Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

1988 թ. երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք մատուցելու բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ֆելիքս Ցոլակյան

1988 թ. երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք մատուցելու բոլոր միջոցառումները 
կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ֆելիքս Ցոլակյան
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների ու ծառայությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, քաղաքապետեր:

Միջգերատեսչական հանձնաժողովի նիստի մեկնարկին ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ողջունեց նիստի անդամներին և առաջարկեց քննարկումը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի հիշատակը:

Հանձնաժողովի քարտուղարը զեկուցեց կատարված աշխատանքների և վերջնական արդյունքների մասին, ապա սկսվեց քննարկվել դեկտեմբերի 7-ին Գյումրիում անցկացվող միջոցառումների օրակարգը: Նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանը հանձնարարեց վերանայել որոշ միջոցառումներ, հստակեցնել կազմակերպչական հարցերը և պատշաճ կազմակերպել բոլոր անելիքները:

Երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ և այդ օրը նախատեսված համապետական միջոցառումները կներառեն երկրաշարժի զոհերի հիշատակման միջոցառման կազմակերպում, աղետներին դիմակայունության համապետական վարժանք, «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովի անցկացում:

Աշխատանքային խմբերի ղեկավարներն ըստ ուղղությունների ներկայացրեցին միջոցառումների նախապատրաստման և անցկացման հետ կապված ընթացիկ աշխատանքները, անդրադարձան որոշ խնդիրների:

Աղետներին դիմակայունության համապետական վարժանքի շրջանակում Երևան քաղաքում և մարզկենտրոններում կկազմակերպվեն տարհանման ուսումնավարժություններ, տակտիկական և ցուցադրական վարժանքներ, իսկ Սպիտակի երկրաշարժից հետո ստեղծված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորում անցած քաղաքային որոնողափրկարարական թիմերի եռօրյա վարժանքը ևս մեկ հնարավորություն կլինի ցուցադրելու, որ այս տարիների ընթացքում փրկարար ծառայությունը լուրջ ձեռքբերումներ է գրանցել:

Դեկտեմբերի 7-ին երեկոյան նախատեսվում է նաև մշակութային միջոցառում՝ հիշատակի երաժշտական երեկո Գյումրու Սև բերդում:

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանը մեկ անգամ ևս նշեց, որ 1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի զոհերին հարգանքի տուրք մատուցելու բոլոր միջոցառումները հանրապետությունում պետք է կազմակերպվեն բարձր մակարդակով՝ հարգելով զոհերի հարազատների ապրումներն ու հույզերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am