակցության համաձայնագրի 2018-2021թթ. համար ճանապարհային քարտեզի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են Հայկ Մարությանը և Վալերի Պեկրեսը:

Մասնավորապես, ըստ փաստաթղթի, փորձի փոխանակման ծրագրեր կիրականացվեն աղբահանության կազմակերպման, քաղաքային տրանսպորտի կառավարման, քաղաքային պլանավորման ոլորտում ընթացակարգերի և կարգավորող գործիքների  հմտությունների փոխանակման, ինչպես նաև երկու համայնքների ստարտափ ծրագրերի միջև կապերի խորացման, մշակույթի, կրթության ու մի շարք այլ բնագավառներում:

Ստորագրման արարողությունից հետո իր ունեցած ելույթում Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ ստորագրված գործողությունների ծրագրի շնորհիվ համատեղ ուժերով նոր որակ կհաղորդվի երկուստեք համագործակցությանը:

 «Մեծապես կարևորելով մեր բարեկամական հարաբերությունները՝ ևս մեկ անգամ վերահաստատում եմ Երևանի և Իլ դը Ֆրանսի միջև առկա ջերմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և ամրապնդելու մեր պատրաստակամությունը: Պետք է արձանագրեմ, որ մեր հարաբերություններում առկա բարձր մակարդակին հնարավոր է եղել հասնել նաև Ֆրանսիայում մեր համայնքի անգնահատելի նվիրման շնորհիվ: Համոզված եղեք, որ մենք միշտ պատրաստակամ ենք հստակ ծրագրերի իրականացման համար: Ես վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանանք զարգացնել ու խորացնել երկու քաղաքների միջև հաստատված կապերը»,- նշել է Երևանի քաղաքապետը:

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն իր խոսքում գոհունակությամբ փաստել է, որ շուրջ քսան տարի առաջ Երևան կատարած իր առաջին այցից հետո զգալի փոփոխություններ է նկատում Հայաստանի մայրաքաղաքում:

 «Ակնհայտ է, որ 28 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, առավել ևս վերջին մի քանի ամսում: Այդ իսկ պատճառով առավել քան խորհրդանշական եմ համարում այսօրվա ճանապարհային քարտեզի ստորագրումը: Պարոն քաղաքապետ, Դուք, իհարկե, ունեք հստակ տեսլական ձեր մայրաքաղաքի համար, և արդեն իսկ տեղեկացել եմ, որ առաջնահերթ խնդիրներից են տրանսպորտի և աղբահանության ոլորտների բարելավումը: Այդ իսկ պատճառով մենք շատ ենք կարևորում այդ երկու թեմաները, և համոզված եմ, որ կգտնենք արդյունավետ լուծումներ:  Երևանն իսկույն արձագանքեց նաև երկու համայնքների ստարտափների ինկուբատորին միանալու առաջարկին, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում: Այն շատ մեծ ցանց է և հնարավորություն է տալիս մուտք գործելու համաշխարհային մակարդակի զանազան շուկաներ»,- նշել է Վալերի Պեկրեսն ու առանձնակի կարևորել համագործակցության խորացումը նաև մշակույթի ոլորտում:

 Երևանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար Հայկ Մարությանը Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am