Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զեյնալյանն անդրադարձել է համաներումը ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների վրա տարածելու որոշման շուրջ հնչող քննադատություններին

Զեյնալյանն անդրադարձել է համաներումը ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի 
անդամների վրա տարածելու որոշման շուրջ հնչող քննադատություններին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է քրեական գործերով համաներումը ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամների վրա տարածելու որոշման շուրջ քննադատություններին:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում Արտակ Զեյնալյանը, անդրադառնալով համաներումը նաև ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների վրա տարածելու որոշման շուրջ քննադատություններին, ընդգծեց, որ Հայաստանում առաջին անգամը չէ, որ կիրառվում է այդ տիպի համաներում:  «Հիշում եք 2009թ. համաներումը մարտի 1-ի դեպքերի ամբաստանյալների և մեղադրյալների նկատմամբ: Այսինքն, սա նորություն չէ, որ իրականացվել է: Եթե խոսքը գնում է տարբերակված մոտեցման մասին, ապա օրինաչափ վարքագիծը կամ օրինաչափ իրավունքը նախատեսված է քրեական օրենսգրքով, քրեակատարողական իրավական ակտերով: Սա ամբողջությամբ բացառություն է, ամբողջությամբ տարբերակված մոտեցում է: Համաներման ակտը տարբերակված մոտեցումների համախումբ է, սա իրավունք չէ, սա պետության կողմից պարտականություն չէ, որ պետք է ի կատար ածել: Ինչպես արդեն հնչեցրել եմ, սա շնորհ է, արտոնություն է, և արտոնությունը պետությունն իրականացնում է իր հայեցողությունների, իր հնարավորությունների շրջանակներում, հասարակությունից ստացած քաղաքական պատվերի շրջանակներում, հանձնարարության շրջանակներում»,- մանրամասնեց Զեյնալյանը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ այստեղ կա իրավունքների հավասարակշռություն: «Եթե նկատեցիք, մենք բազմաթիվ կետերում այդ հավասարակշռությունը փորձել ենք ապահովել, բոլոր շահառուների, այդ թվում նաև՝ մրցակցող շահերի պայմաններում: Նախատեսել ենք նաև սպանվածների, պատանդառուների և մարմնական վնաս կրած անձանց իրավունքների պաշտպանությունը: Եթե նրանք առարկեն, ապա այս համաներումը չի կիրառվի: Մենք չենք կարող անտեսել նաև նրանց իրավունքները: Այս համաներման ակտը այդպիսի հավասարակշռություններով, այդպիսի տարբերակված մոտեցումների կամայականությունների կամ անարդար ընկալվելու բազմաթիվ երաշխիքներ է պարունակում՝ ի տարբերություն շատ այլ համաներման ակտերի: Մենք փորձել ենք սա մաքսիմալ հավասարակշռել»,- ընդգծեց Զեյնալյանը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ սա իրավունք չէ, սա արտոնություն է:

Զեյնալյանն ասաց նաև, որ համաներման ակտն արդեն օբյեկտիվ իրականություն է, դրա օգտին քվեարկել է Ազգային ժողովի 75 պատգամավոր, և նախագահի կողմից ստորագրվելուց հետո կիրականացվի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]