Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Ինձ համար պոեզիան անվերջորեն ինքն իրեն հայելու մեջ նայող հավիտենությունն է». Հովիկ Հովեյան

«Ինձ համար պոեզիան անվերջորեն ինքն իրեն հայելու մեջ նայող հավիտենությունն է». 
Հովիկ Հովեյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, թարգմանիչ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Հովեյանը օրեր առաջ ընթերցասերների դատին  հանձնեց «Անավարտ ցամաք» գիրքը, որում ընդգրկված են նրա բազմամոտիվ ստեղծագործությունները: Նոր գրքի և առհասարակ պոեզիայի շուրջ  «Արմենպրես»-ի  թղթակիցը զրուցել է բանաստեղծի հետ:

- Կխնդրեի մի փոքր ներկայացնել, թե ի՞նչ ստեղծագործություններ եք զետեղել գրքում և ինչպե՞ս են դրանք ծնվել:

-Գիրքը լույս է ընծայել «Հայագիտակ» հրատարակչությունը: Նոր բանաստեղծություններ են, որոնք չեն կրկնվում իմ ուրիշ ժողովածուներում: Նույն հրատարակչությունը տպագել է նաև բանաստեղծություններիս ֆրանսերեն թարգմանությունները՝ «Բառի ալքիմիա» խորագրով: Թարգմանիչներն են Թերեզա Ստեփանյանն ու Գրիգոր Վարդանյանը: Գրքերի վերաբերյալ արձագանք չէր եղել, քանի որ ես հակված չեմ շնորհանդեսների, հակված եմ քննարկումների: Վերջին հաշվով, շնորհանդեսների ժամանակ խնայում են ստեղծագործողին, իսկ ես սիրում եմ քննարկումներ, քննադատական խոսքեր, որովհետև գովաբանությունը կամ խանդավառ խոսքեր ասելը ստեղծագործողին ոչինչ չեն տալիս:

Այնուամենայնիվ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում շուքով կայացավ իմ երկու գրքերի շնորհանդեսը:

Վերջերս մեկնել էի Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցեցի 13-րդ միջազգային գրքի փառատոնին և ներկայացրեցի իմ «Նոյեմբերի ավերակները» ժողովածուն, որը բավականին հետաքրքիր արձագանքներ ունեցավ:

-Ի՞նչն է ձեզ ոգեշնչում ստեղծագործել:

-Ես չեմ կարող ստանդարտ բաներ ասել, թե սիրում եմ իմ հողը, հայրենիքը և այլն: Այդ ոգեշնչումը ամենօրյա աշխատանք է, մասնագիտություն է և կոչում: Չեմ հավատում մուսայական հրեշտակային խմբերի չվերթին, որ անցնում են բանաստեղծների գլխի վրայով, և ծնվում է պոեզիան:

Ինձ համար պոեզիան անվերջորեն ինքն իրեն հայելու մեջ նայող հավիտենությունն է: Պոեզիան այն է, ինչը պոեզիա չէ: Պետք չէ կրկին գրել. «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում»… Հանճարը գրել, անցել է: Պետք է գրել պոեզիա, որը այն չէ, ինչը կա: Առարկայական աշխարհի հետ ոչ մի իրական կապ չունեցող տիեզերական հիշողություն է պոեզիան: Ոչ պրագմատիկ ձևաչափերում գործող  էություն է, և այստեղ ենթագիտակցությունն է, որը հրամայում է ստեղծագործողին կանգ չառնել: Այն չերևացող եթերում է բացարձակի, ակմեի գերակայության մեջ:

-Մի առիթով ասել եք, որ երբեմն գիրքը տպագրելու հաջորդ օրը այն կարդում եք և զգում, որ գուցե շտապել եք, գուցե պետք էր սպասել: «Անավարտ ցամաք» ժողովածուն ընթերցելուց հետո նման զգացողություն ունեցե՞լ եք:

-Այո: Տողեր կան, որ պիտի չլինեին, կապակցություններ կան, որ պակաս են, բանաստեղծություններ կան, որ պետք է ետ ու առաջ լինեին, շարադասության խնդիր կա: Իմ բանաստեղծությունները սոսկական գործեր չեն: Ես չեմ գրում այն, ինչ արդեն կա: Առաջին հինգ գրքերս վատը չէին, և շատ գրախոսականներ գրվեցին դրանց մասին, սակայն ես հասկացա, որ դրանց օրիգինալներն ավելի հետաքրքիր են: Այնտեղ կային Սայաթ-Նովա, Չարենց, Թումանյան, Սահյան, Կապուտիկյան և նույնիսկ Բաղդասար Դպիր: Ամեն օր դու պիտի փոփոխվես ոչ թե հանուն փոփոխության, քանի որ ամեն նորը չէ, որ լավ է, այլ պետք է փոփոխվես հանուն պրոֆեսիոնալ արվեստի: Պոեզիան մշակույթի արյունն է, ինչպես ծովերն են մոլորակի արյունը:  Պոեզիան իրականության հետ իսկապես կապ չունի: Եթե կրոնն ու լեզուն մեր իրականության հապավումներն են, ապա պոեզիան մեր իրականության ինտենսիֆիկացիան է: Այն արվեստի հավասարակշռությունը պահող կենտրոն է:

- Գրականագետներից մեկը ձեր մասին ասել է, որ դուք սերունդների խաչմերուկում եք: Մի ոտքով դասական եք, մյուսով` ժամանակակից և ավանգարդ…

-Ես կարող եմ նաև փոփ-արտ գրել:

-Պարոն Հովեյան, դուք բազմաթիվ ակնարկների, խոհագրությունների հեղինակ եք, ձեր սցենարների հիման վրա վավերագրական ֆիլմեր են նկարահանվել: Երբևէ մտածե՞լ եք վեպ գրելու մասին:

-Երբեք: Չեմ ցանկացել մտնել այլ տարածք: Չեմ հարգում այն ստեղծագործողին, արհեստավարժին, որը և՛ դրամատուրգ է, և՛ քանդակագործ է, և՛ գեղանկարիչ է, և՛ պարող է, և՛ ասմունքող է, և՛ երաժիշտ է: «Բառի ալքիմիա» գրքի առաջաբանում  Գրիգոր Վարդանյանը գրել էր, որ ես նաև երաժիշտ եմ: Դրանից շատ վատ զգացի: Այո՛, ես ջութակի դասարանն եմ ավարտել, երգչախմբերում երգել եմ, նվագում եմ կիթառ, աշխատել եմ ջազային նվագախմբերում, տրոմբոն եմ նվագել, դաշնամուր, բայց ես սիրող երաժիշտ եմ: Չի կարելի գրել, որ ես երաժիշտ եմ: Ինչ վերաբերում է գրելուն,   անընդհատ գնում եմ դեպի բանաստեղծությունը ու չեմ հասնում դրան: Ես չգիտեմ՝ անգամ վաղը կամ մյուս օրը գրողների շարքում դասվելո՞ւ եմ, թե ոչ, քանի որ դա տրված է ժամանակի դատավարությանը:

-Նկատել եմ, որ պոեզիայի նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը մեծացել է: Շատերն են գրում և հրատարակվում: Ըստ ձեզ` այսօր պոեզիան ի՞նչ կշիռ ունի հասարակական գիտակցության մեջ:

-Շնորհալի ժողովուրդ ենք… Մենք երբեմն մեզ ասում ենք տաղանդավոր, հանճարեղ և այլն, «մերն ուրիշ է», բայց դա նրանից է, որ մենք չենք ճանաչում ուրիշի մշակույթը: Չիմանալով այդ մշակույթը` չենք սիրում այն, չսիրելով այդ մշակույթը` շարունակում ենք ատել և մնում ենք մեր քառակուսի գնդակի տարածքում: Այդ գնդակը մեզ ժառանգաբար է հասել և այն չունի արյան գնդիկի բացարձակ տիեզերական մաս լինելու հնարավորություն: Ես երազում եմ, որ մեր մշակույթը արյան գնդիկի ձևաչափն ունենա:

Գրիգոր Նարեկացու մասին սարսուռով, վախով և ակնածանքով եմ խոսում, քանի որ չեմ հասկանում նրան: Նա մեծություն է, և ես չեմ հավատա այն մարդուն, ով կասի, թե հասկացել է Նարեկացուն: Կերպարվեստում՝ Հիերոնիմոս Բոսխ: Նա այնպես է նկարել հարյուրավոր տարիներ առաջ, որ 25-րդ դարում էլ չեն կարողանա նրա պես նկարել: Լեոնարդո  դա Վինչի՝ տիեզերական ուժ ունեցող մարդ: Նա մշակույթի մարդ չէ, նա լույս է: Հետո՝ Բախ, Ռեմբրանդտ, Բորխես, մինչ նա՝ Ուիլյամ Բլեյք, Սայաթ-Նովա, Չարենց, Կոմիտաս, որը նույնպես լույս է, կոմպոզիտորների հայրը, Թումանյան: Ընդունենք, որ նրանք մշակույթի սյուներն են, որոնց վրա հենվում է տանիքը: Այն և՛ մերն է, և՛ օտարինը, և դու արդեն կարող ես կանգնել այդ տանիքին, տեսնել քո նոր, երկրորդ արևը, լուսինը: Նման հենասյուները շատ են: Ես մի քանիսին թվարկեցի:

-Ի՞նչ ծրագրեր ունեք հեռանկարում: Աշխատո՞ւմ եք նոր ստեղծագործությունների վրա:

- Նոր գիրք եմ գրում: 17-ից ավելի փաստագրական ֆիլմերի տեքստերի և սցենարների հեղինակ եմ, գրել եմ հոդվածներ, որոնք խոսակցության առիթ են դարձել, քանի որ ես պատահական չեմ գրում: Ինչ վերաբերում է դրամատուրգիային կամ արձակին, դա ամեն մարդու բանը չէ: Չնայած իմ գրչընկերներն ասում են` պոեզիան ամենաբարդն է, բայց ես գտնում եմ, որ արձակ գրելու համար հազար տարվա կյանք պետք է ապրել: Ամենաբարդ գործը մանկական, երգիծական գրականություն ստեղծելն է և դրամատուրգիան:

Նոր գիրքս դեռ վերնագրված չէ: Վերնագիր ընտրելը դժվար գործ է: Կարծում եմ` նոր գիրքս ավելի հետաքրքիր կլինի: Միայն նոր բանաստեղծություններ են ընդգրկվելու դրանում: Հավանաբար, այն լույս կտեսնի մեկ կամ երկու տարուց: Ես երկար եմ աշխատում, անընդհատ վերընթերցում եմ, փոխում եմ, հանում եմ որոշ բաներ…

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]