Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Դեկտեմբեր

Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ Հանրապետական կուսակցության մասնակցությամբ խորհրդարանը կունենա պրոֆեսիոնալ ընդդիմություն


ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»  խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահեցնում է՝ Հանրապետական կուսակցության ցուցակում այլևս չկան այն կուրյոզ դեմքերը, որոնց համար իրենց մեղադրում էին: Նրա կարծիքով՝ ԱԺ-ում պետք է լինի տեղեկացված ընդդիմություն, իսկ դա իրենց կուսակցությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նման կարծիք հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Կուսակցության ցուցակում կան բավականին նոր մարդիկ՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված: Երիտասարդ դեմքեր շատ կան, և այս իմաստով կուսակցության ցուցակը որոշակի փոփոխություն է կրել: Հիմնականում քաղաքական դեմքեր են ընդգրկված մեր ցուցակում: Այն կուրյոզ դեմքերը, որոնց համար մեզ մեղադրում էին, չկան Հանրապետական կուսակցության ցուցակում: Այդ իմաստով կարծում եմ, որ  կանցնենք խորհրդարան»,- ասաց Եսայանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը չի գլխավորել ցուցակը՝ պատգամավորն ընդգծեց, որ  նախորդ ընտրություններում նա ևս չէր գլխավորել ցուցակը: Կուսակցությունն է այդպիսի որոշում կայացրել:

Եսայանի կարծիքով՝ խորհրդարան անցնելու իրենց շանսերի մասին ընտրողը պետք է խոսի, սակայն կարծում է, որ Հանրապետական կուսակցության մասնակցությունը ճիշտ էր, որպեսզի խորհրդարանում լինի պրոֆեսիոնալ ընդդիմություն, չլինի միակուսակցական համակարգ: «Խորհրդարանում պետք է լինի տեղեկացված ընդդիմություն: Կարծում եմ՝ արտաքին քաղաքական գծում մեզ լուրջ վտանգներ են սպասվում: Այդ իմաստով կարծում եմ, որ պետք է լինի այնպիսի ընդդիմադիր քաղաքական ուժ, որը բավականաչափ տեղեկացված է: Ճիշտ կլինի , որ ՀՀԿ-ն լինի խորհրդարանում, քանի որ հիմա ցուցակում քաղաքական դեմքերը շատ են կամ միայն քաղաքական դեմքեր են: Եվ հաջորդ խորհրդարանի համար կարևոր է նրանց ներկայությունը»,- եզրափակեց Եսայանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ