Պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել մարդկանց բերել այստեղ. Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի նախագահ Վալերի Պեկրեսը խորապես ցնցված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտով և այն պատկերներից, որոնք փակցված են պատերին։ Նա նաև խորապես հասկացել է, ինչ մեծ քանակությամբ քաղաքական ուղերձներ է հղում թանգարանը: Այս մասին Վալերի Պեկրեսը հայտնել է «Արմենպրես»-ի հեր զրույցում։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Հայաստան ժամանած Իլ դը Ֆրանս տարածարջանի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը տիկին Պեկրեսին ներկայացրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Պեկրեսը նաև շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:
Նա նշեց, որ 28 տարի առաջ այցելել է Երևան և առաջին անգամ չէ, որ այցելելում է այս հուշահամալիր, սակայն առաջին անգամ է գտնվել Հայոց ցեղասպանության թանգարանում:
«Խորապես ցնցված եմ այս այցից հետո, մասնավորապես այս թանգարանով: Ցնցված եմ այն պատկերներով, որոնք փակցված են պատերին և խորապես հասկացել եմ, որքան և ինչ մեծ քանակությամբ քաղաքական ուղերձներ է հղում այս թանգարանը»,- նշել է Պեկրեսն «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ հավելելով, «Կարծում եմ, որ պետք է անհապաղ և առանց վարանելու շարունակել մարդկանց բերել Հայաստան, որպեսզի մարդիկ այցելեն ու ճանաչեն այս թանգարանը և իրենց սեփական աչքերով տեսնեն, թե ինչպիսի բարբարոսությամբ, դաժանությամբ և անմարդկայնությամբ է իրականցվել Հայոց ցեղասպանությունը: Մեզ համար` արևմտյան ժողովրդի համար առանձնակիորեն հետևյալն է ցնցող, թե որքան երկրներ տեղյակ էին այն բարբարոսություններից, որոնք տեղի էին ունենում 1915 թվականին, և շատերը գիտակցում էին, թե ինչ է տեղի ունենում, բայց պարզապես անունակ գտնվեցին օգնելու կամ կանխարգելելու այս բարբարոսությունները և այս ցեղասպանությունը: Կարծում եմ, երբ այցելում ես այս թանգարանը դուրս ես գալիս լիովին պապանձված»,- ընդգծեց Պեկրեսը:
Պեկրեսը նաև պատմեց, որ խորապես ցնցվել էր նաև, երբ այցելել էր Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր, որտեղ իրեն ներկայացրեցին, թե ինչպես ֆրանսիացի նավաստիները դեմ գնալով ընթացակարգերին, կարողացան փրկել հայերին:
« Դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան խորնեն ձևավորված հայ-ֆրանսիական հարաբերությունները և որքան մոտ է կանգնել ֆրանսիական ժողովուրդը հայ ժողովրդի կողքին դժվարին պահերին»,- եզրափակեց Պեկրեսը:
Իլ դը Ֆրանս տարածարջանի նախագահը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց:
Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակության կազմում Երևան են ժամանել Իլ դը Ֆրանսի շրջանի ընտրված պաշտոնյաներ, հայկական համայնքի ասոցիացիաների, տնտեսական ոլորտի ներկայացուցիչներ, ձեռնարկատերեր:
Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Երևանի քաղաքապետի հետ, Երևան-Իլ դը_Ֆրանս 2018-2021 թթ.-ի համար ճանապարհային քարտեզի (գործողությունների ծրագրի) ստորագրում, որով նախանշվում են հետագա համագործակցության հիմնական բնագավառները՝ կայուն պլանավորում և քաղաքաշինություն (ուրբանիզմ), նորարարություն և նորագույն տեխնոլոգիաներ մշակույթ, կրթություն և ֆրանկոֆոնիա:
Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք այցելություններ և այլ հանդիպումներ ու քննարկումներ՝ հատկապես գյուղատնտեսության, կայուն զարգացման, ձեռնարկատիրության, նորագույն տեխնոլոգիաների ու ստարտափների ոլորտներում:
Հոկտեմբերի 16-ից 17-ը «Թումո»-Փարիզի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի Փարիզ կատարած այցի շրջանակներում Հայկ Մարությանը հանդիպել էր Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Քննարկվել էին ձեռնարկատիրության, կրթության, մշակույթի և քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներին առնչվող համագործակցության հարցեր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում