Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փաշինյանը Արա Բաբլոյանի դերակատարումը ներքաղաքական լարված պահերին գնահատեց բավական կառուցողական և հավասարակշռված

Փաշինյանը Արա Բաբլոյանի դերակատարումը ներքաղաքական լարված պահերին 
գնահատեց բավական կառուցողական և հավասարակշռված

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ, թավշյա բնույթը այդ գործընթացում ներգրավված միայն մեկ կողմի վաստակն ու ձեռքբերումը չէ: Շատ գործընթացներ ԱԺ-ում են ստացել քաղաքական լուծում: Լարված պահերին բավական կառուցողական և հավասարակշռող դերակատարում է ունեցել նաև ԱԺ նախագահը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Շնորհակալություն եմ  հայտնում Արա Բաբլոյանին ԱԺ նախագահի կարգավիճակում նրա գործունեության համար:  Լարված պահերին դուք բավական կառուցողական և հավասարակշռող դերակատարում եք ունեցել: Եվ ես այդ պահվածքը, մոտեցումը շատ բարձր եմ գնահատում: ԱԺ-ում կառավարման,  տնտեսվարման ձևի մեջ  կատարվել են փոփոխություններ, որոնք ես տեսել եմ որպես ԱԺ պատգամավոր»,-ասաց Փաշինյանը:

Արա Բաբլոյանը նկատեց, որ ԱԺ-ի վերջին նիստերն են: Նա հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետի պաշտոնակատարի կարծիքով այս ժամանակում ԱԺ-ն կարողացել է գնահատել, դասեր քաղել և բարեփոխումներ իրականացնել: «Արդյոք դուք կարծում ենք, որ 6-րդ գումարման ԱԺ-ն ինչ-որ նշանակություն ունեցավ մեր երկրի, պատմության համար»,-հարցրեց ԱԺ նախագահ Բաբլոյանը:

«Անկախ գնահատականներից, միանշանակ է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովը պատմական ԱԺ է: Ըստ էության, այսօր և նախկինում էլ շատերն աննախադեպ են համարում այն քաղաքական փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում: Եվ ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ այդ փոփոխությունների խաղաղ, թավշյա բնույթը միայն դրանում ներգրավված մեկ կողմի վաստակն ու ձեռքբերումը չէ: Մենք ի վիճակի եղանք գործընթացները տեղափոխել ԱԺ և այստեղ այդ գործընթացներին տալ քաղաքական լուծում: Ուզում եմ այդ ամենի վերաբերյալ իմ գնահատանքը արտահայտել 6-րդ գումարման ԱԺ-ի, բոլոր պատգամավորների, ԱԺ նախագահի գործունեության վերաբերյալ»,- ասաց նա ու նշեց, որ  այդ առաքելությունը պատմության մեջ դեռ կգնահատվի:

Փաշինյանը նկատեց, որ ուղիղ մեկ տարի եղել է պատգամավոր: «Ինձ համար էլ այս ԱԺ-ն շատ կարևոր է, որովհետև կածում եմ, որ քաղաքական փոփոխությունների բովանդակության մի մասը արտահայտել եմ այս ամբիոնից, որպես պատգամավոր, դեռ 2017-ի ամռանը: Ես այն ժամանակ այս ամբիոնից առաջին անգամ ասացի, որ եթե 2018-ի ապրիլ-մայիսին ժողովուրդը որոշի իր կամքն արտահայտել, մենք կլինենք երաշխավորը, որ այդ կամքը դառնա քաղաքական իրողություն»,-ասաց վարչապետի պաշտոնակատարն ու հավելեց, որ ինքն ուրախ է, որ կարողացել են կատարել ժողովրդի առաջ ստանձնած այդ պարտավորությունը:

 Փաշինյանը բոլոր պատգամավորներին  հաջողություն մաղթեց ընտրություններում, իսկ չմասնակցողներին հաջողություն՝ իրենց հետագա ծրագրերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]